«Իմ հայտը դուրս է զուտ կուսակցական եւ ընդդիմադիր ձեւաչափից եւ ավելի տարողունակ օրակարգ ունի»,- ասված է Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի երեկ տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ վերջինս պատրաստվում է մասնակցել Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին նշանակված խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին: Նա համարում է, որ այս ընտրատարածքի նախկին պատգամավորը՝ Խաչատուր Սուքիասյանը, լավագույնս էր ներկայացնում ընտրատարածքի ընտրողների շահերը, ուստի՝ հարգում է պատգամավորական մանդատից հրաժարվելու նրա որոշումը: «Այս ընտրարշավին մասնակցելու եմ «Բաց Հայաստան» քաղաքական ծրագրով, ինչը ենթադրում է՝ հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատում, երկրի ապագաղութացման եւ ինքնակազմակերպման խնդիրների լուծում, Հայաստանում համաշխարհային համատեքստին համահունչ համակարգի ստեղծում, պետության մրցունակության բարձրացում, երկրի ներսում մրցակցային միջավայրի ձեւավորում: Որպես այս հայտարարության գլխավոր պահանջ՝ ակնկալում եմ բոլոր քաղբանտարկյալների պարտադիր ազատ արձակումը»,- ասված է հայտարարության մեջ: Սուրենյանցի կարծիքով՝ իր քաղաքական բազմամյա կենսագրությունը հիմք է տալիս ակնկալելու, որ ստանալու է ընդդիմադիր ուժերի մեծամասնության աջակցությունը. «Իմ դաշնակիցը կարող են լինել նաեւ իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր թեեւ դեմ են իշխանափոխությանը, սակայն հրամայական են համարում նոր, բաց համակարգի ձեւավորումը»: Նա վստահ է, որ արդար ընտրությունների պարագայում իր հաղթանակը կասկած չի հարուցում: Միեւնույն ժամանակ՝ պատրաստ է սեղմել ցանկացած թեկնածուի ձեռքը, ով հաղթանակը կվաստակի ազատ մրցակցության արդյունքում: Օրինական ընտրությունների անցկացումը Սուրենյանցը համարում է իր քաղաքական, քաղաքացիական հայտի գլխավոր առաքելությունը:
Ի դեպ, Սուրենյանցի կուսակցական ընկերները տեղյակ են նրա որոշմանը, իսկ վերաբերմունք կարտահայտեն հետագայում: «Մենք կապ չունենք այդ առաջադրման հետ: ՀԱԿ-ը ընտրություններին չի մասնակցում, եւ պաշտպանում ենք միայն այն դեպքերը, որոնք կապված են օրինականությունը եւ իրավունքները վերականգնելու հետ»,- Սուրենյանցի առաջադրման առիթով երեկ «Ա1+»-ին ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: