Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒԿՈՒՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՅՈՒՄ ՉԷՐ ԵՐԳԻ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Գրողներ, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող Հակոբ Մովսեսն ու Ռուբեն Հովսեփյանը երեկ ոչ թե բանավիճեցին, այլ եկան կատարյալ համաձայնության «Հայելի» ակումբում: Ըստ «Ա1+»-ի, նրանք մտահոգություն հայտնեցին, որ վերջին շրջանում հայկական մշակույթը թուրքական ազդեցության տակ է հայտնվել: «Այն ազդեցությունները, որ եղել են մեր մշակույթի վրա միջնադարում\’ պարսկական, արաբական, եվրոպական եւ այլն, դրանք հարստացրել են, իսկ այն ազդեցությունները, որոնք եղել են թուրքական, կողոպտել են մեր մշակույթը»,- ասաց ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը: Նա տեղեկացրեց, որ իր պաշտոնավարման ժամանակ վիճակն ավելի բարվոք էր, քան այսօր. «Մենք պետական բոլոր դահլիճները փակեցինք ռաբիսի առաջ. ռաբիսը պետք է լինի, հնարավոր չի այն ոչնչացնել, բայց մեր այսօրվա ամբողջ մշակույթի մեջ արեւելյան զգայացունցությունն է գերակշռում: Այսօր, իհարկե, դրությունը մեզ մոտ շատ ավելի վատ է, քան միջնադարում, երբ կողք կողքի էինք ապրում թուրքերի հետ: Մեր մասսայական երաժշտությունը թուրքական լադերի ազդեցության կամ ագրեսիայի տակ է. ռաբիսը կար միշտ, եղել է նաեւ 50-60-ական թվականներին, բայց ինքը դրված էր իր աստիճանական, դիֆերենցված տեղում, 60-ական թվականներին դուք կպատկերացնեի՞ք, որ Կուկուն գար Համալիրում համերգ տար կամ Ֆիլհարմոնիայում երգեր: Սա է, որ մեր մեջ խախտվել է: Հասարակությունը օրգանիզմ է, ամեն ինչ պետք է լինի. գլխի վրա կա մազ, որը շատ գեղեցիկ է, բայց երբ այդ մազը ընկնում է ճաշի մեջ, շատ անտանելի է, այ, այդ դիֆերենցվածությունն ենք կորցրել: Մենք պոռնիկին հանել ենք բեմ, հանցագործին բերել ենք չգիտեմ որտեղ, գիտնականին տարել ենք բերդ. հեռուստացույցով ռաբիսն ու ցածրաճաշակ արվեստը մտնում է մեր տուն՝ 3 միլիոն ընտանիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել