Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆՆ ԱՅՆ ՉԷ

Հոկտեմբեր 21,2009 00:00

\"\"Աշտարակը հանրապետության այն սակավաթիվ քաղաքներից է, որտեղ գործող հանրակրթական վեց դպրոցների մեծ մասում ֆիզկուլտուրայի դասերն արդյունավետ անցկացնելու, հետեւաբար՝ դպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման գործը լիարժեք կազմակերպելու բավարար պայմաններ կան:

Թե որքանո՞վ են դրանք ծառայում իրենց նպատակին, ընդհանուր պատկերացում կազմեցինք մեկ-երկու շաբաթներում պարբերաբար այցելելով վերոնշյալ կրթօջախներ:

Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց: Պայմանները, իրոք, նախանձելի են. կահավորված երկու մարզադահլիճ՝ ավագ եւ կրտսեր դասարանների աշակերտների համար, բացօթյա ընդարձակ խաղադաշտ՝ նախատեսված ֆուտբոլի, հանդբոլի եւ այլ խաղային մարզաձեւերի համար, վազքուղի… մի խոսքով, ամեն ինչ՝ լիարժեք ֆիզկուլտուրայի դասեր անցկացնելու համար: Մեր մի քանի այցելությունների ընթացքում հաճելի էր տեսնել, որ այստեղ \"\"աշակերտները ֆիզկուլտուրայի դասերին մասնակցում են միասնական մարզազգեստով եւ, ինչպես ասաց դպրոցի տնօրեն Սուսաննա Բարսեղյանը, դա աշակերտների ցանկությունն է եւ ծնողների նախաձեռնությունը: Ինչպես պարզ երեւում է լուսանկարում, ֆիզկուլտուրայի դասի թեման ֆուտբոլն է կամ «հանդբոլը»: Մինչդեռ, ունենալով նորմալ վազքուղիներ, չգիտես ինչու, դրանք պարապ են մնացել:

Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում նույնպես պատշաճ ուշադրություն է դարձվում ֆիզիկական կուլտուրա առարկային: Այստեղ սովորում է 1050-ից ավելի աշակերտ: Անցած ուսումնական տարվանից այս կրթօջախն ընդգրկվել է հանրապետության տասը փորձարարական դպրոցների ցուցակ: Դպրոցում չորրորդ տարին է, ինչ հիմնանորոգում է ընթանում: Եվ \"\"ուրախացնողն այն է, որ տնօրինությունը ֆիզկուլտուրայի դահլիճին առաջնային նշանակություն է տվել՝ դահլիճը բարեկարգ վիճակում է: Այդուհանդերձ, դպրոցի տնօրեն Ֆելիքս Հովհաննիսյանը դրանով բավարարված չի զգում: Նրա համոզմամբ, կրթօջախը պետք է ունենա երկու մարզադահլիճ, որպեսզի դասերն ավելի նպատակային անցկացվեն: Տնօրենը ցանկանում է այդ խնդրին ձեռնամուխ լինել մոտակա ժամանակաընթացքում: Նպատակը, անշուշտ, ողջունելի է: Սակայն մինչ այդ գործը գլուխ բերելը, լավ կլիներ, որպեսզի պարոն Հովհաննիսյանը ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Կարինե Բոցինյանին հիշեցներ, որպեսզի նախ եւ առաջ ինքը դասաժամին ներկայանար մարզազգեստով:

Ամբողջովին վերանորոգված է (այդ թվում նաեւ՝ ֆիզկուլտուրայի դահլիճը) Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը: Մեզ հետ զրույցում պարոն Վարուժան Շահազիզյանը պատմեց, որ նախքան իր տնօրեն դառնալը դպրոցը շատ անմխիթար վիճակում է եղել՝ տարիներ շարունակ այստեղ նորոգում չի իրականացվել: Դպրոցի երկու մասնաշենքերում, ի վերջո, պետբյուջեի շրջանակներում հիմնանորոգման ծրագիր է սկսել իրականացվել: Սակայն ճգնաժամի պատճառով երկրորդ մասնաշենքը սպասում է իր հերթին: Այդուհանդերձ, հասցրել են լուծել լոկալ ջեռուցման խնդիրը: Ներկայումս դպրոցի նյութատեխնիկական բազայի ձեւավորման եւ հարստացման խնդիրներ կան: Բայց ամեն բան արվում է առկա միջոցները տնտեսելով եւ նպատակային ծախսելով՝ այն հարստացնել: Տնօրենի խոսքերով, դպրոցում ֆիզկուլտուրա առարկային կարեւոր դեր է հատկացվում, այդ թվում նաեւ՝ դասի ժամանակ անպայման մարզազգեստ կրելուն, որի բացակայության դեպքում աշակերտներին տարբեր «պատժամիջոցներ» են նախատեսված:

\"\"Ֆիզկուլտուրայի դասերը Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում տարվա այս եղանակին անցնում են դպրոցամերձ մեկուկես հեկտարանոց տարածքում: Դրա համար կա երկու պատճառ: Նախ, դա ուսումնական ծրագրի պահանջն է, երկրորդ՝ շենքը ներկայումս կառավարության տրամադրած միջոցներով արդեն երեք տարի վերանորոգվում է: Սակայն այստեղ էլ ճգնաժամի պատճառով աշխատանքները ձգձգվում են. ֆիզկուլտուրայի դահլիճում՝ նույնպես:

Նույն խնդիրներն ունի նաեւ Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը, որտեղ ասացին նաեւ, որ ֆիզկուլտուրայի դասաժամերին հատուկ ուշադրություն է դարձվում առողջական խնդիրներ ունեցող ու ֆիզիկապես թույլ աշակերտներին (Աստված տա): Աշակերտները սպասում են նոյեմբերի վերջին, երբ մարզպետարանի միջոցներով վերանորոգվող դահլիճը, ըստ պայմանագրի, դռները կբացի իրենց առջեւ:

Առանձին անդրադառնում ենք Վարդգես Պետրոսյանի անվան վարժարանին: Նյութի հեղինակ, ուսանողուհի Անի Խումարյանին (հանձնարարությունը նա ստացել էր խմբագրությունից) դպրոցի պահակը ասել էր, թե կրթօջախը բացօթյա պայմաններ չունի, մարզադահլիճ՝ նույնպես: Դրա համար էլ ֆիզկուլտուրայի դասեր այստեղ չեն անցկացվում: Միայն ցածր դասարանցիների համար ֆիզկուլտուրային մի կերպ հարմարեցված ինչ-որ տարածքում է դասաժամ անցկացվում: Երեկ դպրոցի տնօրեն Գրիշա Գեւորգյանը հեռախոսով «Առավոտին» հավելեց. «Բացօթյա խաղահրապարակ ունենք, մարզադահլիճ՝ ոչ: Այն դեռ 1989 թվականին քանդվել է Խորհրդային Միության հետ միասին: Հիմա պետք է դահլիճը հիմնանորոգվի: Ստիպված երկրորդ մասնաշենքում երկու դասասենյակ միացրել ենք, մի կերպ հարմարեցրել ֆիզկուլտուրայի դասեր անցկացնելուն: Քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս, դասերն աշխատում ենք անցկացնել բացօթյա, թեեւ պայմաններն էլ իրենցից առանձնապես մեծ բան չեն ներկայացնում: Ունենք ֆուտբոլի դաշտ, ասֆալտապատ վազքուղիներ, որոնք տանելի վիճակում են: Այ, ցատկափոս չկա ու չի եղել: Մեր ֆիզկուլտուրայի ուսուցչուհին Աշտարակ հարս եկած ուկրաինուհի է՝ Ժաննա Բոնդարեւան: Նա դասերն անցկացնում է ծրագրի համապատասխան՝ դրանք հարմարեցնելով եղած պայմաններին»:

Հ. Գ. Ընդհանուր պատկերն այսպիսին է: Ի տարբերություն, ասենք, մայրաքաղաքի, Աշտարակում ֆիզկուլտուրայի դասերը պատշաճ կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները կան: Մնում է, որ տեղերում պատասխանատուները լուրջ վերաբերվեն առարկային: Ֆիզիկական կուլտուրա առարկան Աշտարակում լուրջ հիմքերի վրա՞ է դրված կամ անտեսվա՞ծ է: Դժվար է ասել: Հավանաբար, երկուսն էլ միասին: Պայմաններ կան ու ինչ-որ բան արվում է: Բայց հաստատ կաղում է կազմակերպչական մասը: Հետագայում կրկին ու ավելի հիմնավոր կանդրադառնանք այս հարցին ու կտանք հստակ պատասխաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել