Կենտրոնում 2010-ի հունվարի 10-ին կմրցեն ընդդիմությունն ու իշխանությունը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ միաձայն որոշել է թիվ 10 ընտրատարածքում նշանակել ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն` քվեարկության օրը նշանակելով 2010թ.-ի հունվարի 10-ը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում թափուր տեղ առաջացավ Խաչատուր Սուքիասյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո: Թեկնածուները առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 1-ը, ընտրացուցակները ընտրատեղամասերում փակցված կլինեն մինչեւ դեկտեմբերի 1-ը, թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 26-ն է: Թեկնածուների գրանցումը կկատարվի դեկտեմբերի 1-6-ին, իսկ քվեաթերթիկները կթողարկվեն 2010-ի հունվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում: Ընտրության արդյունքները կամփոփվեն մինչեւ 2010 թվականի հունվարի 16-ը: Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ պատգամավորական այդ մանդատի համար պայքարի մեջ է մտնելու նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: «Հայաստանի երրորդ հանրապետության կենսագրության համար խորթ է հենվել տարբեր տարիքի ու տրամաչափի կոմսոմոլների վրա»,- երեկ «Առավոտին» ասաց Սուրենյանցը՝ հավելելով, որ սպասվող տարածաշրջանային լուրջ զարգացումներից հետո գործող իշխանության գրեթե որեւէ ներկայացուցիչ չի կարող դիմագրավել մարտահրավերներին, ուստի՝ «ես ձեւակերպում եմ իմ քաղաքական եւ քաղաքացիական հայտը»: Այդ մասին առավել մանրամասն հայտարարությամբ Սուրենյանցը հանդես կգա այսօր: Հիշեցնենք, որ այդ տարածքի համար հիմնական հավակնորդներ են համարվում քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Հայաստանի առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, ՄԻԱԿ քաղխորհրդի անդամ Վահան Բաբայանը եւ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Վերջինս հայտարարում է, որ այս պահի դրությամբ ինքը նման քաղաքական օրակարգ չունի, իսկ շրջանառվող լուրերի համաձայն՝ առաջիկայում հայտարարելու է ՄԻԱԿ-ի թեկնածուին սատարելու մասին: Հավանաբար նույն կերպ կվարվի նաեւ Հմայակ Հովհաննիսյանը: Մինչ ՄԻԱԿ-ի պաշտոնական հայտարարությունը, Վահան Բաբայանը ձեռնպահ է մնում այս թեմայով խոսել, թեեւ չի ժխտում իր նկրտումները: Իսկ Տիգրան Ուրիխանյանը երեկ «Առավոտին» ասաց, որ իր առաջադրման մասին պաշտոնական հայտարարություն կանի ամսի 26-ին Ազնավուրի հրապարակում կայանալիք հանրահավաքում: Նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով, իշխանական թեկնածուներից որեւէ մեկն առայժմ նախագահի «դաբրոն» չի ստացել, թեեւ, ըստ որոշ լուրերի, որոշումը պետք է կայացվեր դեռ հոկտեմբերի 19-ին:
«Առավոտին» հայտնի դարձավ նաեւ, որ թիվ 10-ում առաջադրվելու հավակնություններ ունի նաեւ մարքսիստ Դավիթ Հակոբյանը՝ չնայած նա արդեն առաջադրվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում: Եթե մինչեւ ամսի 27-ը ընտրագրավի վճարման անդորրագիրը մարքսիստը չներկայացնի թիվ 8 ԸԸՀ, ապա նրա գրանցումը ինքնըստինքյան չեղյալ կհայտարարվի, եւ նա իր բախտը կփորձի նաեւ թիվ 10-ում: Երեկ մարքսիստը ձեռնպահ մնաց թեմայի շուրջ «Առավոտի» հարցերին պատասխանելուց: