Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկուզ ժամանակավոր վերադարձ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Կազմակերպիչներն ի սկզբանե այսպես են պատկերացրել Վերադարձի փառատոնը

«Տունդարձ… Ինչ առիթով ու երբ էլ տուն վերադառնաս, մաքուր հուզումների ու թանկ ապրումների մի բեռ քեզ հետ ես բերելու: Եթե այն հնչյունների արվեստով մեզ հետ կիսելու ծրագրով ես եկել՝ մեր ուրախությունն ես բազմապատկում: Եթե դրսերում ապրող-գործող քո նոր ընկերներին էլ ես քեզ հետ բերել՝ լավ ես արել: Դրանից էլ է մեր ուրախությունը բազմապատկվում: Տունդարձի քո նվիրական զգացումներն էլ, գեղեցիկն արարելու, նոր արժեքներ ճանաչելու քո կուտակած փորձն ու հմտություններն էլ, քո նոր գործընկերների ներկայությունն էլ թանկ է մեզ համար: Լավ է, որ թեկուզ ժամանակավոր, բայց միասին ենք, լավ է, որ քո ազնիվ ներշնչանքը վկայող հնչյունների ոլորտում ենք՝ տան ներսում»,- երրորդ տարին անցկացվող Վերադարձի փառատոնի մասին «Առավոտին» այսպես ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Վերադարձի երրորդ փառատոնը, որ մեկնարկել էր սեպտեմբերի 22-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) եւ իսրայելաբնակ դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանի ելույթով կեզրափակվի նոյեմբերի 24-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Փառատոնի հիմնադիրները՝ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանն էլ հայտնեցին, որ համաշխարհային հռչակ ու ճանաչում ունեցող մեր հայրենակիցների թեկուզ ժամանակավոր վերադարձը նոր լիցք է հաղորդում հայաստանյան մշակութային կյանքին:

Գերմանաբնակ կլավեսինահար Միքայել Բալյանի խոսքերով էլ՝ «եթե հրաշքով մի օր Հայաստանում ստեղծագործողի համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, հավատացնում եմ՝ բոլորս կվերադառնանք»:

Նշենք, որ փառատոնի տարեցտարի ընդլայնվող աշխարհագրական, ինչպես նաեւ գեղարվեստական սահմաններն այս տարի հնարավորություն ընձեռեցին ստեղծագործական, նաեւ մշակույթների երկխոսության հետաքրքիր դրսեւորումների: Օրինակ, «Հայաստան-Բուլղարիա երաժշտական կամուրջներ» ծրագիրը, որի ընթացքում հնչեցին բուլղարացի կոմպոզիտորներ Միրոսլավ Դանեի, Իվելին Դիմիտրովի, Պենչո Ստոյանովի, Արթին Փոթուրլյանի եւ այլոց երկերը: Փառատոնային օրերին հանդիպեցինք ճանաչված մեցցո սոպրանո, շվեյցարաբնակ Ջուլիետ Գալստյանին, ռուսաստանաբնակ դաշնակահարուհի Նինա Սարապյանին եւ այլոց: Այլազգի կատարողների թվում իսկապես նվեր էր իսպանացի ակորդեոնահար Էնրիկե Ուգարտեն: Վերադարձի փառատոնի հիմնադիրները, որոնք նաեւ հնգամյա «Ազգային պատկերասրահ» փառատոնի հիմնադիրներն են, հայտնեցին, որ երկու փառատոներն էլ կամաց-կամաց միջազգային ճանաչում են ստանում: Ասվածի վկայությունն է՝ Լոնդոնի Saint John Smith համերգասրահում հոկտեմբերի 31-ին կայանալիք հայաստանցի 7 երիտասարդ երաժիշտների ելույթը: Իրենց հաջողությունը կազմակերպիչները պայմանավորում են «ՎիվաՍել- ՄՏՍ»-ի հովանավորությամբ: Վերջինիս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով՝ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամին (նախագահ՝ Մ. Շահինյան, գործադիր տնօրեն՝ Գ. Նազարյան) աջակցելու որոշման հիմքում ընկած է հավատը, որ հայ եւ համաշխարհային դասական երաժշտությանն այսօր սատարելը դնում է ապագայում շարունակականության հիմքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել