Այդ պատճառով էլ իրենց արտադրանքը վաճառակետեր տեղափոխում են հակահիգիենիկ պայմաններում
Այն, որ մեր երկրում հացի որակի վերահսկողությունը լիարժեք չէ, կարելի է համոզվել մայրաքաղաքում ընդամենը փոքրիկ շրջայց կատարելով: Այսօր սննդի ցանկացած վաճառակետում հանդիպում ենք «Ռաֆ», «բուդկա «Մոսկվիչ» կամ այլ ավտոմեքենաների թափքից մատակարարվող՝ չփաթեթավորված, առանց համապատասխան մակնշումների հացի: Մինչդեռ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը հստակ պահանջում է, որպեսզի Հայաստանում վաճառվող սննդամթերքը, այդ թվում՝ հացը, լինի փաթեթավորված, ունենա համապատասխան մակնշում, որտեղ նշված լինեն արտադրության հասցեն, արտադրողի անունը, բաղադրությունը, քաշը եւ այլն: Բացի այդ, հացը պետք է խանութներ առաքվի դրա համար նախատեսված հատուկ ավտոմեքենաներով:
Անցյալ տարի էլ ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմամբ էականորեն խստացվեցին հացի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պահանջները: Չնայած դրան, ներկայումս ոլորտի վերահսկողությունն իրականացնող մարմինների՝ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական ու Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունների կողմից, կարելի է ասել, որեւէ ընկերություն չի տուգանվել՝ նման հակասանիտարական պայմաններում հաց մատակարարելու համար: Բանն այն է, որ կառավարության այդ որոշումից հետո, այս տարվա մայիսին նույն այդ գերատեսչության կողմից հրապարակվեց մեկ այլ որոշում, ըստ որի՝ վերոնշյալ ստուգող մարմիններն այսուհետեւ իրավունք չունեն ստուգայցեր կատարել տարեկան 70 միլիոն դրամից պակաս շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների ընկերություններ: Վերահսկող մարմինները հիմնականում ստուգումներ են իրականացնում խոշոր սուպերմարկետներում, որտեղ, որպես կանոն, վաճառվում է ճանաչված ընկերությունների հացամթերք, որոնք մեծ մասամբ համապատասխանում են օրենքի պահանջներին: Նկատենք, որ հացի շուկայում հիմնական օրինախախտները հենց այդ՝ համեմատաբար քիչ եկամուտ ունեցող տնտեսվարողներն են, որոնք չեն ցանկանում հավելյալ գումարներ ծախսել եւ իրենց արտադրանքը պատշաճ փաթեթավորել:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գրիշա Բաղիյանը հավաստիացրեց, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ որ այս պահի դրությամբ տեսչությունը ստուգումներ է իրականացնում Գյումրիում, իսկ նախորդ շաբաթ էլ ստուգել են Վանաձորի խոշոր տնտեսվարողներին: Օրինախախտ ընկերությունների մասին տեսչությունն առայժմ չունի կոնկրետ թվեր, քանի որ ստուգայցերը մինչ այդ դադարեցրած են եղել եւ միայն վերջերս են վերսկսել:
Պարոն Բաղիյանը նույնպես ասաց, որ իրենք առանց հատուկ հանձնարարականի՝ իրավունք չունեն իրենց նախաձեռնությամբ մտնել ու ստուգել փոքր ընկերություններին: Նա նաեւ հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում են հացի եւ հացաբուլկեղենի տեխնիկական կանոնակարգ ներկայացնել կառավարություն, որն իր մեջ կընդգրկի վերահսկողություն՝ հացի արտադրությունից մինչեւ իրացում:
Նշենք, որ մինչ օրս Հայաստանում գործում է խորհրդային տարիներին հաստատված հացի տեխնիկական կանոնակարգը, որը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: