Պետեկամուտների կոմիտեն հրաժարվում է գրանցել տեղական ապրանքանիշները
Որքան էլ ՀՀ կառավարությունը վստահեցնում է, իբր ջանքեր է գործադրում երկրում արտահանումը խթանելու, տեղական արտադրողին աջակցելու եւ շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու համար, որոշ դեպքերում հենց պետությունն է խանգարում արտահանմանն ու մրցակցային պայմանների բարելավմանը: Թեեւ ոլորտը կարգավորող «գեղեցիկ» օրենքներ կան, սակայն դրանք չեն կիրառվում:
Օրինակ՝ «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքը գործարարին թույլ է տալիս գրանցել ապրանքանիշը եւ լինել դրա բացառիկ օգտագործողը: Այսինքն, ապրանքի անունը որեւէ 3-րդ անձ չի կարող օգտագործել, հակառակ դեպքում՝ օրենքը նախատեսում է տուգանք, մինչեւ անգամ՝ կալանք: Եվ որպեսզի շուկայում արդարացի մրցակցային պայմաններ լինեն եւ նույնանուն ապրանքներ չներմուծվեն մեր երկիր, Մաքսային օրենսգրքի 14-րդ գլուխն էլ պահանջում է, որ գործարարը ապրանքանշանն անպայման գրանցի մաքսային ռեեստրում՝ գրանցամատյանում, որտեղ մանրամասն նկարագրվում է տվյալ ապրանքը: Եվ եթե որեւէ մեկը փորձի նույնանուն ապրանք ներմուծել, ապա մաքսային մարմինները պարտավոր են դա կանխել: Օրենքը, իհարկե, լավն է՝ կիրառվելու դեպքում:
2000 թ-ից գործում է օրենքը, սակայն պարզվում է՝ մաքսային գրանցամատյանում տեղական արտադրության ապրանքանշաններ գրեթե գոյություն չունեն: Մաքսային մարմինները հրաժարվում են գրանցել տեղական ապրանքանշանները, առանց որեւէ պատճառաբանության:
Պատճառը, թերեւս, այն է, որ տեղական ապրանքանիշները մաքսայինի ռեեստրում գրանցելը կխոչընդոտի ներմուծմամբ զբաղվող մեր պաշտոնյաների եւ պատգամավորների բիզնեսին: Հետաքրքիրն այն է, որ կառավարությունն այս ամենի մասին տեղյակ է, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկում: Մեր տեղեկություններով, մաքսային մարմնում չեն գրանցել նաեւ «Արարատ» կոնյակի գործարանի, «Armani» ֆիրմայի եւ հարյուրավոր նմանատիպ հայտնի բրենդներ: Պետեկամուտների կոմիտեին չի կարողացել կարգի հրավիրել նույնիսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, որը ընդհանուր ստուգումներ անցկացնելուց հետո զարմացել է, որ Հայաստանի մաքսային կոմիտեի գրանցամատյանում ոչ մի գրառում չի եղել:
Հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս ապրանքանշաններ չկան գրանցված՝ ի՞նչ է, հայ գործարարներն այդքան անտեղյա՞կ են, թե՞ չեն ուզում իրենց իրավունքները պաշտպանել, մաքսայինի աշխատակիցները սովորաբար մեղադրում են հենց գործարարներին՝ պատճառաբանելով, թե վերջիններս նման ցանկություն չեն հայտնել:
Ուշագրավ է, որ հայտնի ընկերություններից մեկը, իր ապրանքանշանները չգրանցելու համար, դատի է տվել կոմիտեին, դատը շահել է, բայց երբ ԴԱՀԿ աշխատակիցները փորձել են պարտադրել կատարել դատարանի որոշումը, միեւնույն է՝ խնդիրը չի լուծվել: Ի տարբերություն Հայաստանի, ԱՊՀ երկրների մաքսային կոմիտեների աշխատակիցները օրենքը չեն խախտում: Իսկ «Գրանդ հոլդինգը» փորձել է հրուշակեղենի որոշ արտադրատեսակներ, մասնավորապես՝ կոնֆետներ արտահանել Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան եւ Վրաստան, սակայն մերժում է ստացել: Այս երկրների մաքսային կոմիտեից տեղեկացրել են, որ տվյալ ապրանքանիշներն արդեն իրենց մոտ գրանցված են, ինչի պատճառով էլ արգելվում է 2-րդ ընկերության կողմից նույնանուն ապրանքների ներմուծումը: Ի տարբերություն Հայաստանի, վերոնշյալ երկրների կառավարություններն իսկապես սրտացավ են տեղական արտադրողների հանդեպ:
«Առավոտը» պատրաստ է լսել նաեւ Պետեկամուտների կոմիտեի պարզաբանումները: