Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱ ՉԻ ԴԱՌՆԱ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱ՞

Հոկտեմբեր 22,2009 00:00

ՀՅԴ-ն առաջարկում է ընդունել հայկական «301» հոդված

Դեռ անցյալ շաբաթավերջին Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Դավիթ Շահնազարյանն իր ասուլիսում ՀՀ խորհրդարանին առաջարկել էր մինչեւ ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ընդունել մի օրենք, որով ՀՀ պետական մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք իրավունք չունեն մասնակցելու այնպիսի քննարկման, որի ժամանակ կժխտվի կամ որոշ չափով կասկածի տակ կդրվի Հայոց ցեղասպանության փաստը: «Հակառակ դեպքում, նրանք պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով: Եթե իմ այս առաջարկը ՀՀ խորհրդարանը չընդունի՝ դա կնշանակի, որ հայկական եւ թուրքական կողմերը իսկապես բանավոր պայմանավորվել են հարցականի տակ դնել խնդրահարույց հարցերից մեկը՝ Հայոց ցեղասպանության իրողությունը»,- հայտարարել էր Շահնազարյանը: Երեկ «Ազատություն» ռ/կ-ն հիշեցրեց, որ դեռ սեպտեմբերին ՀՅԴ պատգամավորներն էին հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ՀՀ ՔՕ 397.1 հոդվածը լրացնել նոր մասով, հետեւյալ բովանդակությամբ. «Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ ուրանալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով»: Դաշնակցական պատգամավորները իրենց նախաձեռնության հիմնավորման տեքստում վկայակոչել են նաեւ այն, որ Ցեղասպանությունը հերքելը, մերժելը կամ ուրանալը քրեորեն պատժելի արարք  է համարվում աշխարհի շատ երկրներում, մասնավորապես՝ Շվեյցարիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում: Ավելի քան հետաքրքիր էր նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Արծվիկ Մինասյանի՝ ռ/կ-ի հետ զրույցում հայտնած այն կարծիքը, թե՝ քրեական պատասխանատվություն կսահմանվի նաեւ համացանցային կայքերում Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող կարծիքներ հրապարակելու, տարածելու համար:

Սա հենց այն քաղաքականությունն է, որն արդեն տարիներ ի վեր վարում է Թուրքիան: Այդ երկրում գործող ՔՕ 301 հոդվածը վաղուց է դարձել Հայոց ցեղասպանության իրողության մասին բարձրաձայնողներին հետապնդումների ենթարկող մահակ: Հենց այդ հոդվածով էին դատարանի առջեւ կանգնել Հրանտ Դինքն ու Օրհան Փամուկը: Վերջիններս պնդում էին, թե դա կարծիքի արտահայտման, խոսքի ազատության դեմ ոտնձգության դրսեւորում է: Հենց այդ հոդվածի գոյությունն է նաեւ, որ միջազգային հանրության կողմից դարձել է Թուրքիայի դեմ ուղղված քննադատության հիմնական թիրախներից մեկը:

Իսկ արդյոք ՀՅԴ-ի նախաձեռնած օրինագիծը, ընդունվելու դեպքում, նույնպիսի մահակ չի՞ դառնա ՀՀ քաղաքացիների դեմ նաեւ քաղաքական շարժառիթներով հետապնդումների համար: Դաշնակցականներն ու այդ նախաձեռնությանն աջակցող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասում են՝ ոչ, չի դառնա: Ա. Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանի ժողովրդավարությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի կարողանա ինչ-որ տեղ գոնե համեմատվել, օրինակ՝ Շվեյցարիայի ժողովրդավարության հետ: «Բայց եթե այդ ու նաեւ մի շարք այլ երկրներում նմանատիպ օրենք է ընդունվել եւ այն հակաժողովրդավարական չի դիտվում, հետապնդումների համար պարարտ հող չի ենթադրում, ապա ինչո՞ւ նման օրենքի ընդունումը Հայաստանում այդպիսին պիտի լինի»,- ասաց պատգամավորը: Ա. Մարտիրոսյանը համաձայնեց մեր դիտարկմանը, թե՝ ժողովրդավարական շատ երկրներում գործող եւ շատ լավ օրենքները Հայաստանում երբեմն դառնում են հետապնդումների պատրվակ եւ քաղաքական հարցեր լուծող մահակ, բայցեւ ասաց, որ հետապնդումների համար ամենեւին էլ պարտադիր չէ, որ այս օրենքը լինի, ու հավելեց, թե՝ բոլորիս էլ պարզ է, որ սա վերաբերելու է հիմնականում այն շրջանակներին, որոնց հայտարարությունները հասարակական արձագանք են ստանում. «Սա ընդամենը կանխարգելիչ քայլ կարող է լինել: Ի վերջո, մենք չգիտենք, թե վաղը մեր իշխանություններն ինչ քայլեր կարող են անել: Ես երբեւէ չէի պատկերացնի, որ Հայաստանում որեւէ իշխանություն կարող է այսպիսի արձանագրություններ ստորագրել, բայց մենք դա տեսանք»: Ա. Մարտիրոսյանը նաեւ նկատեց. «Ես շատ հարգում եմ Դավիթ Շահնազարյանին՝ որպես լուրջ քաղաքական գործչի, եւ նրա առաջարկը եւս, ըստ էության, սրան էր միտված»: Հիշեցնենք, որ ասուլիսում Շահնազարյանն իր առաջարկը հիմնավորել էր հայ-թուրքական միջկառավարական պատմական ենթահանձնաժողովում հայ եւ թուրք ներկայացուցիչների համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ՝ նկատի ունենալով այդ երկրում գործող ՔՕ 301 հոդվածը:

Դ. Շահնազարյանը նաեւ հայտարարեց. «Իմ առաջարկը վերաբերել է բացառապես Հայաստանը պաշտոնապես ներկայացնողներին, Հայաստանի անունից հանդես եկողներին, այլ ոչ թե շարքային քաղաքացիներին, այն էլ՝ քրեական պատասխանատվության ենթարկելուն: Դա բացարձակ ոչ մի աղերս չունի ՀՅԴ-ի նախաձեռնության հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել