Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը շարունակեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ դատաքննությունը ընթանում է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություններ կիրառելու հոդվածներով:
Փաշինյանի պաշտպանական կողմը այս անգամ բացարկ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում մեղադրանքը պաշտպանող վարչության դատախազ, մեղադրող Կորյուն Փիլոյանին՝ հայտնելով, որ նա շահագրգռված է գործի ելքով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը անցավ խորհրդակցական սենյակ՝ բացարկի ճակատագիրը լուծելու համար: