Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի «Համայնքների զարգացում» ծրագրի շրջանակներում երեկ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի մասնակցությամբ հանրությանը ներկայացվեց «Հայաստանի գյուղական եւ քաղաքային համայնքներ» տեղեկատվական բազան եւ «Ըստ աշխատանքների կատարման» բյուջետավորման հայեցակարգը:
Երկու նախաձեռնությունների նպատակն էլ նույնն է. վերհանել խնդիրներն ու լուծումներ առաջարկել: Տարբերությունը բովանդակության մեջ է: Գյուղերի եւ քաղաքների տեղեկատվական բազայում 865 գյուղ եւ 48 քաղաք ներկայացված են ըստ առկա խնդիրների՝ 560 գյուղում չկա մանկապարտեզ, գյուղատնտեսական հողերի 25 տոկոսը չի մշակվում, 587 համայնքապետարան՝ կրթության եւ գիտության վրա ծախսեր չի արել, 860 համայնքապետարան էլ առողջապահության ուղղությամբ ծախսեր չի արել եւ այլն: Իսկ «Ըստ աշխատանքների կատարման» բյուջետավորման հայեցակարգը, արձանագրելով, որ համայնքի ֆինանսական միջոցների պլանավորման գործում թերություններ կան, որոնք դանդաղեցնում են ՏԻՄ զարգացումը, առաջարկում է բյուջետավորման առավել արդյունավետ մոդել կիրառել, որը ծախսերի արդյունավետության, կայուն զարգացման աճին զուգահեռ, նպաստելու է նաեւ տեղական ժողովրդավարության զարգացմանը ու ապահովելու է համայնքի բնակիչների իմաստալից մասնակցություն տեղական խնդիրների լուծմանը: