Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում են ջուր պղտորել

Հոկտեմբեր 21,2009 00:00

Լրատվամիջոցները վերջին օրերին հեղեղված են լուրերով, ըստ որոնց՝ շախմատի աշխարհի թագի համար ութ հավակնորդների մրցաշարը որոշվել է բաժանել երկու մասի եւ անցկացնել տարբեր քաղաքներում, որոնցից մեկը՝ Բաքվում: Ինչպես հայտնի է, մեր հանրապետության լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այդ պայքարի մասնակիցներից մեկն է: Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, իբր մրցաշարը երկու մասի կիսելու պատճառը Լեւոն Արոնյանն է, որը հրաժարվել է խաղալ հարեւան հանրապետությունում: Սակայն Հայաստանի մեր գործընկերները, հղում անելով հանրապետության շախմատի ֆեդերացիային, ընդգծում են, որ ՖԻԴԵ-ի այդ որոշումը ոչ մի առնչություն չունի Լեւոնի հետ, եւ որ դա Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի ինքնուրույն կայացրած վճիռն է, որում հաշվի են առնվել երկու երկրների միջեւ լարված հարաբերությունները: Ավելին, ՀՇՖ-ի հավաստմամբ, Արոնյանին ոչ ոք նման հարցով չի դիմել եւ նրա՝ Բաքու մեկնելուց հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող:

Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են նոր տեղեկատվություններ տարածել: Համաձայն դրանց, ՖԻԴԵ-ն հավակնորդների երկրորդ քառյակի մրցաշարը կազմակերպել առաջարկել է Երեւանին եւ առայժմ ստույգ պատասխան չի ստացել:

Երեկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն այդ առիթով «Առավոտին» տվեց հետեւյալ մեկնաբանությունը. «Դա ընդամենը անհեթեթ խոսակցություն է: Կարգը հետեւյալն է: Ոչ թե ՖԻԴԵ-ն է այս կամ այն երկրին առաջարկում հավակնորդների մրցաշար կազմակերպել, այլ հակառակը. ազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ին: Մեր ֆեդերացիան նման առաջարկ չի ներկայացրել»: Իսկ հարցին, թե Արոնյանը, այնուամենայնիվ, որտե՞ղ է հանդես գալու, ՀՇՖ-ի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանն ասաց. «Պարզ է, որ ոչ Բաքվում, այլ այն քաղաքում, որը կընտրի շախմատի միջազգային ֆեդերացիան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել