Լրահոս
Օրվա լրահոսը

«16-ԱՄՅԱ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ԿԱՐԾԵՍ ՉԻ ԵՂԵԼ»

Հոկտեմբեր 22,2009 00:00

\"\"Տարակուսում է ԱԺ նախկին նախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը

– Հայ-թուրքական մերձեցումների եւ համատեղ արձանագրությունների վերաբերյալ ձեր մտահոգությունները եւ անհանգստությունները հնչեցրիք այս թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, մի շարք հոդվածներում, սակայն մի՞թե դուք եւս համամիտ չեք, որ հարեւանների հետ հարկավոր է նորմալ հարաբերություններ ունենալ, չի կարելի, չէ՞, պատ շարել եւ չշփվել անմիջական հարեւանի հետ:

– Նախ, ուզում եմ մեկ ճշտում անել. մտահոգությունների եւ վտանգների մասին, ի տարբերություն շատ-շատերի, ես խոսել եւ գրել եմ դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերից: Դժբախտաբար, հետագա բոլոր զարգացումները հաստատեցին այդ մտահոգությունները, որոնք արձանագրությունների ստորագրումով եւ մադրիդյան սկզբունքների հրապարակումով վերածվել են լուրջ վտանգների: Ձեր հարցադրումը շատ նման է իշխանությունների հարցադրմանը: Իհարկե, ցանկացած ողջամիտ մարդ չի կարող կողմ չլինել հարեւան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը: Բայց խնդիրը բոլորովին այլ է. ստորագրված արձանագրություններն ինչքանո՞վ են համապատասխանում առկա խնդիրներին եւ արդյոք տեղավորվո՞ւմ են հայտնի սկզբունքների եւ արժեքների շրջանակներում: Շատ կարճ եթե ձեւակերպենք հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման գործընթացի էությունը, ապա այն հետեւյալն է: Գոյություն ունի երեք հիմնախնդիր՝ Հայաստանի 16-ամյա շրջափակում, Ցեղասպանության հարց եւ որպես ցեղասպանության հետեւանք՝ Արեւմտյան Հայաստանի հայերի հայրենազրկումը: Ակնհայտ է, որ երեք խնդիրներն էլ հետեւանք են Թուրքիայի ագրեսիայի, եւ տուժող կողմը հայությունն է, մինչդեռ լուծումները, որոնք առաջարկում են արձանագրությունները, սոսկ Թուրքիայի շահերից են բխում: Ավելին, ժամանակին Թուրքիան, սկսելով Հայաստանի շրջափակումը, ձեւակերպեց երեք նախապայման: Դրանցից մեկը արձանագրությունների մեջ տեղ է գտել՝ սահմանների ճանաչումը, երկրորդը՝ Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի սառեցումն էր: Արդեն մեկ տարի դա փաստ է, որեւէ երկիր չի ցանկանում միջամտել բանակցություններին: Ենթահանձնաժողովի ստեղծումը հանգեցնելու է Ցեղասպանության հարցի անվերջ ձգձգումներին, հետեւաբար՝ ճանաչման գործընթացի սառեցման ամրապնդմանը: Երրորդ նախապայմանը վերաբերում էր ԼՂ խնդրին այսպես կոչված՝ «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի դուրսբերմանը: Դրա կատարումը տեղ է գտել մադրիդյան սկզբունքների նախագծի առաջին դրույթում: Եթե ավելացնենք, որ արձանագրությունները սահմանում են, որ «կողմերը որոշում են բացել սահմանը», ապա պարզ է, որ Թուրքիան ձերբազատվում է նաեւ 16-ամյա շրջափակում իրականացրած երկրի վարկից: Ստացվում է, որ Հայաստանը կատարում է Թուրքիայի բոլոր նախապայմանները, առկա խնդիրները լուծվում են ըստ Թուրքիայի պատկերացումների, եւ Հայաստանը գնում է միակողմանի զիջումների: «Սահմանի բացումը» չի կարող հավասարակշռել այս զիջումները, քանի որ դա Թուրքիայի պարտականությունն է՝ որպես ԱՀԿ եւ ՄԱԿ անդամ երկիր: Եթե Հայաստանի իշխանությունները չեն կարողացել հասնել դրան նախկինում, ապա դա սոսկ վատ աշխատանքի արդյունք է, այլ ոչ թե թուրքական դիվանագիտության հաջողություն: Այս արձանագրությունները փաստորեն հաստատում են, որ շրջափակումը արտաքին քաղաքականության մեջ արդյունավետ միջոց է: Ի դեպ, հայկական դիվանագիտության «հաջողության»՝ ստորագրման օրը Դավութօղլուի հայտարարության «հերոսական» կանխման մասին: Ընդամենը մի քանի ժամ հետո Էրդողանի հնչեցրած եւ անպատասխան մնացած հայտարարությունը լիովին իմաստազրկեց երեքժամյա «մաքառումները»:

– Արդյոք չափազանցված չէ՞ ձեր հոռետեսությունը եւ ինչո՞ւ չեք տեսնում, որ բոլոր այն մտահոգությունները, անհանգստությունները, որոնց մասին դուք խոսում եք, տեղ են գտել նաեւ ՀՀ նախագահի՝ հոկտեմբերի 10-ի ուղերձում: Ուրեմն, ինչո՞ւ չեք հավատում մտահոգություններին եւ պնդումներին, որ ոչինչ չի լինելու Ղարաբաղի, Ցեղասպանության հաշվին:

– Ես երբեք չեմ ասում՝ մտահոգ եմ, կան վտանգներ, հավատացեք ինձ: Փաստաթղթերի հիման վրա, զերծ մնալով հուզական ձեւակերպումներից, արտահայտում եմ իմ մտահոգություններն ու մատնանշում վտանգները:

Քաղաքական գործընթացներում կարեւորը փաստաթղթերն են: Ուղերձները, հայտարարությունները եւ այլն մոռացվելու են մեկ ամիս կամ մեկ տարի հետո: Սեղանին մնալու են փաստաթղթերը: Իշխանությունը ոչ թե պետք է մտահոգություն հայտնի, այլ աշխատի փաստաթղթերի վրա՝ ի շահ մեր երկրի: Մտահոգությունների եւ վտանգների մասին պետք է խոսեն մասնագետները: Իշխանությունները պետք է հիմնավորումներ բերեն՝ փարատելու համար այդ մտահոգությունները կամ դրանց հիման վրա շտկումներ անելու: Մինչդեռ նրանցից ոչ ոք անգամ չի փորձում արձանագրությունների դրույթների հիման վրա բերել հակառակը ապացուցող փաստարկներ: Սոսկ նենգափոխում են հարցադրումներն ու «չվնասելու» երդումներ են տալիս:

– Դաշնակցությունը իր վերջին հանրահավաքում հայտարարեց, որ «Ժառանգությունից» եւ Դաշնակցությունից բացի, խորհրդարանում կան այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, անկախ պատգամավորներ, որոնք դեմ են արձանագրություններին: Առաջարկվեց պատգամավորների հետ բացատրական աշխատանք տանել՝ համոզելու, որ չի կարելի վավերացնել արձանագրությունները։ Ինչպիսի՞ քննարկում կլինի խորհրդարանում եւ ի՞նչ վճիռ կկայացվի, կվավերացվե՞ն արձանագրությունները։

– Վստահ եմ, որ խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները: Կարծում եմ՝ իրենք էլ չեն հավատում, որ կհամոզեն կոալիցիայի պատգամավորներին: Ընդամենը մեկ դեպքում՝ 1988-90թթ. է հաջողվել խորհրդարանի մեծամասնությանը ստիպել, որ պատգամավորները քվեարկեն ըստ իրենց համոզմունքների: Դա տեղի է ունեցել համաժողովրդական անհամաձայնության արդյունքում: Այսօր, տարբեր պատճառներով, դա հասունացած չէ: Չնայած կասկած չունեմ, որ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է այսպիսի արձանագրությունների վավերացմանը: Համոզված եմ, որ շատերը կողմ են հարաբերությունների կարգավորմանը, բայց՝ արժանապատիվ եւ միջազգային իրավունքի շրջանակներում:

– Հասարակությունը պատկերացնո՞ւմ է այս գործընթացի լրջությունը:

– Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որ հասարակությունը կարողանա լիարժեք ընկալել վտանգները, որոնք մեզ առաջիկայում սպասվում են: Ընդ որում, խնդիրը միայն հայ-թուրքական հարաբերություններով չի ավարտվելու: Ինչքան էլ իշխանությունները պնդեն, թե հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կապ չունեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, ակնհայտ է, որ այդ կապը ոչ միայն կա, այլեւ 100 տարեկան է: Իրենց ամենածանր ժամանակաշրջանում, երբ հարցականի տակ էր ընդհանրապես թուրքական պետության գոյությունը, Նուրի փաշայի գլխավորությամբ զորամիավորումներ ուղարկեցին «Ադրբեջան» պետությունը կայացնելու եւ, որ ամենահետաքրքիրն էր, արցախահայությանը ճնշելու համար: Հայաստանից դուրս բոլոր փորձագետները՝ վերլուծաբաններ, քաղաքագետներ, այս կապն ակնհայտորեն տեսնում են եւ չեն էլ թաքցնում: Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացի տրամաբանությամբ է զարգանալու ղարաբաղյան խնդրի կարգավորումը՝ տխուր հեռանկարով, քանի որ Հայաստանի իշխանությունները չունեն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու կամք մեր ժողովրդի շահերը բարդ գործընթացներում պաշտպանելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել