Տարին դեռ չի ավարտվել, սակայն Գյումրիի ծննդատանն արդեն ծնվել է բնածին արատներով 12 նորածին:
Ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանի տվյալներով, Գյումրիում 2007-ին հիվանդ նորածինները 6-ն էին, ընդ որում՝ մեկը տառապում էր բնածին սիֆիլիսով, 2008-ին այդ թիվն աճեց՝ դառնալով 10, իսկ այս տարի արդեն 12 երեխա է արատով ծնվել: Մանուկները ծնվում են սրտի, քիմքի, վերին շրթունքի արատներով, կան նաեւ 5-ից ավելի եւ 5-ից պակաս մատներ ունեցողներ: «Թվայինով փաստացի ավելացում կա, բայց երբ մենք վերլուծում ենք նաեւ ծնունդների քանակը, այսինքն՝ եթե 2007-ին ունեցել ենք 850 ծնունդ, 2008-ին՝ 1308, եւ այս տարի հոկտեմբերի դրությամբ՝ 1100, էդ թիվը փաստացի աճ կարող ենք չհամարել, այլ մնում է նույն հարթակում, ուղղակի խնդիրն այն է, որ վաղ հայտնաբերման միջոցով կարելի է թիվը նվազեցնել, եւ ընտանիքներին բարդ պրոբլեմների մեջ չգցել, քանի որ արատներ կան, որոնք ոչ վիրաբուժական միջամտությունով եւ ոչ էլ այլ կերպ հնարավոր չէ շտկել: Եթե գայլի երախը կամ նապաստակի շրթունքը վիրահատությունով հնարավոր է կարգավորել, ապա կան ավելի ծանր արատներ, որոնք կյանքին անհամատեղելի են լինում, նույն օրը չէ, բայց ծնվելուց մի քանի ամիս անց նրանք մահանում են, ինչը ծնողները շատ ծանր են տանում»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Իսահակյանը: Ըստ նրա, խնդիրն այն է, որ այսօր Շիրակի մարզը չունի բարձրակարգ սոնոգրաֆ սարք՝ բնածին արատներով պտուղը հայտնաբերելու, հետեւաբար եւ հղիությունը ընդհատելու համար. «Ժամանակին կատարելով հետազոտություններ, մասամբ հնարավոր է վաղ հայտնաբերում, այսինքն՝ մինչեւ 12 շաբաթական հղիության ընթացքում հնարավոր կլինի հայտնաբերել թեկուզ, ասենք, 6-7 մատներով, թերզարգացած պտուղները, ողնուղեղային ճողվածքները եւ այլն: Հայտնաբերումից հետո կարելի է ընդհատել հղիությունը՝ հետագայում հղի կնոջը բժշկական հսկողության տակ վերցնելով. մենք գիտենք, որ բնածին արատների մի մասը ժառանգական է, քրոմոսոմային անոմալիաներ, որոնք կարելի է հետազոտել, պարզել պատճառները, հետագա հղիությունը ճիշտ պլանավորելու համար: Էդպիսի ծնունդները ավելի քիչ կլինեին, եւ հետեւանքը կլինի այն, որ ավելի կթեթեւացնենք պետության հոգսը»:
Բժշկի համոզմամբ, մեր պետության վրա ավելի էժան կնստի հետազոտական սարք գնելը, քան այդպիսի երեխաներին մանկատներում իր հաշվին խնամելը, քանի որ վիրահատություններն էլ երբեմն չեն օգնում, ու պետությունը հարկադրված է նրանց վրա անընդմեջ ծախսեր անել, դեղերով, սայլակներով ապահովել: Ծննդատան տնօրենի խոսքերով, այդ սարքը իր հիմնարկի բյուջեով հնարավոր չէ գնել, այն չափազանց թանկ է՝ $100-120 հազարին համարժեք դրամ: Ըստ նրա, այն ունենալու դեպքում կթեթեւացնեն նաեւ Շիրակի մարզի հեռավոր գյուղերի կանանց խնդիրները:
Նկատենք, որ Շիրակի մարզի հեռավոր գյուղերից շատերը զրկված են անգամ բուժկետերից, կան գյուղեր էլ, որոնք թեեւ ունեն բուժամբուլատորիաներ, սակայն դրանք ձեւական կառույցներ են, քանի որ չկան մասնագետներ, նույնիսկ՝ բուժքույրեր: Ա. Իսահակյանի խոսքերով, գյուղական բնակավայրերում կանանց հիվանդացության մակարդակը բարձր է, եւ սա կապված է թե՛ թվարկված հանգամանքների եւ թե՛ տղամարդկանց խոպան գնալ-գալու հետ: Շատ դեպքերում հենց արտագնա աշխատանքն է պատճառ դառնում արատավոր երեխաների ծնվելուն, քանի որ որոշ արատներ ի հայտ են գալիս վիրուսային ինֆեկցիայից. «Մենք գյուղերում հանդիպում ենք դեպքերի բարդացած վիճակին, եթե քաղաքում ինչ-որ կերպ հեշտ է լինում պոլիկլինիկաներ այցելել, ապա գյուղերում՝ հատկապես Ամասիայի ու Աշոցքի շրջաններում կան սեզոններ, երբ ճանապարհները փակ են: Եթե Աշոցքում հիվանդանոց կա, ապա Ամասիայում հիվանդանոց կա, բայց մասնագետ չկա: Ամասիայի հիվանդանոցի ստացիոնար ծառայությունը չի գործում, վիրահատություններ ընդհանրապես չեն կատարվում: Ամասիայում ծնունդը շատ քիչ է, մեծամասամբ գալիս են Գյումրի, իսկ ձմռանը, երբ ճանապարհները փակ են, դաշտամիջյան ճանապարհներով ստիպված, մի կերպ հասնում են Ղուկասյան կամ տանն են ծննդաբերում, ուրիշ ելք չունենք: Մենք Ամասիայում 8 տարի առաջ նաեւ դեպք ենք ունեցել, երբ ճանապարհների փակ լինելու պատճառով ծննդկանը մահացավ, հնարավոր չէր հասցնել հիվանդանոց»: