Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Դիմում եմ Ձեզ՝ պարոն վարչապետ Տիգրան Սարգսյան:

Հնարավորության դեպքում նախ այցելեք 18-ամյա վաղամեռիկ բանաստեղծ Դավիթ Հովսեփյանի տուն-թանգարան, որը գտնվում է Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի 32 շենքի բնակարան 3-ում եւ ապա վճիռ կայացրեք՝ հիշյալ տուն-թանգարանին շնորհելու պետական կարգավիճակ: Հիշեցնեմ, որ Դավիթի բնակարանը 1989-ից մինչ օրս ուխտատեղի է շատերի համար: Այնտեղ ներկայացված են Հովհաննես Շիրազին, Զորավար Անդրանիկին, ազատագրական շարժման նվիրյալներին նվիրված բացառիկ ցուցանմուշներ:

Դավիթ Հովսեփյանը տաղանդավոր բանաստեղծ էր:

Հաճախ եմ հիշում նրա այս տողերը.

Մինչեւ այժմ էլ սիրտս է ցավում Հայաստանի բյուր ցավերով,

Սիրտս է ցավում, բայց հպարտ եմ այս իմ ծաղկած Հայաստանով,

Արարատով, որ թիկնել է մայր Արաքսի ջինջ ափերին,

Եվ ցորենի հասկի նման ծլած, ծաղկած իմ հայ ազգով:

Հուսով եմ եւ շնորհակալ

Ա. ՉՈԲԱՆՅԱՆ

Երեւան, Նորքի ծերանոց

 Նույն հարցով ՀՀ պաշտպանության նախարարություն էր դիմել Դավիթի մայրը՝ տիկին Ստելլան: Այնտեղից պատասխանել էին. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ՝ նման արժանավոր զավակ դաստիարակելու համար», նաեւ տեղեկացրել, որ որեւէ հաստատության պետական տուն-թանգարանի կարգավիճակ շնորհելու գործառույթը վերապահված է ՀՀ կառավարությանը:

Իսկ ՀՀ մշակույթի նախարարությունից Ս. Հովսեփյանին ասել էին, որ ողջունում են նախաձեռնությունը, միաժամանակ հայտնում, որ համապատասխան օրենսդրության բացակայության պատճառով հնարավոր չէ լուծել թանգարանի կարգավիճակի հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել