Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Մեխակ Գաբրիելյանը կարծում է, որ Հայաստանին «երկրորդ շանսն» է տրված

Նախկին Գերագույն խորհրդի դաշնակցական պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը հիշում է, որ երբ ժամանակին ԳԽ-ի վավերացմանն էր ներկայացվել Հայաստանում ռուսական բազաների վերաբերյալ փաստաթուղթ, իսկ դրանում առկա էին ՀՀ հողային օրենսդրությանը հակասող երկու դրույթներ, ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում է կայացնում փաստաթուղթը խորհրդարանի վավերացմանը ներկայացնել վերապահումով՝ առանց այդ երկու դրույթների: Չնայած ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանի՝ ԳԽ-ի ամբիոնից նիստի ժամանակ արտահայտած վրդովմունքին՝ խորհրդարանը հենց այդ կերպ էլ վավերացնում է փաստաթուղթը: «Այդ առումով ավանդույթ կա արդեն. այս խորհրդարանն էլ կարող է Արձանագրությունների տարընթերցվող հատվածների մասով վերապահում անել: Բայց մյուս կողմից էլ, ամսի 10-ի նախագահի ուղերձով այդ տարընթերցումները, փաստորեն, հստակեցվեցին: Սակայն գրավոր փաստաթուղթը մնալու է, նախագահները փոխվելու են, եւ նույնիսկ հարաբերությունների հաստատումից հետո պարզ չէ, թե ինչպիսի իրավիճակներ կստեղծվեն, եւ Արձանագրություններն ինչպիսի կիրառում կստանան»,- ասում է պարոն Գաբրիելյանը: Նա կողմ է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: Երկու երկրների միջեւ պետք է հաստատվեին դիվանագիտական հարաբերություններ՝ դեսպանների փոխանակմամբ եւ սահմանների բացմամբ՝ միջազգային իրավական բազային համապատասխան. «Արձանագրությունների ստորագրումը, որտեղ առկա են երկկողմանի տարընթերցումների տեղիք տվող ձեւակերպումներ, ճիշտ չէր: Ենթադրում եմ, որ նման Արձանագրությունները ստորագրվել են Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսելի ճնշմամբ՝ ելնելով ինչ-ինչ նկատառումներից»: Ի հեճուկս հայաստանյան այն գործիչների, ովքեր հույս ունեն, որ այս գործընթացը հանգուցալուծում կստանա Թուրքիայի խորհրդարանում Արձանագրությունների մերժմամբ, մեր զրուցակիցը պարզապես վստահ է, որ Թուրքիան շատ արագ վավերացնելու է փաստաթուղթը. «1993 թվականից Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի ամբողջ ճնշումն իրեն չարդարացրեց: Թուրքիան չկարողացավ հասնել մի վիճակի, որ Հայաստանը մեկուսացվի համաշխարհային մասշտաբով եւ այնպիսի ծանր վիճակի մեջ հայտնվի, որ առանց պատերազմի իրենք Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկեն: Հիմա փոխեցին իրենց գործելակերպը՝ հաստատել հարաբերություններ եւ այդպիսով կյանքի կոչել իրենց ծրագրերը՝ 1921թ. պայմանագիրը անկախ Հայաստանի կողմից վերահաստատման»: Իսկ թե Հայաստանն ինչքանո՞վ է պատրաստ դիմակայել թուրքական նկրտումներին, հաստատել նորմալ հարաբերություններ, եւ ինքը որոշակի հարցերում կարողանա հաջողությունների հասնել, Մեխակ Գաբրիելյանը համոզված է, որ կարող է. «Վերջին գոնե մեկ ամսվա իրադարձությունները, մեր ազգի ընդվզումը ցույց տվեցին, որ հայ ազգը մեծ գործոն է: Հայաստան պետությունը դեռ այդպիսին չէ, բայց եթե մեր իշխանությունը սթափվի, կարողանա վերագտնել, արժեւորել այդ մեկ ամսվա անցուդարձը եւ կարճ ժամանակամիջոցում կարողանա կատարել մի շարք քայլեր, Հայաստանը կդառնա շատ լուրջ, անգամ համաշխարհային գործոն»: Նշյալ քայլերից են քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, կոռուպցիայի դեմ իրական պայքարը, տնտեսական քաղաքականության արմատական փոփոխությունը. «Ամեն ինչ պետք է արվի, որ ժողովուրդը տեսնի՝ Հայաստանում արդարություն է հաստատվում: ԽՍՀՄ շրջանի նման՝ Հայաստանը պետք է դառնա լուրջ գիտաարդյունաբերական երկիր: Մեր ազգն այդ պոտենցիալն ունի, ինչի համար ճիշտ տնտեսական քաղաքականություն է պետք, ոչ թե կանոնադրական հիմնադրամը համալրելու միջոցները սահմանակետում հարկվեն»:

Ինչպես 1990-ականներ սկզբներին, այնպես էլ հիմա, մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանին վերապահված է տարածաշրջանում լիդեր դառնալու հնարավորություն: Այս համատեքստում անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ նա անցած տարվա օգոստոսյան պատերազմից հետո մեր հարեւանների կողմից ագրեսիվ դրսեւորումներ է նկատում. «Որպես հայ մարդ եւ ՀՀ քաղաքացի՝ ես ինձ շատ նվաստացած եմ զգում, որ վրացիները գողանում են մեր քաղաքացիներին, արգելում են ՀՀ ԱԺ պատգամավորին Վրաստան մուտք գործել, մեր տարածքների նկատմամբ նկրտումներ են ներկայացնում՝ մեր պետությունը ձայն չի հանում: Չհստակեցված սահմանների պարագայում դա միայն թշնամական քայլ կարելի է որակել եւ համապատասխան գործողություններ ձեռնարկել: Իմ կարծիքով, անցած տարի օգոստոսին մեր իշխանությունը շատ կոպիտ սխալ թույլ տվեց: Տարածաշրջանային խաղացող դառնալու առումով հրաշալի հնարավորություն էր ընձեռվել: ՌԴ-ի՝ Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը հռչակելուց հետո, Հայաստանն առնվազն հաջորդ օրը պետք է ճանաչեր այդ երկու պետությունների եւ Արցախի անկախությունը: ՌԴ-ն այլընտրանք չէր ունենա, քան ճանաչել Արցախի Հանրապետությունը: Կարծում եմ՝ առաջիկայում այդպիսի հնարավորություն էլի է լինելու: Իմ կարծիքով, մոտ ապագայում կլուծվի նաեւ Նախիջեւանի խնդիրը: Արձանագրությունների վավերացմանը զուգահեռ՝ ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, որպեսզի մտավախություններ չլինեն, որ Հայաստանը գնալու է զիջումների: Արցախը Հայաստանի անբաժան մաս չճանաչելով՝ մենք արդեն շատ մեծ զիջում ենք անում: Իսկ Արցախի Հանրապետությունը պետք է ուղղի իր սխալը եւ ձերբազատվի ԼՂՀ անվանումից»:

Արդյոք անկե՞ղծ են դաշնակցականները վերջին շրջանի իրենց գործողություններում՝ «Առավոտի» հարցին նախկին դաշնակցական գործիչն ասաց, որ չհավատալու հիմքեր չունի, մանավանդ, որ հրաժարվեցին նախարարական պորտֆելներից, ինչը, ի դեպ, մեր իրականության համար «մեծ զոհաբերություն» է համարում: Սակայն՝ «Երբ ժողովուրդը զանգվածաբար չգնաց Դաշնակցության ետեւից՝ արդեն մտածելու լուրջ տեղիք է տալիս»: Միաժամանակ, նա երիտասարդների շրջանում ազգայնական ուժերի զարթոնք է նկատում, ինչը գովելի է համարում. «Եթե արտահերթ ընտրություններ տեղի չունենան, հերթական ընտրություններում ազգայնական ուժերը լուրջ հայտ են ներկայացնելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել