Դեռեւս 2 ամիս առաջ, մարզխորհրդի նիստերից մեկի ժամանակ, ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը Աշոցքի ու Ամասիայի գյուղերի գյուղապետերին աչքալուսանք տվեց՝ տեղեկացնելով, որ այսուհետեւ հեռավոր գյուղերի բնակիչներն առանց որեւէ խնդրի կարող են զարգացնել իրենց գյուղատնտեսությունը՝ օգտվելով կառավարության նախատեսած զրո տոկոս վարկերից: Նախարարը կես ժամից ավելի ելույթ ունեցավ այս թեմայով՝ գյուղապետերին համոզելով, թե կառավարությունը ինչքան մեծ գործ է անում ու ինչքան է մտահոգված գյուղացիների ճակատագրով: Մարզպետարանի չինովնիկներն էլ, շարունակելով գյուղնախարարի խոսքը, լրատվամիջոցներին խնդրեցին հատուկ ուշադրություն դարձնել թեմայի լուսաբանմանը, «լավություն անել» ու այս մասին իրազեկել գյուղացիներին:
Օրերս պարզ դարձավ, որ այդպիսի ծրագիր իրականում չկա, նույնիսկ վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ հեռավոր գյուղերի գյուղապետերը ոտքի կանգնեցին ու մարզպետ Լիդա Նանյանին հարց ուղղեցին. «Հարգելիս, գուցե դուք ասեք, թե ո՞ր բանկից կարող ենք օգտվել, ախր էդպիսի բան չկա, ուր գնում ենք՝ զարմացած երեսներիս են նայում ու դուրս անում»: