Ըստ արյան խմբերի սնվելու մեթոդն առաջարկել է ամերիկացի բժիշկ Պիտեր Դ Ադամոն: Ըստ նրա տեսության, օրգանիզմ ներմուծվող սննդի եւ արյան փոխազդեցությունը ուղղակիորեն կապված է մարդու գենետիկ առանձնահատկությունների հետ: Ըստ hayuhi.am-ի, որպեսզի իմունային եւ մարսողական համակարգերը գործեն նորմալ, մարդը պետք է ուտի այնպիսի մթերքներ, որոնք համապատասխանում են իր արյան խմբին կամ, այլ խոսքով՝ որոնցով սնվել են իր նախնիները: Դա նպաստում է ներքին օրգանների աշխատանքի բարելավմանը եւ ունենում նիհարեցնող արդյունք: Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ կոչվում են «որսորդներ»: Նրանց սնունդը պիտի հիմնականում բաղկացած լինի կենդանական սպիտակուցներից: Իսկ հացից, մակարոնեղենից եւ կաթնամթերքից նրանք պետք է հրաժարվեն: Արյան առաջին խումբն ամենահինն է ու ամենատարածվածը: Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ լավ են մարսում միսը, որովհետեւ ունեն ամուր մարսողական եւ գերակտիվ իմունային համակարգ, նրանք դժվարությամբ են հարմարվում նոր սննդակարգերին: Կաթնամթերքի ու հատիկավորների հանդեպ «որսորդների» մարսողական համակարգը դեռեւս հարմարեցված չէ: Հատկապես օգտակար մթերքներն են ոչխարի, տավարի միսը, սաղմոնաձկները, ձողաձուկը, գայլաձուկը, ձիթապտղի եւ կտավատի յուղերը, ընկույզը, դդմի կորիզները, բազուկը, թուզը: Պիտի խուսափել կաթնամթերքից, խոզի մսից, պանրից, կաթնաշոռից, մակարոնեղենից, նարնջից, ազնվամորուց, մանդարինից, դդումից, ավոկադոյից, եգիպտացորենի եւ գետնանուշի կարագից, կարտոֆիլից, ձիթապտղից: Ձեր քաշի ավելացմանը կնպաստեն ցորենը, եգիպտացորենը, լոբին, ոլոռը, կաղամբը, ծաղկակաղամբը:
Իսկ եթե որոշել եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա շատ օգտագործեք կարմիր միս, լյարդ, ծովային մթերք:
Երկրորդ խմբի արյուն ունեցող մարդկանց ընդունված է կոչել «հողագործներ»: Նրանց խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել բուսական ծագման մթերքներ: Արյան երկրորդ խմբի առաջացումը պայմանավորված է մարդկանց կենսակերպի փոփոխության՝ հողագործության անցման հետ: Այս խմբի արյուն ունեցող մարդիկ ունեն զգայուն մարսողական համակարգ, նրանց անհրաժեշտ է էկոլոգիապես մաքուր եւ բնական սնունդ: «Հողագործների» օրգանիզմում միսը վերածվում է ճարպի, դժվարությամբ է մարսվում նաեւ կաթնամթերքը: Փոխարենը՝ նրանք կարող են օգտագործել տարաբնույթ բնական մթերքներ, որոնցում քիչ է ճարպերի պարունակությունը, բանջարեղեն եւ ձավարեղեն: Օգտակար են ծովային մթերքները, սոյան, լոբին, ոլոռը, հնդկաձավարը, բրինձը, գետնախնձորը, բուսական յուղերը, բանջարեղենը, անանասը: Հարկավոր է սահմանափակել ցորենի հացի, կարտոֆիլի, ծիրանի, լոռամրգի, կետչուպի, մայոնեզի օգտագործումը: Պիտի իսպառ հրաժարվեք մսից եւ մսամթերքից: Քաշի ավելացմանը նպաստող մթերքներն են միսը, կաթնամթերքը, լոբին, ցորենը: Քաշի նվազման համար պիտի հաճախակի օգտագործեք բուսական յուղեր, սոյա, բանջարեղեն, անանաս:
Երրորդ խմբի արյուն ունեցողները կոչվում են «քոչվորներ»: Նրանց հակացուցված են սոյան, հավի միսը, արեւածաղկի յուղը, լոլիկը, նուռը, իսկ օգտակար են կաթնամթերքը, ձկնեղենը, ոչխարի եւ ճագարի միսը, կտավատի յուղը: Արյան երրորդ խումբն առաջացել է այն ժամանակ, երբ մարդկային ցեղերը սկսել են քոչել հյուսիս, որտեղ կլիման ավելի խիստ է: Նման արյուն ունեցող մարդիկ ունեն ամուր մարսողական համակարգ: Բարետեսությունը պահպանելու համար անհրաժեշտ է հավասարապես համադրել ֆիզիկական եւ մտավոր ակտիվությունը: Օգտակար մթերքներն են ոչխարի, ճագարի միսը, ձկնեղենը, այծի պանիրը, ձիթապտղի յուղը, վարսակաձավարը, բրինձը, մաղադանոսը, կաղամբը, անանասը, սալորը: Խուսափեք սագի, հավի, տավարի, խոզի մսերից, ծովային կենդանիներից, արեւածաղկի, գետնանուշի եւ եգիպտացորենի յուղերից, հնդկաձավարից, գարեհացից, լոլիկի մածուկից, նռից, խուրմայից: Քաշի ավելացմանը նպաստում են եգիպտացորենը, ոսպը, գետնանուշը, հնդկաձավարը, քունջութը: Քաշի նվազեցմանը նպաստում են կարմիր միսը, լյարդը, ցածր յուղայնությամբ կաթնամթերքը, կանաչ բանջարեղենը, ձուն:
Արյան չորրորդ խմբին պատկանող մարդիկ կոչվում են «նոր մարդիկ», քանի որ այս խումբն առաջացել է համեմատաբար ավելի ուշ՝ մոտ հազար տարի առաջ, մյուս խմբերի խառնման արդյունքում: Նման արյուն ունեցող մարդիկ արագ են արձագանքում արտաքին միջավայրի ու սննդակարգի փոփոխություններին: Նրանց մարսողական համակարգը զգայուն է, իսկ իմունային համակարգը՝ չափազանց տոլերանտ: Հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցը մտավոր աշխատանքի եւ թեթեւ ֆիզիկական ակտիվության համադրումն է: Ավելորդ կիլոգրամներ վաստակելու վրա ազդում են խառը գեները: Նիհարելու համար նրանց հարկավոր է խուսափել մսեղենից կամ համադրել դրանք բանջարեղենի հետ: Օգտակար են ոչխարի, հնդկահավի միսը, ձողաձուկը, կաթնաթթվային մթերքը, եգիպտացորենի յուղը, վարսակաձավարը, ցորենի հացը, կաղամբը, լոռամիրգը, անանասը:
Խուսափեք օգտագործել տավարի, բադի միս, ծովախեցգետին, սաղմոնաձուկ, կաթ, ձիթապտղի յուղ, դդմի կորիզներ, ոլոռ, հնդկաձավար, բազուկ, ավոկադո, բանան, նուռ: Քաշի ավելացմանը նպաստող մթերքներն են կարմիր միսը, լոբին, եգիպտացորենը, ցորենը: Քաշի նվազեցմանը նպաստում են ծովամթերքը (բացի պահածոյացված, չորացրած, ապխտած տարբերակներից), սոյան, կաթնամթերքը, կանաչ բանջարեղենը, անանասը: