Քաղաքակիրթ երկրներում խոշոր ընկերությունները պարտադիր իրենց աշխատակազմում ընդգրկում են հաշմանդամ մարդկանց, որովհետեւ, բացի բարոյական կողմը, հաշմանդամին աշխատանքի տեղավորելը եւ նրան հասարակության մյուս անդամներից չտարբերելը խոսում է ընկերության բարձր վարկանիշի մասին:
Մեր երկրում շատ գործատուներ բոլորովին այլ սկզբունքով են առաջնորդվում՝ չցանկանալով հաշմանդամին անգամ բանվորի հաստիք տալ իրենց ընկերությունում:
Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ Արմեն Վաթյանը զինվորական ծառայության ընթացքում Ղարաբաղում վիրավորվել է եւ ստացել հաշմանդամության առաջին կարգ: Հաշվի առնելով, որ ինքը տան կերակրողն է եւ առաջին կարգի հաշմանդամին օրենքով չի թույլատրվում աշխատել, Արմենի խնդրանքով հաշմանդամության կարգը դարձրել են երկրորդ: Հաշմանդամ դառնալուց հետո նա աշխատել է Արարատի ցեմենտի գործարանում:
Իսկ հիմա որքան էլ Ա. Վաթյանը գրավոր դիմում է հանրապետության տարբեր ընկերությունների ու ձեռնարկությունների տնօրինություններին, այդ թվում եւ պետական ատյաններին՝ իրեն աշխատանքի տեղավորելու համար, ոչ ոք որեւէ կերպ նրա խնդրանքին չի արձագանքում: Արմենն ունի երկու երեխա, իսկ հաշմանդամության համար տրվող թոշակը չի բավականացնում՝ ընտանիքի անգամ ամենահասարակ կենցաղային խնդիրները հոգալու համար:
Նշենք, որ մեր կառավարությունը հաշմանդամներին աշխատանքով ապահովող գործատուների համար արտոնություն է սահմանել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության բաժնից «Առավոտին» վստահեցրին, որ աշխատավարձի փոխհատուցման ծրագրով հաշմանդամին գործատուի վճարած աշխատավարձի կեսը տալիս է պետությունը. «Եթե գործատուն վճարում է 40 հազար դրամ աշխատավարձ, 20 հազարը տալիս ենք մենք, բայց եթե տալիս է, ենթադրենք, 100 հազար դրամ, մենք փոխհատուցելու ենք միայն 30 հազարը, որովհետեւ նվազագույն աշխատավարձից բարձր իրավունք չունենք փոխհատուցել»: