Հայ-թուրքական սահմանի բացումը միջազգային շուկա դուրս գալու լավ հնարավորություն է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ ներկայացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը: Նրա խոսքով, սահմանի բացման դեպքում իրենք թուրք գործընկերների հետ համագործակցության մասին քննարկումներ կկազմակերպեն եւ կանդրադառնան Կարս-Գյումրի երկաթգծի շահագործմանը: Պարոն Շայդուլինի համոզմամբ, աահմանի բացումը ընկերության համար կապահովի Եվրոպա-Կովկաս-Ասիա ուղղությունները եւ կապահովի մուտք դեպի եվրոպական շուկաներ:
Պարոն Շայդուլինի խոսքով, չնայած տնտեսական ճգնաժամին, ընկերությունն այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, ձեռքբերումներ է արձանագրել. հանրապետության ներսում իրականացվող փոխադրումները աճել են 34%-ով: Զարգացման դրական քայլ են արձանագրել նաեւ ուղեւորափոխադրումների ոլորտում.
«Ուղեւորների փոխադրումը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 43%-ով: Միայն ներքին ուղեւորափոխադրումը աճել է 36%-ով, իսկ ամառային ամիսներին Բաթում մեկնողների թիվը 2,5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին»: Պարոն Շայդուլինը նշեց նաեւ, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում ընկերությունն ունեցել է նաեւ կորուստներ: Նախորդ տարվա համեմատությամբ՝ արտահանման ծավալները նվազել են մոտ 50%-ով: Շ. Շայդուլինը նշեց նաեւ, որ հայ-թուրքական սահմանին գտնվող «Ախուրյան» կայարանի բացումը կկայանա արդեն 1 ամսից: Ներկայումս իրականացվում են ճանապարհների վերանորոգման եւ վերականգնողական այլ աշխատանքներ: