Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանից ԴԱՀԿ-ն չի ստացել

Հոկտեմբեր 21,2009 00:00

Երեկ Դատական ակտերի հարկադիր ծառայության մամուլի քարտուղարը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ կապված հոկտեմբերի 15-ին Մ. Մկրտչյան թիվ 15 հասցեում («Էրեբունի հյուրանոցի բակ») իրականացված վտարման հետ: Խնդրին անդրադարձել է նաեւ «Առավոտը»: «2009թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում ստացվել է կատարողական թերթ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն, պատասխանող Խաչատուր Գիչյանին պարտավորեցվել է ազատել «Յունիտրանս ինտերնեյշընըլ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքը, մասնավորապես՝ վտարել պատասխանողին: Օրեր անց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ այլ որոշմամբ, որպես հայցի ապահովման միջոց, արգելել է վտարման հետ կապված գործողությունների իրականացումը: Սակայն հոկտեմբերի 5-ին դարձյալ նույն դատարանի որոշմամբ հայցի ապահովումը վերացվել է, ինչը նշանակում է, որ վտարումը պետք է իրականացվեր: Վտարման օրը, երեկոյան ժամը 17.30-ին, ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի ընդհանուր բաժնում պատասխանողի կողմից մուտք է արվել ՀՀ վարչական դատարանի կողմից տրված կատարողական թերթը, ըստ որի՝ դատական գործի շրջանակներում դատարանը կրկին, որպես հայցի ապահովում՝ արգելել է վտարման հետ կապված գործողությունների իրականացումը: Ընդ որում, դատարանի կողմից կատարողական թերթը տրվել է դեռեւս սեպտեմբերի 30-ին: Այս պարագայում անհասկանալի է, թե ինչու պատասխանողը, այն էլ փաստաբան ունենալու դեպքում, չի ներկայացրել կատարողական թերթն ավելի վաղ: Իսկ ՀՀ վարչական դատարանից ԴԱՀԿ ծառայությունում նշված գործի առնչությամբ կատարողական թերթ չի ստացվել», հայտնում է ԴԱՀԿ մամուլի քարտուղարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել