Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԴԵՄ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Վարձակալած տարածքը սեփականաշնորհել են

\"\"Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը «Էջմիածին- 556» կոոպերատիվի տնօրեն Գառնիկ Աբրահամյանի հետ կնքում է պայմանագիր, որով ակումբագրադարանային տեխնիկումի արեւելյան մասում գտնվող 475,0 քմ հողատարածքը տրվում է նրան՝ որպես խանութ օգտագործելու նպատակով: Պայմանագիրը կնքվում է 7 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսված վարձակալական վճարումները փոխանցվում են քաղաքապետարանի հաշվի համարին: Այդ տարածքը տրվում է Գ. Աբրահամյանին եւ նրա բազմանդամ ընտանիքին (ունի 4 տղա, նրանց խնամքին է 17 անձ), քանի որ մինչ այդ Աբրահամյանի կոոպերատիվը Էջմիածնի նախկին զբոսայգում ուներ խանութ, ինչը Մայր աթոռի հոգեւորականների համար հանրակացարան կառուցելու կապակցությամբ քանդվեց:

\"\"Փոխադարձ համաձայնությամբ «Էջմիածին-556»-ը տեղափոխվեց նոր տարածք, որտեղ սկսվեցին ակտիվ շինարարական աշխատանքներ: Նախկին աղբանոցը դարձավ սպասարկման տարածք: Սակայն այն չգործեց:

Ակումբագրադարանայինն առանձնացվեց բարձր պատով: Գումար չլինելու պատճառով տարածքի շինարարությունը կանգ առավ, ներսի կոսմետիկ աշխատանքները դադարեցվեցին: Աբրահամյանները ըստ էության չհասցրին իրենց ձեռք բերած տարածքից եկամուտ ստանալ:

Եվս 7 տարի ժամկետով վարձակալության պայմանագիրը երկարացնելու ժամանակը երբ եկավ, Գ. Աբրահամյանը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 15-ի 1975-Ն որոշմամբ՝ իր վարձակալած տարածքը նվիրաբերվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Այսինքն՝ տեղի է ունեցել սեփականատիրոջ (քաղաքապետարանն էր նախկինում) փոփոխություն:

Չնայած այդ իրողությանը, Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանն իր այս տարվա մարտի 9-ի 292 գրությամբ Գառնիկ Աբրահամյանին հայտնեց, որ չի առարկում, որ կոոպերատիվի վարձակալական իրավունքը մնա ուժի մեջ:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին դիմում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գառնիկ Աբրահամյանի դեմ, պահանջելով, որ նա հողամասը շինություններից ազատի եւ վտարվի տարածքից:

Հոգեւոր կենտրոնը դատարան ներկայացրած հիմնավորումներում նշել էր, թե քանի որ իրենց տարածքում է գտնվել կոոպերատիվը, մինչ դատարան դիմելը առաջարկել էր, որպեսզի կոոպերատիվը պայմանագիր կնքի (նույն պայմաններով, նույն ծավալով, ժամկետով) Մայր աթոռի հետ: Աբրահամյանները հրաժարվել էին Մայր աթոռ գնալ, պատճառաբանելով, որ պայմանագիր ունեն քաղաքապետարանի հետ:

«Հողամասն օգտագործելու համար՝ ոչ քաղաքապետարանին, ոչ Մայր աթոռին վարձավճարներ չեն մուծել: Աբրահամյանն առաջարկել է եկեղեցուն՝ գնել հողամասը, դրա վրա կառուցած շինությունը՝ իրենց առաջարկված գնով, ինչին Եկեղեցին չի համաձայնել, ասելով, որ հողամասն իր սեփականությունն է», պատճառաբանել է Հոգեւոր կենտրոնը: Ի դեպ, Աբրահամյաններն ասում են, որ իրենք Մայր աթոռին ոչ թե առաջարկել են գնել հողամասն ու առկա շինությունը, այլ՝ տալ իրենց ձեռք բերած տարածքի, դրանում կատարած աշխատանքների գումարը:

80-ամյա Գառնիկ Աբրահամյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ այդ տարածքը իրենց տրվել է նախկինում կորցրած տարածքի դիմաց: Նախկին տարածքն ավելի է եղել իր սահմաններով: Իրենք նախկին տարածքից հրաժարվել են, քանի որ եկեղեցին հանրակացարան պիտի կառուցեր, իսկ քաղաքապետն էլ այլ տարածք է հատկացրել: Նրանք քաղաքապետարանի հետ կնքել են պատշաճ վարձակալության պայմանագիր, պարսպով առանձնացրել այն՝ այլեւս Հոգեւոր կենտրոնին պատկանող զբոսայգուց:

Այս ամենից հետո դատարանը նախ կոոպերատիվի շինություններն ապամոնտաժելու որոշում է կայացրել, ապա՝ Աբրահամյանին վտարելու:

Կոոպերատիվի լիազոր-ներկայացուցիչ Գոհար Գալստյանն իր վերաքննիչ բողոքում հայտնում է, որ «Էջմիածին-556» կոոպերատիվին պատկանող շինությունը, որը քանդվել էր հանրակացարան կառուցելու համար, եղած շինանյութերը թողնվել է Մայր աթոռին: Երջանկահիշատակ Գարեգին Առաջինը կոոպերատիվին խոստացել էր տալ 60000 դոլարին համարժեք դրամ, սակայն նրա մահվան պատճառով այդ հարցը մնացել է առկախ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել