ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամմեդ Բարադեին ասել է, թե Իրանի հետ բանակցությունները՝ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ, շատ կառուցողական մթնոլորտում են ընթացել: «BBC»-ի մատուցմամբ, երկուշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի՝ Վիեննայի կենտրոնական գրասենյակում տեղի էին ունեցել Իրանի, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների առաջին խորհրդակցությունները, որոնք վերաբերել էին իրանական միջուկային ռեակտորի համար վառելիքի մատակարարման խնդրին: Այդ հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռեւս հոկտեմբերի 1-ին, «վեցյակի» միջնորդների եւ Իրանի միջեւ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: Միաժամանակ, «Reuters»-ի փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթթաքին երեքշաբթի օրը կրկին հայտարարել է, թե՝ Իրանը երբեք չի հրաժարվի միջուկային տեխնոլոգիաների զարգացման իր «օրինական եւ ակնհայտ» իրավունքից, եւ չի ենթարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջին՝ հրաժարվել ուրանի հարստացման իր ծրագրերից: «Համաշխարհային տերությունների հետ հանդիպումներն ու նրանց վարքը ցույց են տալիս, որ նրանք խրախուսում են խաղաղ ատոմի տեխնոլոգիաներին տիրապետելու Իրանի իրավունքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մոթթաքին՝ հավելելով, թե Ժնեւում Թեհրանը սկզբունքորեն համաձայնել է նվազ հարստացված ուրանը արտերկրում հարստացնելու առաջարկին, ինչը, Արեւմուտքի կարծիքով, կնվազեցնի Իրանի կողմից ատոմային ռումբ ունենալու շուրջ առկա մտավախությունները: