Արձանագրությունների՝ ՀՀ ԱԺ-ի վավերացմանն ընդառաջ՝ Դավութօղլուի երեկ արած հայտարարությունների համատեքստում
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շարունակում է պնդել, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, ոչ բառացիորեն, ներգրավված են դրույթներ, որոնք վերջիվերջո մեզ հանգեցնելու են երեք խնդիրների՝ պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանը վերահաստատելու Կարսի պայմանագիրը՝ հրաժարվելով Արեւմտյան Հայաստանի տարածքներից եւ ընդունելով ներկա հայ-թուրքական սահմանը, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարելու է, մինչեւ պատմաբանների ենթահանձնաժողովը տա իր եզրակացությունն այդ հարցի շուրջ, եւ պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանը հրաժարվել ԼՂՀ-ի շուրջ ազատագրված տարածքներից՝ ինչ-ինչ պայմաններով: Քանզի շատ է խոսվել այն մասին, որ ընդդիմությունը գործում է հուզական դաշտում, մեր զրուցակիցը առաջին հարցին անդրադարձավ զուտ պատմաիրավական, քաղաքական հարթությունում: Նա այն գործիչներից է, ովքեր գտնում են, որ իրավական տեսակետից 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ՌՍՖՍՀ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված պայմանագիրը, ըստ որի՝ Արեւմտյան Հայաստանի մի շարք գավառներ զիջվել են Թուրքիային, ուժ չունի, քանզի կնքվել է միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող երկու պետությունների միջեւ, որոնք լուծել են երրորդ երկրների, մասնավորաբար՝ Հայաստանի սահմանների հարցը: «1921թ. հոկտեմբերի 13-ին կնքվել է Կարսի պայմանագիրը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել ՌՍՖՍՀ-ը՝ համաձայն մոսկովյան պայմանագրի 15 հոդվածի: Պայմանագիրը կնքվել է մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ վրացական, հայկական, ադրբեջանական ԽՍՀՄ-ների միջեւ: Իմիջիայլոց, նշեմ, որ այդ պայմանագրի կնքման մեջ մեծ դերակատարություն է ունեցել Թուրքիայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ (մայիս 1921-հունվար 1922), Հյուսիսային նավատորմի նախկին ռազմական կոմիսար Ս. Նացարենուսը, որի մասին ապագայում մենք դեռ պատիվ կունենանք խոսելու»,- հիշեցնում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Մոսկվայի պայմանագիրը կնքվելուց հետո ՌՍՖՍՀ-ն Թուրքիային է տալիս 10 միլիոն ոսկե ռուբլի, որից 5,4 միլիոնը՝ միանգամից՝ 1921-ի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին: Իսկ մեկ միլիոն ռուբլին՝ տարվա վերջում: 1925թ. դեկտեմբերի 17-ին Փարիզում Չիչերինը եւ Արասը Թուրքիայի եւ ՌՍՖՍՀ-ի անունից կնքում են «Բարեկամության եւ չեզոքության մասին» նոր համաձայնագիր՝ երեք տարի ժամկետով, որը մի քանի անգամ երկարաձգվում է:
Իսկ ամենահետաքրքիր պատմական փաստը Արամ Կարապետյանը համարում է այն, որ 1925թ.-ին Թուրքիայում ՌՍՖՍՀ դեսպան պարոն Վինագրադովը պաշտոնական նոտայով պահանջում է դենոնսացիայի ենթարկել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը՝ նշելով, որ հակառակ դեպքում Ռուսաստանը դա կանի միակողմանի: Թուրքական ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ պարոն Վինագրադովը բանավոր ասել է. «Մենք չենք կարող սպասել 25 տարի: Ռուս-թուրքական պայմանագիրը 1921-ին պարտադրված էր, որովհետեւ այն ժամանակ մենք թույլ էինք: Հիմա մենք ուժեղ ենք եւ պահանջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»: Այն ժամանակվա Թուրքիայի հայտնի քաղաքական գործիչ, հետագայում վարչապետ Իսմետ Էնենյուն պատասխանել է. «Նորաստեղծ պետությունները պիտի կարողանան կատարել իրենց միջազգային պարտավորությունները: Թուրքիան, իհարկե, այդ տարածքները 25 տարի անց կվերադարձնի»: Բացի դրանից, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Միջազգային հարաբերությունների պատմության» երեքհատորյակի մեջ (խմբ.՝ ակադեմիկոս Խվաստով) գրված է. «Սովետական արտաքին քաղաքականության սխալների հետեւանքով Թուրքիան ԽՍՀՄ-ին չվերադարձրեց զգալի տարածքներ»: «Այսինքն՝ կան պատմական շատ լուրջ աղբյուրներ, որոնք նշում են, որ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը կնքվել են 25 տարի ժամկետով, որը ներառված է այդ պայմանագրերի գաղտնի արձանագրությունների մեջ: Հարց է ծագում՝ իրավահաջորդությամբ, ԽՍՀՄ-ի ստեղծվելուց հետո գործո՞ւմ է արդյոք այդ պայմանագիրը, թե՞ ոչ: Հայտնի է, որ Խորհրդային Միությունը ստեղծվել է 1922թ. դեկտեմբերի 30-ին, եւ արդեն 1923թ. սեպտեմբերի 24-ին ԽՍՀՄ ԱԳ նարկոմատը նոտա է հղել Թուրքիային՝ 1921թ. մարտի 16-ի պայմանագիրը ճանաչելու մասին, իսկ Թուրքիան իր ԱԳՆ-ի 1923թ. հոկտեմբերի 1-ի թիվ 19837 նոտայով հաստատել է պայմանագրի՝ ուժի մեջ լինելը: Կարսի պայմանագրի պարագայում նման փաստաթուղթ գոյություն չունի»,- ասում է մեր զրուցակիցը:
Պայմանագրերին կրկին անդրադարձել են 1938-40-ականներին՝ ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովի եւ Ադոլֆ Հիտլերի հանդիպումներում, 1953-ին՝ Մոլոտովի եւ ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպանի զրույցներում: Ապա՝ 1966թ. դեկտեմբերի 20-27-ը ԽՍՀՄ վարչապետ Կոսիգինն այցելում է Թուրքիա, որտեղ հայտարարում է, որ ԽՍՀՄ-ը Թուրքիայից տարածքային պահանջ չունի: 1967-ի փետրվարի 28-ին ԽՍՀՄ-ը եւ Թուրքիան ստորագրում են նոր սահմանազատման պայմանագիր՝ (ռեդեմարկացիա), որի իրագործման համար ստեղծվում է համատեղ հանձնաժողով: Վերջինիս կազմում ընդգրկվում են Հայաստանի եւ Վրաստանի ԽՍՀ-ների ներկայացուցիչներ: Հայկական կողմից գործընթացում ներգրավվում է գնդապետ Գուրգեն Նալբանդյանը: Հանձնաժողովի աշխատանքային վերջին նիստում՝ 1974թ. սկզբին, պայմանագիրը պիտի ստորագրվեր, որի տակ պիտի ստորագրեր նաեւ Հայաստանի ներկայացուցիչը: Սակայն Գ. Նալբանդյանը, իբրեւ իսկական հայորդի, ԽՍՀՄ պայմաններում իր ստորագրությունը չի դրել այդ փաստաթղթի տակ եւ հայտարարել է, որ ոչ մի հայ երբեւէ չի ճանաչի այդ սահմանի անձեռնմխելիությունը՝ ի նշան բողոքի լքելով դահլիճը: Հողային խնդիրների հետ կապված ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված վերջին պայմանագիրը եղել է 1978թ. օգոստոսի 22-ին՝ վարչապետներ Կոսիգինի եւ Բյուլենեջեւիտի կողմից, ըստ որի՝ կողմերը միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ: «Ոչ 1984, ոչ էլ 1990թթ.-ին կնքված պայմանագրերում անդրադարձ չկա տարածքային խնդիրներին: Այսպիսով, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ոչ մի պայմանագրով կամ որոշմամբ չի համարվել եւ չի համարվում ԽՍՀՄ իրավահաջորդը (այդ թվում՝ 1991թ. դեկտեմբերի 8-ին կնքված Բելովեժի եւ 1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում կնքված փաստաթղթերով): Հետեւաբար, մինչ այսօր ոչ Կարսի, ոչ Մոսկվայի պայմանագրերը ՀՀ-ի համար որեւէ իրավական ուժ չունեն: Դրա համար էլ Թուրքիան ցանկանում է ամեն գնով կամ նոր պայմանագիր կնքել, կամ վերահաստատել Կարսի պայմանագիրը»,- համոզված է Արամ Կարապետյանը: