ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի համոզմամբ՝ այդ միջոցին թուրքերը չէ, որ դիմում են:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը երեկ սկսեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման նպատակահարմարության մասին օրենքի նախագծի քննարկումը: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում այդ արձանագրությունների վավերացումը՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը հայտարարել են, թե դեմ են քվեարկելու դրանց՝ ասաց. «Ես գրեթե համոզված եմ, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները: Անպայման՝ երկուսը միասին: Եվ ամենայն հավանականությամբ՝ առանց որեւէ վերապահման, որովհետեւ դա ճանապարհ կբացի, որպեսզի հայկական կողմն էլ գնա նույն ուղիով, որը նրանք չեն ուզի: Ես կարծում եմ, որ այս վիճակով արձանագրությունները, ապագա պայմանագրերն ամբողջովին ձեռնտու են թուրքական կողմին»: Նա ոչ հիմնավոր փաստարկ գնահատեց Թուրքիայի ընդդիմության դիրքորոշման գործոնը. «Ես դատողություն եմ անում փաստաթղթերից ելնելով ու կարծում եմ, որ դրանք ձեռնտու են նաեւ ընդդիմությանը: Բայց քանի որ ընդդիմությունը մնում է ընդդիմություն՝ աշխատանք ունի անելու իշխանության գալու ճանապարհին, ու նաեւ պիտի Հայաստանի համար որոշակի հավասարակշռություն ցույց տան, թե Թուրքիայի համար էլ միանշանակ չէ այս փաստաթղթերի ընդունումը՝ ականատես ենք լինում նման երեւույթների: Բայց սրանք որոշիչ չեն»:
ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշեց, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանն ու Վրաստանն իրենց ազգային հարցերում երբեք ներքին տարաձայնություններ չեն ունենում: Նկատեցինք, թե տարաձայնություն իրոք չկա մասնավորապես այս հարցում՝ սահմանի բացումը թուրքական քաղաքական ուժերը պայմանավորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, ինչից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պնդմամբ, դեռ շատ հեռու ենք: Եվ հետաքրքրվեցինք, թե արդյոք պնդո՞ւմ է, որ այս պայմաններում Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի երկու արձանագրություններն էլ ու կբացի սահմանը: «Վավերացման կգնան, բայց սահմանի բացումը, կարծում եմ, որպես պայման դեռ կշարունակի մնալ, եւ ինչպես իրենք հայտարարում են՝ ուղղակիորեն կկապվի ղարաբաղյան խնդրի ադրբեջանանպաստ լուծման հետ,- ասաց պրն Շահբազյանը:- Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդիրը զուգահեռաբար է ընթանում այս գործընթացի հետ: Եվ սրա ապացույցը ոչ միայն այն հայտարարություններն են, որոնք անընդհատ անում են Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաները: Մի օրինակ՝ Ցյուրիխում ներկա էին նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Ի՞նչ կապ ունի հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Չե՞նք տեսնում, որ այս հարցերն իրար կողք են դրված: Եվ վերջապես, ամենավերջին օրինակը. Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում նույնպես ասվեց, թե պետք է շարունակել ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի լուծման համար»:
ՀՅԴ խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ նման պայմաններում արտառոց է, որ Թուրքիայի բարձրաստիճանների այս հայտարարությունները հայ վերլուծաբաններն ու պաշտոնյաները ներկայացնում են իբրեւ ներքին օգտագործման համար արված պնդումներ. «Ի՞նչ է նշանակում Թուրքիայի պես կազմակերպված երկրում ներքին օգտագործման համար սուտ խոսել: Գուցե մենք ելնում ենք մե՞ր օրինակից, որ կարելի է ներքին օգտագործման համար սուտ խոսել: Սա այն երկիրը չէ՛. Թուրքիան կազմակերպված երկիր է եւ այդպիսին էր նաեւ 100-200 տարի առաջ: Եվ այս երկրում սուտ խոսելով, ճարպկություն անելով քաղաքականություն անել հնարավոր չէ: Դրա համար Թուրքիայում գլուխներ կարող են թռչել»:
Արտաշես Շահբազյանը համոզմունք հայտնեց, որ ԼՂ կարգավորման գործընթացը շատ է արագանալու. «Դժվար է ասել՝ մինչեւ տարեվերջ ուր կհասնի գործընթացը, բայց ինչպես որ պարտադրվեց այս արձանագրությունների ստորագրումը (տեսաք, չէ՞, ինչպե՛ս պարտադրվեց, նույնիսկ թիկունքում էին կանգնած, որ հանկարծ չփախչեն), կպարտադրվի նաեւ շարունակել այն, ինչ որ սկսել են»: