Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԿ Է ՏԱԼԻՍ՝ ԲԻԶՆԵՍՈՒՄ «ՓԱՅ ՄՏՆԵԼՈՒ» ՊԱՅՄԱՆՈՎ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Գործարարների կարծիքով, պետական աջակցությունն իրականացնելու համար, մեր պետությունը սխալ կառույց է ընտրել. խոսքը ՓՄՁ ԶԱԿ-ի մասին է:

Տնտեսական ճգնաժամի պայմաններում դժվար իրավիճակում հայտնված Փոքր եւ միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) աջակցելու համար, կառավարությունում ստեղծվեց օպերատիվ շտաբ՝ վերջիններիս ցածր տոկոսադրույքով վարկավորելու համար:

Կառավարության կայք-էջում տեղադրված է այն ընկերությունների ցանկը, որոնց նախագծերը հավանության են արժանացել օպերատիվ շտաբի կողմից: Այդ ցանկը խիստ սահմանափակ է, նման պատվի է արժանացել ընդամենը 24 ընկերություն, եւս 16-ի բիզնես-նախագծերը քննարկվում են ՓՄՁ զարգացմանն աջակցության կենտրոնի (ԶԱԿ) կողմից, որի միջոցով էլ բաշխվում են վարկային միջոցները: Թեեւ այդ ընկերություններին հաջողվել է իրենց ծրագրերով գոհացնել օպերատիվ շտաբին, բայց դա դեռեւս չի նշանակում, որ նրանք ստացել են կամ կստանան ակնկալվող վարկերը: Մի քանի ընկերությունների էլ վարկերը տրվել են նույնքան տոկոսադրույքով, որքանով տրամադրվում է գրեթե ցանկացած առեւտրային բանկի կամ վարկային կազմակերպության կողմից:

Նշենք, որ ՓՄՁ ԶԱԿ-ին նախորդ տարի միայն պետբյուջեից հատկացվել է 450 միլիոն դրամ, բացի այդ, ներգրավվել են նաեւ միջոցներ՝ միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում: Օժանդակություն ստացած տնտեսվարողներին տրամադրված վարկի միջին գումարը կազմել է 7 միլիոն դրամ, իսկ տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը եղել է 15%:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, «Հայէկոնոմբանկը» արտադրական ոլորտի ձեռնարկություններին տրամադրում է վարկեր՝ 12-14% տարեկան տոկոսադրույքով, «Հայբիզնեսբանկի» կողմից տրամադրված բիզնես-վարկերի տոկոսադրույքը եւս սկսվում է 12%-ից, «Զարգացման հայկական բանկը» գործարարներին վարկավորում է նվազագույնը՝ 12%-ով, «ՎՏԲ Հայաստան» բանկը՝ 13%-ով, «Պրոմեթեյ բանկը»՝ 13-15% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, ի տարբերություն ԶԱԿ-ի, որի կողմից այս կամ այն տնտեսվարողի բիզնես-ծրագրին դրական կամ բացասական պատասխան տալը շատ դեպքերում տեւում է մի քանի ամիս, բանկերը, որպես կանոն, վարկավորումն իրականացնում են բավականին սահմանափակ ժամկետներում: Ստացվում է, որ ցանկացած գործարարի ավելի ձեռնտու է վարկ ստանալ բանկից, քան այն խնդրել պետությունից: Նման բարձր տոկոսադրույքները գուցե ձեռնտու են արագընթաց առեւտրային գործառնությունների համար, բայց դրանք չեն կարող նպաստել ՓՄՁ-ի զարգացմանն ու առավել եւս օգնել՝ նոր արտադրության կազմակերպմանը:

«Առավոտը» զրուցեց մի քանի ընկերությունների ղեկավարների հետ՝ պարզելու, թե որքանով է վարկավորումն օգնել նրանց՝ հաղթահարելու ճգնաժամը: Որպես կանոն, նրանցից շատերը նշում էին, որ «ցանկալի կլիներ՝ պետական աջակցությունը իրականացվեր ճիշտ կառույցի միջոցով»:

«Մէգա Արարատ» ընկերությունը, որի բիզնես-նախագիծը եւս արժանացել է հավանության, դեռեւս աջակցություն չի ստացել: Նշենք, որ «Մէգա Արարատը» զբաղվում է տարբեր տեսակի թեյերի արտադրությամբ եւ բիզնես-նախագծում նշել է, որ անհրաժեշտ է 161 մլն դրամի ներդրում: Ընկերության տնօրեն Մխիթար Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պետության ներկայացուցիչ ԶԱԿ-ը պետք է ներդրում կատարեր իրենց ընկերությունում, բայց քանի որ պայմանները խիստ տարբեր են եղել նախնական պայմանավորվածությունից, համագործակցությունը չի կայացել: Ըստ Մ. Մաթեւոսյանի, նախնական պայմանավորվածությամբ, ԶԱԿ-ի դիվիդենդները պետք է լինեին առավելագույնը 25%, բայց հետագայում ՓՄՁ ԶԱԿ-ը տեղեկացրել է, որ դրանք չպետք է պակաս լինեն 55%-ից:

Կաթի վերամշակմամբ զբաղվող «Դայկալատ» ընկերության տնօրեն Գագիկ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ վարկն իրենց ընկերությանը տրամադրվել է 16 % տոկոսադրույքով:

«Առավոտը» մի քանի անգամ արդեն անդրադարձել է ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տնտեսվարողների վարկավորման խնդրին: Մեզ հետ զրույցում ընկերություններից մեկի՝ «Կոնսեր» ընկերության սեփականատեր Համլետ Ավագյանն էլ նշել էր, որ երկար-բարակ քաշքշուկից հետո, անկախ գնահատողի կողմից $5 մլն գնահատված գործարանը պետությունը գնահատել է $2,5 մլն եւ նրան տրամադրել ընդամենը $1 մլն՝ 12% տարեկան տոկոսադրույքով, ինչը, ըստ պարոն Ավագյանի, գյուղատնտեսության զարգացման համար խիստ բարձր տոկոսադրույք է:

Ի պատասխան մեր հարցին, «Հագենաս» ընկերության տնօրեն Խաչիկ Գեւորգյանը շտապեց պատասխանել. «Ես ոչ մի իշխանական կուսակցության մեջ չկամ, բայց, զարմանալիորեն, իրոք, առանց միջնորդության ես հաղթել եմ: Մենք առայժմ վարկը չենք ստացել, բայց գործը ընթանում է իր հունով, երեւի նոյեմբերին արդեն կստանանք, բայց թե ի՞նչ տոկոսադրույքով՝ դեռ չեմ կարող ասել»:

ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության հետ կապված հարցերով «Առավոտը» 3 շաբաթ առաջ հարցազրույց խնդրեց կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանից: Չնայած մեր պարբերաբար հիշեցումներին՝ մինչ այսօր պարոն Կարապետյանը չի արձագանքել «Առավոտին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել