ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրն այցելել է Լեհաստան եւ Չեխիա՝ Վաշինգտոնի կողմից հակահրթիռային պաշտպանության նորացված ծրագրերն այդ երկրների կառավարությունների հետ քննարկելու համար:
«Reuters»-ի մատուցմամբ, Լեհաստանն ու Չեխիան դեռ հույս ունեն, որ ԱՄՆ-ն իրենց տարածքներում հակահրթիռային պաշտպանության տարրեր, այնուամենայնիվ, կտեղակայի: ԱՄՆ նոր վարչակարգը ստիպված էր հրաժարվել նախկին նախագահ Ջորջ Բուշի այդ ծրագրից՝ այն բանից հետո, երբ այն Ռուսաստանի կողմից սուր հակազդեցության էր արժանացել: Հիմա Վաշինգտոնը նախատեսում է տարածաշրջանում ծովային տեղակայման որսացող հրթիռներ ունենալ: Այս նոր ծրագրի երկրորդ մասով նախատեսվում է մոտ եւ միջին տարածությունների հրթիռներ որսացող նաեւ ցամաքային տեղակայման համակարգերի ստեղծում: «Փոխնախագահը կխոսի հակահրթիռային անվտանգության ու այդ համակարգի կատարելագործման, նաեւ նախկինի համեմատ ավելի արդյունավետ համակարգեր ստեղծելու իր ծրագրերի մասին»,- ասել է Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոնի Բլինկեն: Նրա կարծիքով, որքան եվրոպական ազգերը տեղյակ լինեն ամերիկյան ծրագրերի մանրամասնություններին, այնքան մեծ կլինի նրանց մասնակցությունը դրանց: Նա նաեւ հայտարարել է, թե Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածության թուլացմանն ուղղված Միացյալ Նահանգների դիրոքորոշումը չպետք է վնասի Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների հարաբերությունները: