Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումները բարեհաջող իրականացվում են
2009 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում է Եվրամիության՝ 10 հոգուց բաղկացած խորհրդատվական խումբը, որը խորհրդատվություն է տրամադրում Հայաստանին՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի իրականացման եւ ժողովրդավարական ու տնտեսական կառույցների հզորացման ուղղությամբ: Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում երեկ ամփոփվեց Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի՝ այս տարվա երկրորդ եռամսյակի աշխատանքը:
«ՀՀ-ԵՄ համագործակցության 2009-2011 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվող բարեփոխումները բարեհաջող իրականացվում են մեր երկրում: Դրանք ներառում են պետական եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Ստեղծված շուրջ 2 տասնյակ աշխատանքային խմբերը Եվրամիության խորհրդատվական խմբի հետ իրականացնում են 197 գործողությունների ուղղություններով բարեփոխումների ծրագիրը, որը բարեփոխումներ է նախատեսում մարդու իրավունքների պաշտպանության, դատախազության, ոստիկանության, հարկային, մաքսային, փաստաբանության եւ այլ համակարգերում»,- ասաց միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ արձանագրելով, որ ԵՄ խորհրդատվական խումբը բավական արդյունավետ համագործակցում է Հայաստանի պետական կառավարման մարմինների հետ:
Առաջիկայում եւս 6 միջազգային փորձագետներ կմիանան խորհրդատվական խմբին, ինչը հնարավորություն կտա նախանշված բարեփոխումներն առավել արդյունավետ առաջ մղել: Ա. Բաղդասարյանը հատկապես կարեւորեց խորհրդատվական խմբի գործադրած ջանքերը հակակոռուպցիոն ռազմավարության եւ մարդու իրավունքների ազգային ծրագրի մշակման, «Ազատ առեւտրի համաձայնագրի» կնքման առաջնային նպատակների սահմանման, կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների իրականացման, փոքր եւ միջին գործարարության զարգացման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտներում վարչարարության բարելավման ուղղություններով:
Առանձնացվեցին մուտքի արտոնագրերի համակարգի դյուրացման ուղղությամբ կատարված աշխատանքները:
«Արդեն ԵՄ անդամ 9 երկրների հետ ՀՀ-ն ունի նման համակարգ, դիվանագիտական անձնագրերով կարելի է առանց մուտքի վիզայի մեկնել այդ երկրներ: Մենք գտնում ենք, որ այս գործընթացը պետք է շարունակվի: Ողջունում ենք, որ ԵՄ կողմից կա դրական արձագանք: Կարեւոր են նաեւ սահմանային անվտանգության խնդիրները, սահմանների անվտանգության ենթակառուցվածքների կատարելագործումը»,- ասաց Ա. Բաղդասարյանը:
Հայաստանն առաջին երկիրն է, որն օգտվում է տեխնիկական աջակցության նպատակով կիրառվող այս ինովացիոն մոտեցումներից:
Հայաստանում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը Հայաստանի փորձը հաջողված համարեց. «Մենք համարում ենք, որ խորհրդատվական խմբի աշխատանքով իսկապես նպաստ ենք բերել Հայաստանում բարեփոխումների ընթացքին, չնայած հաջողությունը հնարավոր չէր լինի առանց հայկական կողմից բարեփոխումների ընթացքին նվիրումի եւ հաստատակամության»:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալն էլ հավելեց. «Ակնկալում ենք, որ այս համագործակցությունը շարունակական կլինի»:
Խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն ներկայացրեց 2009-ի երկրորդ եռամսյակում խմբի կատարած աշխատանքը: Զեկույցն ի գիտություն ընդունվեց: Քննարկվեց եւ հաստատվեց խորհրդատվական խմբի՝ 2009 թվականի հոկտեմբեր-2010 թվականի մարտ ամիսների առաջնային գործողությունների ծրագրի նախագիծը: