Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել են 1,8 միլիարդ դրամը փոշիացնել

Հոկտեմբեր 22,2009 00:00

Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը բացահայտեց այն, ինչ փորձել էին թաքցնել տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակիցները:

Վերջին ամիսներին տարբեր վերահսկողական ծառայությունների կողմից մի շարք բացահայտումներ եղան այն մասին, որ պետական բյուջեի գումարները նպատակային չեն ծախսվում՝ մեծ վնասներ հասցնելով առանց այդ էլ տնտեսական ճգնաժամից տուժած պետբյուջեին: Օրերս էլ, ստուգումներ իրականացնելով ճանապարհաշինության ոլորտում, ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը բացահայտեց, որ հանրապետության 26 ճանապարհների շինարարության համար տրանսպորտի եւ կապի նախարարության մասնագետները որպես նվազագույն ծախս հաշվարկել էին 6,8 միլիարդ դրամը, մինչդեռ այդ աշխատանքները հնարավոր էր իրականացնել ընդամենը 5 միլիարդ դրամով:

Սա այնքան էր զայրացրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ նա կառավարության նիստում, հրապարակավ, բավականին չոր տոնով դիմելով նախարար Գուրգեն Սարգսյանին՝ հիշեցրեց, որ ժամանակին խնդիր էր դրված ճանապարհաշինության համար հատկացված 6,8 մլրդ դրամը կրճատել, սակայն նախարարության մասնագետները նույնիսկ այդ գումարը քիչ են համարել: «Պարոն Սարգսյան, ես ձեզ հանձնարարում եմ, որ դուք ձեր անմիջական հսկողության տակ վերցնեք այս հարցը, որ մի լումա այստեղից չփոշիանա: Վերահսկողությունը խստագույնս շարունակվելու է: Պետք է հրաժարվել այն բոլոր ավանդույթներից, որ շինարարների միջավայրում ձեւավորվել են: «Ատկատների» մասին է խոսքը, ձեր «Ճանշինի» պրոբլեմների մասին է խոսքը: Բազմաթիվ բացահայտումներ են կատարվել: Մենք հիմա այս աշխատանքներն ավարտելու ենք ոչ թե 6,8, այլ 5 մլրդ դրամով: Եվ այս խիստ ռեժիմը պահպանվելու է մինչեւ վերջ: Եվ մենք պարբերաբար ենք մտնելու ստուգման՝ ե՛ւ ձեզ համար անսպասելի, ե՛ւ շինարարների համար: Այս իրավիճակում այդտեղից ֆինանսական միջոցներ փոշիացնելը ես չեմ կարողանում նույնիսկ գնահատել, թե ինչ է նշանակում: Ի՞նչ են մտածում այնտեղ նստած մեծ գումար պահանջող մարդիկ: Չէ՞ որ տրանսպորտի եւ կապի նախարարին էր հանձնարարված կրճատել ծախսերը»,- ասաց վարչապետը՝ նախարարին հիշեցնելով, որ այդ գումարները տրվել են ծանր պայմաններում՝ ռուսական թանկ վարկային միջոցների հաշվին:

«Առավոտը» փորձեց նախարարությունից «փոշիացած» գումարների մասով պարզաբանումներ ստանալ, սակայն լրատվական ծառայության ղեկավար Սուսաննա Տոնոյանը, նախարարության որեւէ պաշտոնյայի պարզաբանումը մեզ փոխանցելու փոխարեն, միայն ասաց. «Մենք չենք բացառում, որ թերություններ իսկապես կան: Վարչապետը հանձնարարել է, որ նախարարն անձամբ վերահսկի այդ ճանապարհների շինարարությունը»: Ստացվում է, որ Գ. Սարգսյանը մինչ այսօր մատների արանքով է նայել անմիջականորեն իր ղեկավարությամբ գործող ոլորտին եւ միայն վարչապետի հանձնարարությունից հետո է հիշել, որ ոլորտի վերահսկողությունը իր պարտականությունների մեջ է մտնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել