Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԻՏԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՐՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅՈՒՄ

Հոկտեմբեր 21,2009 00:00

\"\"Կարծում է ՌԴ եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Արմեն Մեդվեդեւը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի ժամանակ մեծ նշանակություն տրվեց մանկական ժյուրիին, որի կազմում ընդգրկված էին 8-16 տարեկան աղջիկներ եւ տղաներ:

Ինչպե՞ս է զարգանում հայկական կինոինդուստրիան, անիմացիոն ֆիլմեր ունե՞նք, թե՝ ոչ, ի՞նչ որակի են, դո՞ւր են գալիս մանուկներին հայկական մուլտերը: Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց փառատոնի մանկական ժյուրիի անդամների հետ: Ըստ նրանց՝ կինո ունենք, բայց զարգանալու տեղ էլ շատ ունենք:

«Հայկական կինոն չի զարգանա, մինչեւ չունենանք նորմալ ռեժիսորներ»,- կարծում է Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի մանկական ժյուրիի անդամ՝ 11-ամյա Բաբկեն Սիմոնյանը: Նրա խոսքով, կինոն այնպիսի արվեստ է, որին պետք է ամբողջությամբ նվիրվել. «Սիրողական արվեստ չէ: Հայերը սիրողական են նայում, կինո են նկարում միայն իրենց հաճույքի կամ գումար վաստակելու համար… Կամ մասնագիտություն ընտրելուց առաջ չեն մտածում՝ դա իրենց համա՞ր է, թե՞ ոչ: Մամաներն ու պապաները ի՞նչ խորհուրդ տան: Ես այդպես չեմ մտածում. օրինակ՝ անցյալ տարի որոշել էի պատմաբան դառնալ, այս տարի որոշումս փոխվել է՝ ռեժիսոր եմ դառնալու, որ հետագայում ինձ մոտենան լրագրողները եւ հարցնեն՝ ի՞նչ կարծիք ունեք հայկական կինոյի մասին, ես էլ ասեմ՝ ես ստեղծողներից մեկն եմ ու իմ ամեն մի ֆիլմը խոսում է կինոյի բարձր մակարդակի մասին: Կինոն ինձ հարազատ տարածք է, որտեղ ինձ լիարժեք ազատ կզգամ, կանեմ այն՝ ինչ ուզում եմ: Այսօրվա կինոյում կարծես չկա այդ ազատությունը, ռեժիսորները միայն հայկական խաչքարեր, եկեղեցիներ ու գյուղեր են նկարում: Բայց դրանով Հայաստանն ու հայերի պատմությունը չի ավարտվում: Մյուս կողմից էլ, վերջին շրջանում հայկական կինոն ոչնչով չի զիջում ռուսականին…»: Փառատոնի մանկական ժյուրիի նախագահ Ռոման Բադալյանը հույս հայտնեց՝ հայ ռեժիսորները սկսել են տեղներից շարժվել. «Երեւի խանդը կամ նախանձը խոսեց նրանց մեջ ու սկսեցին ինչ-որ բան ստեղծել: Բայց միայն կինոն չէ, կարգին մուլտեր չկան, ես չեմ կարողանում հայկական մուլտեր նայել, ուղղակի չեմ սիրում: Եթե շարունակեն այսպես կենտրոնանալ ֆիլմերի վրա՝ մուլտֆիլմերը կմնան հետին պլանում»: 11-ամյա Մերի Սարգսյանի կարծիքով էլ՝ մուլտիպլիկացիան ավելի զարգացած է Հայաստանում, քան կինոն. «Սերիալներն են օր օրի զարգանում, բայց դա կինոարվեստ չէ: Վստահ եմ, որ մի քանի տարի հետո «Մադագասկարի», «Շրեկի» պես մուլտիկներ ենք ունենալու»: 12-ամյա Աշոտ Աբրահամյանն էլ վստահեցրեց. «Մուլտիպլիկացիան ավելի առաջ է, իսկ կինո չկա, չունենք: Չնայած ես չեմ երազում կինոյի հետ կապել կյանքս, բայց պլաններ ունեմ՝ ուզում եմ բիզնեսմեն դառնալ ու մեծ գումարներ ներդնել կինոյի ոլորտում»: Աշոտի 13-ամյա ընկեր Ալբերտ Այվազյանն էլ նշեց. «Ես էլ եմ ուզում գործարար դառնալ եւ ներդրումներ անել, որ պատճառ չբռնեն, թե ֆինանսների համար հայկական կինոն չի զարգանում: Կինոն զարգանում է, 20 տարի անց մեծ հաջողություններ ենք գրանցելու, ճիշտ է՝ «Օսկարի» չենք հասնի, բայց մեր մասին դեռ կխոսեն»:

Հայկական կինոյի խնդիրների մասին խոսեցինք նաեւ ՌԴ եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Արմեն Մեդվեդեւի հետ: Ըստ նրա, Հայաստանում ռեժիսուրա կա եւ ներկայիս ժամանակակից կինոն ոչնչով չի զիջում սովետական կինոյին. «Հայկական կինոն երկու խնդիր ունի: Առաջինը սցենարայինն է: Բոլոր հայ ռեժիսորներն են իրենց համար սցենար գրում… Ես չեմ հասկանում՝ սցենարիստներ կա՞ն, թե՞ ոչ, համենայնդեպս՝ նրանց չեմ տեսնում, չեմ կարդում տիտրերում: Դրա մեղավորությունը նաեւ այն է, որ հայկական կինոն թեմաներ չի քաղում ազգային գրականությունից, ինչպես Մալյանի, Դովլաթյանի ժամանակներում, հավանաբար չեն ծնվում հաջողված գրական գործեր: Երկրորդը՝ անցյալի հիշողությանը, անցյալը գնահատելու խնդիրն է: Հաճախ եմ կարդում ժամանակակից կինեմատոգրաֆիստների հարցազրույցները. ինչ-որ տեղ հասկանալի է, որ նրանք չեն հիշում Բեկնազարյանին, Կեւորկովին, բայց մի՞թե կարելի է չհիշել Մալյանին, Դովլաթյանին… Հարցազրույցներից թվում է՝ այդ ժամանակակիցները նոր կինեմատոգրաֆիա են ստեղծում դատարկ հողի վրա, կարծես անցյալ չկա, հայկական կինոն պատմություն չի ունեցել: Հենց անցյալի ինքնազգացողության եւ գիտակցության պակասն էլ անդրադառնում է հայկական նորօրյա ֆիլմերի որակի վրա»: Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի հայկական կինոն 10-20 տարի անց, Ա. Մեդվեդեւը պատասխանեց. «Ես լավատես եմ՝ պոտենցիալ ունենք, միայն թե բազայի խնդիր կա: Եթե կառավարությունը վերականգնի կինեմատոգրաֆիայի բազան, հարուստ մարդիկ ոլորտում ներդրումներ անեն՝ հաստատ հայկական կինոյով կպարծենանք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել