«News.am»-ը վկայակոչելով՝ թուրքական «Iha» կայքէջը փոխանցել է, թե երեկ Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների քննարկումների ժամանակ պարզաբանումներով հանդես է եկել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա ասել է, թե՝ Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում համատեղ անվտանգության գոտի ստեղծել, ու շեշտել է, թե Հարավային Կովկասում շատ են հակամարտությունները, ու այդ վիճակը չի բխում ո՛չ եղբայրական Ադրբեջանի շահերից, որովհետեւ ադրբեջանական հողերը երկար տարիներ օկուպացված են, ո՛չ էլ Հայաստանի եւ Թուրքիայի շահերից։ «Կովկասում լարվածությունը վերացնելու ուղղությամբ սկսած մեր քաղաքականությունը երեք հիմնական նպատակ է հետապնդում»,- ասել է նախարարն ու թվարկել՝ Հայաստանի հետ լավ հարեւանություն ստեղծել, վերացնել հարյուրավոր տարիներ միասին ապրած հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ նախկինում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների հետ կապված մթնոլորտը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա լարվածությունը վերացնել եւ խնդրի կարգավորման ճանապարհ բացել։ Նրա ասելով, տարածաշրջանում խնդիրները պետք է փուլերով կարգավորվեն, եւ արձանագրությունները դրան կնպաստեն: Նա ասել է, որ ստորագրված արձանագրությունների կետերից մեկն էլ Թուրքիա-Հայաստան սահմանների ճանաչման պայմանն է. «Երկու երկրների միջեւ սահմանները ճանաչվում են միջազգային նորմերի համաձայն։ Ոչ ոք չի կարող նույնիսկ համարձակվել Թուրքիային հողային պահանջ ներկայացնել։ Սեւրի պայմանագիրը չի կարող կրկին օրակարգ գալ»։ Դավութօղլուն հայտարարել է, թե՝ Թուրքիայի նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության լուծման հասնելն է, եւ որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ժամանակահատվածում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածությունը սկսել է թուլանալ, իսկ կարգավորումը՝ արագանալ. «Սա տեսնելու համար համբերություն է պետք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության պես սուրբ է։ Այս խնդրում Թուրքիայի չափ ջանքեր գործադրող մեկ այլ երկիր չկա։ Այս հակամարտությունը կարգավորելու համար մեր ձեռքից եկած ամեն ինչ կանենք։ Արձանագրությունների հաստատման ժամկետ որոշելը մեր խորհրդարանի իրավասությունն է»,- եզրափակել է Ահմեդ Դավութօղլուն։
«Day.az»-ի մատուցմամբ էլ՝ նախարարի ելույթի պահին ընդդիմադիր պատգամավորներից մեկը լքել է խորհրդարանի դահլիճը, իսկ ելույթից հետո նրան բազմաթիվ հարցեր են ուղղվել, եղել են նաեւ դժգոհ պատգամավորներ, ովքեր բողոքել են արձանագրությունների դեմ: Մասնավորապես Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Շուքրու Էլքեդաղը հայտարարել է, որ Թուրքիան կորցնում է Ադրբեջանը: Իսկ քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սելահեթին Դեմիրթաշը հայտարարել է, որ իր կուսակցությունը կողմ է հայ-թուրքական հարաբերություններին։ Իսկ մինչ այդ խորհրդարանի շենքի առջեւ արձանագրությունների դեմ բողոքի ակցիա են անցկացրել 30 երիտասարդներ, որոնց կարծիքով՝ քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը, արձանագրությունները չպետք է ստորագրվեն: Նրանք պահանջել են Դավութօղլուի հրաժարականը: