Թուրքիան համաձայնել է «Հարավային հոսքի» գազատարի շինարարությանը եւ փոխարենը ստացել է Ռուսաստանի հավաստիացումը՝ մասնակցել թուրքական Սամսուն-Ջեյհան նավթամուղի նախագծին: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երկուշաբթի ուշ երեկոյան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս տեղեկացրել է, որ գազատարի շինարարությանը խոչընդոտող բյուրոկրատական բոլոր խնդիրները հաղթահարված են:
Թուրքիայի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է, թե թուրքական կառավարությունը ընդունել է բոլոր անհրաժեշտ որոշումները՝ գազատարի գործարկման նախագիծը իրականացնելու նպատակով Սեւ ծովի թուրքական հատվածում երկրաբանական հետազոտական աշխատանքներն արտոնելու համար: Այսպիսով, «Reuters»-ի մատուցմամբ, Թուրքիան վերացրել է ռուսական «Գազպրոմի» եւ իտալական «Eni»-ի կողմից 8,6 մլրդ եվրո արժողությամբ այդ նախագծի խոչընդոտներից մեկը: «Հարավային հոսքը» նպատակ ունի Եվրոպային ապահովել տարեկան մինչեւ 63 մլրդ խմ գազով: Իր հերթին Ռուսաստանը համաձայնել է մասնակցել թուրքական սեւծովյան եւ միջերկրածովյան ափերը կապող Սամսուն-Ջեյհան նավթամուղի գործարկման ծրագրին՝ խոստանալով նավթատարն ապահովել անհրաժեշտ հումքով: Նախատեսվում է, որ նավթատարով օրական 1,5 մլն բարել նավթ կտարանցվի:
Երկուշաբթի օրը ռուսական «Տրանսնեֆտ» եւ «Ռոսնեֆթ» ընկերությունները համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել Սամսուն-Ջեյհան նախագծի պարիտետային գործընկերներ իտալական «Eni»-ի եւ թուրքական «Calik»-ի հետ: