ՀՀ բասկետբոլի ֆիդերացիան տեղեկացնում է, որ բասկետբոլի «Հատիս» կանանց ակումբը շարունակում է համալրել կազմը:
Նորաստեղծ թիմը, որ նախապատրաստվում է նոյեմբերի 12-ին մեկնարկող Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարին, օրերս նոր բասկետբոլիստուհու է ընդգրկել: Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ «Հատիսի» համազգեստ կրելու է նաեւ ուկրաինուհի Գաննա Զարիցկան: 23-ամյա այս բասկետբոլիստուհին, որի հասակը 182 սմ է, խաղային բավականաչափ փորձ ունի: Նա հասցրել է հանդես գալ Ուկրաինայի չեմպիոն «Դնեպրի» կազմում, խաղացել է Լեհաստանի «Լոտոսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է Կիպրոսի ԱԵԼ թիմում: Զարիցկան ընդգրկված է եղել նաեւ ուկրաինայի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում: Այնպես որ, նա նաեւ միջազգային մրցումների մասնակցության փորձ ունի:
Մարզասերներին տեղեկացնենք նաեւ, որ այս ձեռքբերումից առաջ «Հատիսին» անդամագրվել էր եւս մի ուկրաինուհի՝ Աննա Պոկոյովնան: Վերջում ավելացնենք, որ այս երկու բասկետբոլիստուհիները հարձակվողական ոճի խաղացողներ են, ինչը կարող է պետք գալ Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարում: