Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Բարոյական վնասի հատուցման ինստիտուտը չի գործում

\"\"Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, նախորդ օրը լսվեց եւ ավարտվեց Դավիթ Եղինյանի հայցը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, այս գործով իբրեւ երրորդ անձ ներգրավված ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության եւ ՀՀ գլխավոր դատախազության:

Նախապատությունը հետեւյալն է. 2004թ. մայիսի 19-ին Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ ՊՆ թիվ 15668 զորամասի երրորդ պահպանման դասակի հրամանատար, շարքային Դավիթ Եղինյանի կողմից զորամասն ինքնակամ թողնելու փաստի առթիվ: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ 2007թ. նոյեմբերի 23-ին Դ. Եղինյանը ձերբակալվել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: 2008թ. ապրիլի 22-ին Դավիթին տեղափոխել են ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ: Դ. Եղինյանին Հյուսիսային քրեական դատարանը դատապարտում է 1 տարի ազատազրկման: Սակայն նա դատավճռով նախատեսված պատիժը 90 օր ավելի է կրում:

Համաձայն Սահմանադրության 16 հոդվածի 4-րդ մասի եւ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ մասի, Դ. Եղինյանը 90 օր ապօրինի կալանքի տակ գտնվելու համար պատճառված վնասի հատուցման իրավունք ուներ: Ըստ նշված կոնվենցիայի նշված հոդվածի՝ «Յուրաքանչյուր ոք, ով ի խախտումն սույն հոդվածի դրույթների՝ ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:

Ըստ Դ. Եղինյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի դատարան ներկայացրած հայցադիմումի, 90 օր ապօրինի կալանքի տակ գտնվելու համար պատճառված վնասի հատուցման պարտավորությունը կրելու էր Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության եւ դատարանի պաշտոնատար անձանց մեղքով: Ի դեպ, պաշտպանը նշել էր նաեւ, որ «Հայաստանի Հանրապետությունում չկա նախադեպային դատական ակտ, թե ինչ չափով պետք է փոխհատուցվի ապօրինի կալանք կրելու դիմաց պատճառված բարոյական վնասը»:

«Առավոտի» դիտարկմամբ, առաջին անգամ առաջին ատյանի դատարանում որպես լրացուցիչ ապացույց ներկայացվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային գործերը (սովորաբար, պաշտպանները իրենց մարտավարությունը կառուցում են այնպես, որ վճռաբեկ կամ վերաքննիչ դատարաններում են հիշատակում նախադեպերը): Մասնավորապես, Դ. Եղինյանն իր հայցում որպես հիմնավորում նշել էր «Նախմանովիչն ընդդեմ Ռուսաստանի» (փոխհատուցումը կազմել է 15 000 եվրո), «Ժեսուսն ընդդեմ Լիտվայի» (բարոյական վնասը կազմել է 60 000 լիտվական լիտա: 1 լիտան համարժեք է 125.13 ՀՀ դրամին) գործերը:

Դ. Եղինյանը Հայաստանի Հանրապետության բյուջեից պահանջում էր 6 948 000 ՀՀ դրամ, որը համարժեք է 16 000 եվրոյին:

Պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարությունը առարկեց հայցվորի պահանջի դեմ: Նախարարությունը, որը ծանոթացել էր ԵԴ նախադեպային որոշումներին, ակնարկեց, որ «Ժեսուսն ընդդեմ Լիտվայի» գործը չի կարելի համեմատել «մերինի» հետ: Ժեսուսը մեղադրվել է սպանության համար, 16 ամիս ապօրինի պահվել կալանքի տակ եւ հետագայում ներպետական իրավունքի շրջանակներում արդարացվել է, իսկ Դ. Եղինյանը, ըստ ֆինանսների նախարարության, 1 տարվա ազատազրկման է դատապարտվել զորամասն ինքնակամ լքելու համար:

Պատասխանող նախարարությունը գտնում էր, որ հայցվորը չի նշել, թե կոնկրետ ինչպիսի վնասներ է կրել, չի նշել չստացված եկամուտների մասին, իսկ բարոյական վնասի փոխհատուցման պահանջն անհիմն է, քանի որ ՀՀ օրենսդրությամբ չի ներառվում վնասների հասկացության մեջ:

Մի ինքնատիպ առաջարկ էր ներկայացրել պատասխանող կողմը. «Բարոյական վնասի հատուցում է համարվում ներողության ինստիտուտի կիրառումը: Հետեւաբար, սույն քաղաքացիական գործով որպես բարոյական վնասի հատուցման տեսակ կարող է հանդիսանալ համապատասխան լիազորված պետական մարմնի կողմից ԶԼՄ-ների միջոցով ներողություն հայտնելը»:

Չնայած ակնհայտ փաստին, որ Դ. Եղինյանը իրոք 90 օր ապօրին է կրել պատիժը, եւ որեւէ պետական կառույց անգամ ներողություն չի խնդրել քաղաքացուց, դատարանը մերժեց Դ. Եղինյանի հանցագործության հետեւանքով պատճառված վնասի պահանջի մասին հայցադիմումը, պատճառաբանելով, որ հայցվորի կողմից չի ներկայացվել ոչ մի ապացույց, որը կհիմնավորեր դատարան ներկայացված հայցապահանջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել