Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրի հույսով

Հոկտեմբեր 21,2009 00:00

Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հյուրն էր «ԷՅԲԻԲԻ միջազգային մարքեթինգ» ընկերության ներկայացուցչությունը՝ տարածաշրջանային ղեկավար Ժոզեֆ Գրանդի գլխավորությամբ:

\"\"Այս կազմակերպությունը, որը 100 տարի շարունակ շուրջ 100 երկրներում աշխատում է էլեկտրակայանների եւ էլեկտրական ցանցերի սարքավորումների, էլեկտրականության արտադրության, ավտոմատացման եւ կառավարման համակարգերի մշակման եւ ներդրման ոլորտում, շուտով կհամագործակցի հայաստանյան բուհի հետ: Երեկվա քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ ՀՊՃՀ-ն, ունենալով համապատասխան դասախոսական ներուժ, այսուհետեւ ընկերության հայաստանյան գրասենյակի համար կդառնա անհրաժեշտ կադրային պոտենցիալ պատրաստող կազմակերպություն: Հանդիպման ընթացքում Ժոզեֆ Գրանդին ներկայացրեց ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, այնուհետեւ քննարկվեցին համագործակցության հնարավոր տարբերակներ, որոնք կառնչվեն առաջին հերթին մասնագետների պատրաստման, վերապատրաստման, ուսանողների առաջադիմության, հետազոտական աշխատանքների իրականացման գործում նրանց ակտիվության խրախուսման, ինչպես նաեւ էներգախնայողական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած փորձի փոխանակման եւ այլ հարցերին: «ԷՅԲԻԲԻ միջազգային մարքեթինգ» ընկերության տարածաշրջանային ղեկավար Ժոզեֆ Գրանդին նշեց. «Լավ կլինի, որ մեր ընկերության գործունեությունը Հայաստանում աջակցություն ստանա ոչ միայն կրթական հաստատությունների, այլեւ պետական մարմինների կողմից»:

ՀՊՃՀ ֆինանսական գծով պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանն էլ ասաց. «Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված բոլոր դրույթները, մասնավորապես ընկերության հետ համագործակցության շրջանակներում ուսանողների եւ դասախոսական կազմի պատրաստման եւ վերապատրաստման հարցերի վերաբերյալ, կվավերացվեն երկկողմանի պայմանագրով»:

Երեկվա հանդիպման ընթացքում Ժոզեֆ Գրանդին կարծիք հայտնեց, որ իրենց կատարած ուսումնասիրությունների համաձայն Հայաստանում գրանցվել է էներգախնայողության ցածր մակարդակ: Այս դիտարկումը միանշանակ չընդունվեց հայաստանյան մասնագետների շրջանում եւ ծավալվեց բուռն բանավեճ: Իսկ «ԷՅԲԻԲԻ միջազգային մարքեթինգ» ընկերության եւ Պոլիտեխնիկի միջեւ վերոնշյալ դրույթների շուրջ երկկողմանի պայմանագիր կստորագրվի առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել