Փոխանակ բացեիբաց հայտարարելու, որ «ժողովուրդ ջան, կներեք, ՀԴՄ կտրոնների բոնուսի համար բավարար փող չունենք ու որոշել ենք բոնուսի չափը կրճատել», վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 8-ի կառավարության նիստում մեղքը բարդեց այն միամիտների վրա, ովքեր մտածում էին, թե ՀԴՄ կտրոն պահանջելով՝ կարող են արդար վիճակահանության մասնակցել ու դեռ մի բան էլ պարգեւավճար ստանալ: Վարչապետը հայտարարեց, որ 2010-ի հունվարի 1-ից քաղաքացիները պետք է հավաքեն նվազագույնը 100 հազար դրամի գնում պարունակող ՀԴՄ կտրոններ, ներկայացնեն հանրապետության տարածքում գործող առեւտրային բանկեր, սակայն, ի տարբերություն նախկին 2500 դրամի, կստանան ընդամենը 1000 դրամ, այսինքն՝ հավաքած գումարի 1%-ը: Այս որոշումը վարչապետը մեկնաբանեց այսպես. «Մեր վերահսկողական ծառայությունը Պետեկամուտների կոմիտեի խնդրանքով կատարել է ուսումնասիրություններ եւ բացահայտել լուրջ պրոբլեմներ, չարաշահումներ, որոնք առկա են այս դաշտում։ Մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչները բազմաթիվ հնարքներ են հորինել, թե ինչպես շրջանցեն օրենքը եւ պետությունից փողեր փախցնեն։ Շատ դեպքեր կան, որ 10 վայրկյանի ընթացքում ՀԴՄ 7 կտրոն է խփվում՝ ամեն մեկը 1 մլն դրամի, որպեսզի հետագայում պետությունից բոնուս ստանա։ Նաեւ նկատում ենք սպեկուլյատիվ գործողություններ, երբ մարդիկ իրենց կտրոնները ավելի էժան գնով կամ իրենց հասանելիքը ներկայացնելով հարկային մարմիններին, վերավաճառում են։ Խնդիրն այն է, որ այս բացահայտված պրոբլեմները լուծելու համար մեզ ժամանակ է անհրաժեշտ»։
Տ. Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ շատ ընկերություններ էլ տպագրել են ՀԴՄ կտրոններ եւ աշխատավարձի փոխարեն բաժանել իրենց աշխատողներին:
Այն, ինչ հայտարարեց վարչապետը, ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցագործության բացահայտում: Խոսքը պետությանը հասցված առանձնապես խոշոր չափի վնասի մասին է, ինչն էլ ենթադրում է, որ օրինախախտները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:
«Առավոտը» գրավոր հարցում արեց կառավարությանը՝ վարչապետի օգնական Արամ Անանյանին խնդրելով բացահայտել այն ընկերությունների անունները, որոնք աշխատավարձի փոխարեն ՀԴՄ կտրոն են բաժանել, եւ հասցրել են 10 վայրկյանում 7 հատ 1 մլն դրամանոց կտրոն տպել: Նույն հարցով դիմեցինք նաեւ Պետական եկամուտների կոմիտեին: Չնայած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ պետական մարմինները պետք է լրատվամիջոցների հարցմանը պատասխանեն 5-օրյա ժամկետում, մենք, համբերատարությամբ, ավելի քան 1 շաբաթ սպասելուց հետո, Պետեկամուտների կոմիտեից ստացանք հետեւյալ պատասխանը. «Մեր կոմիտեի կողմից այդ ընկերություններում ներկայումս ուսումնասիրություններ են ընթանում: Դրանց անունները կհրապարակենք՝ ուսումնասիրությունների ավարտից հետո»:
Չի բացառվում, որ այդ ուսումնասիրությունները տեւեն, ասենք, 2-3 ամիս կամ 1 տարի եւ ՀԴՄ կտրոն հավաքող հանրությունը այդպես էլ չիմանա, թե ում պատճառով զրկվեց մի քանի հազար դրամ բոնուսից: Առանձնապես հակված չենք մտածելու, որ վարչապետը կառավարության նիստում հայտարարություն է արել՝ առանց նախապես իմանալու, թե ինչի մասին է խոսքը, սակայն, կարծում ենք, որ օրինախախտների անունները պետական գաղտնիք չեն պարունակում եւ պետք է որ արդեն բացահայտված լինեին: