Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի եղբայրը՝ փոխմարզպե՞տ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Վարդան Ղուկասյանը ծրագրել է եղբորը փոխմարզպետ դարձնել

Շիրակի հանրապետական փոխմարզպետ Միքայել Վարդանյանի մահից հետո Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակը որոշում էր կայացրել այս պաշտոնում առաջադրել կարկառուն հանրապետական Բորիս Ալեքսանովի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Միքայել Վարդանյանից առաջ փոխմարզպետի պաշտոնը հենց Ալեքսանովն էր զբաղեցնում, որին, սակայն, հեռացրին՝ աշխատանքում նկատվող որոշակի թերությունների, մասնավորապես՝ բնակբաշխման հետ կապված:

«Առավոտին» հասած տեղեկություններով, կուսակցության այս որոշումը դուր չի եկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն է: Օրերս արտերկրյա բուժումից վերադառնալուց հետո, քաղաքապետը որոշել է հարցը նորից քննարկել՝ պատճառաբանելով, որ հանրապետականները որոշում են կայացրել առանց իր համաձայնության: Ըստ որոշ հանրապետականների, վերաքննարկման պատճառն այն է, որ քաղաքապետը փոխմարզպետի պաշտոնում ցանկություն ունի տեսնել իր ավագ եղբորը՝ Գեւորգ Ղուկասյանին: Նա զբաղեցնում էր քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներից մեկի՝ բնակվարչության պետի պաշտոնը: Քաղաքապետը եղբորը պաշտոնանկ անելով ու հոր աթոռը որդուն՝ Կոլյա Ղուկասյանին նվիրելուց հետո, մտածում է ավելի լուրջ պաշտոնների եւ, որ ամենակարեւորն է՝ Ղուկասյանների լծակները մեծացնելու մասին: Ի դեպ, քաղաքապետը տարիներ առաջ իր եղբորը փորձեց տեղավորել քաղծառայության համակարգում, մասնավորապես՝ Գյումրիի կադաստրում, սակայն չստացվեց, քանի որ վերեւներից կադաստրի պետի պաշտոնում պահանջեցին այնպիսի մարդու, որը այդ համակարգում փորձառու էր: Թե որքանով կստացվի Վարդան Ղուկասյանի այս մի մտադրությունը, դեռեւս անհայտ է, քանի որ այստեղ անհրաժեշտ է նաեւ մարզպետի՝ Լիդա Նանյանի «դաբրոն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել