Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԸ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Հրաժարվել «թմբիրի բանաձեւից»

\"\"Սովորելու բնատուր ընդունակություն ու խորհրդային Ռուսաստանից ժառանգություն ստացած ֆունդամենտալ գիտելիքներ ունեցող ազգին արեւելք-արեւմուտք քաղաքակրթությունների դարպասի պահապանի հավակնությունն ունենալու համար, կարծում եմ, որ պակասում է միայն պոլսահայ մտավորականի բարեկրթությունը եւ մեր հարեւանի հետեւողական լինելու հատկությունը: Պոլսահայ մտավորական, լսել էի, բայց չէի տեսել, հիմա արդեն, աշխարհի ցանկացած ծայրում կարող եմ ինձ հպարտ զգալ:

Ի՞նչ անել, փակ մենության մեջ հետադիմե՞լ, թե՞ դեմոգրաֆիկ էքսպանսիայի վախի մեջ մեռնել: Ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը: Դիմակայե՞լ, ամենեւին: Դիմակայել նշանակում է ի սկզբանե պաշտպանական դիրք բռնել: Ապա՞: Պարզել, թե ինչ ենք ուզում:

Ի՞նչ են ակնկալում մեր վերքերին սպեղանի դնողներն ա՛յս անգամ. Կովկասից մինչեւ Իրան, Թուրքիայից մինչեւ Ադրբեջան, բոլոր մեծ ու փոքր պահանջատերերի ձայնը դարձնել պակաս լսելի եւ ստիպել մեզ ստանձնել դոմինանտի հերթական շնո՞րհը: Հայաստանը դարձնել քաղաքական դեստրուկտիվ էներգիա սինթեզելու վա՞յր: Հետո էլ՝ ով որ պահին, ինչ կկարողանա՝ կտանի ձեռքի հետ: Փորձված տարբերակ է: Միշտ գործել է մեծ պետությունների պարագայում: Իսկ ինչո՞վ են մեծ «մեծ պետությունները», միգուցե կարողանում են մե՞ծ նպատակներ դնել: Եվ ի՞նչ, եթե փոքր պետություն ենք, ապա պետք է փո՞քր նպատակ դնենք: Փոքր նպատակները չեն աշխատում (կայանում), դեռ ավելին, դառնում են միջոց «մեծ»-երի մեծ նպատակին հասնելու ճանապարհին:

Համայն մարդկությունը դժգոհ է. ադրբեջանցին, որ հայ հարեւան ունի, թուրքը՝ քուրդ, ռուսը՝ վրացի, վրացին՝ աբխազ, ուկրաինացին՝ ռուս… Ասում են՝ մեր նախկին կառավարությունները թույլ են եղել, ներկայինս էլ՝ ոչ լեգիտիմ, եւ, բնականաբար, ենթակա՝ արտաքին ճնշմանը: Ցանկացած կառավարության ու մեծաքանակ ազգի էլ կարելի է ենթարկել ճնշման, բայց անգամ ամենաթույլ կառավարությանը եւ փոքրաթիվ ազգին բացառվում է ենթարկել ճնշման, եթե նրա հասարակությունը կազմված է կայացած քաղաքացիներից:

Թուրքիայի կողմից էքսպանսիայի փորձ կլինի: Չփորձել նվաճել մի ազգ, որը կարմիր լույսի ժամանակ անցնում է փողոցը, անտեսում սեփական անվտանգությունը…, հույսը դնում է պատմական փաստաթղթերի բովանդակությունը սնկի նման աճող նորաստեղծ կառույց-դատավորներին լուսաբանելու վրա, կլինի առնվազն հերթական հնարավորության բացթողում: Պետք է ենթադրել, որ եթե նախկինում կիրառվեր «թմբիրի բանաձեւը», ապա կկազմվեր հայ եւ ադրբեջանցի պատմաբանների խումբ, որն էլ կլուծեր Արցախի խնդիրը: Հույս դնել խնդրո առարկայի սուրբ լինելու վրա եւ վստահել այսօրվա նոմենկլատուրային հայ պատմաբանների անկողմնակալությանը, նշանակում է լավատեղյակ չլինել խորհրդային տարիներին նույնորակ պատմաբանների ծավալած գործունեությանը: Պատմաբանների համագործակցություն, դեմագոգիկ մեքենայի գործարկում, անցածը լիբերալիզացիայի ենթարկելու հրաշալի հնարավորություն… Խոստովանենք, որ սահմանը բացելուց ու արձանագրության տեքստից ավելի՝ մեզ անհանգստացնում է արհեստավարժ դիվանագետների բացակայությունը: Շարունակական բանակցային գործընթացին դիմանալ, եւ դեռ ավելին, առաջնությունը պահել սեփական ձեռքում, այն էլ ո՞ւմ, թուրք դիվանագետների հե՞տ… Եթե այսօր հասարակության լայն զանգվածի համար չկան խոստումնալից դիվանագետների ծանոթ անուններ, դա դեռ չի նշանակում, որ ընդհանրապես չկան: Եթե այս պահից որդեգրենք քաղաքացիական հասարակությանը վայել արժեքներ, ապա նրանք իրենց կզգան պահանջված ու կդառնան մեզ համար տեսանելի: Անկախություն ձեռք բերելուց հետո, մեզ վրա բավարար չաշխատելու հետեւանքով առաջին հարվածը ստացավ հայկական դիվանագիտությունը: Խուճապի մատնվելու փոխարեն՝ երկրորդ, երրորդ, չորրորդ եւ մնացած հաջորդ օղակների մասին մտածենք:

Մեր հայ գործարարների (մեծ բիզնես) միասնական ներգրավումը ներկայիս գործընթացի մեջ՝ ժողովրդի համար առիթ կդառնա հարստության հանդեպ ունեցած ատելությունից, հպարտ աղքատի հոգեբանությունից, էժան ապրանքի գայթակղությունից հրաժարվելու: Մտավորականներին էլ կտա հոգեւոր եւ նյութական արժեքների «անտագոնիզմի» մասին մտորելու հերթական հնարավորություն:

Դեմոգրաֆիկ էքսպա՞նսիա: Ինչպե՞ս… Թուրք վարորդը երբեք չի կարող մրցակից լինել հայ վարորդի համար, եթե հայ վարորդը հասկանա, որ անծանոթին դու-ով դիմել չի կարելի, անծանոթ կնոջն էլ՝ քուր կամ մորքուր-ով: Այո, դուք կռահեցիք, պատշաճ դիմելաձեւը եւ լեզվական բարձր կուլտուրան ազգային անվտանգության երաշխիք են: Թուրքական երաժշտությունն էլ հայկականի հետ չի կարող մրցակից լինել, եթե մեր կոմպոզիտորներն ու երաժիշտներն իրենց պատասխանատու զգան հայկական էստրադայի համար՝ ընդամենը քաղաքացիական պարտքի շրջանակում… Դուք կրկին կռահեցիք, մեծամտությունն էլ կարող է հարվածի տակ դնել ազգային անվտանգությունը: «Եթե»-ները շտկենք այսօր՝ գալիքի համար: Շարունակելու հարկ չկա, մոտեցումը պարզ է:

Տագնապի էներգիան քաղաքացի կերտելու գործին ուղղորդելու համար այժմ լավ պահ է: Ընդամենը պետք է դնել նպատակ, որը կմիավորի բոլորիս: Եթե նպատակը ստեղծում է տարաձայնություններ Հայաստանում եւ Սփյուռքում, նշանակում է, որ դեռ գտնված չէ, որ այն բոլորինը չէ, որ այն մերը չէ, ուրիշինն է: Ինչ չենք ցանկանում՝ գիտենք. մտածենք, թե ինչի ենք ուզում հասնել: Մեր նպատակը գտնելու դեպքում կասկածներն ու ջղաձգումներն իրենց տեղը կզիջեն հոգու հանգստությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել