Պաշտպանական կողմը երկու միջնորդություն ներկայացրեց, դատավորն էլ, բնականաբար, դրանք մերժեց
Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի ապակեպատ դահլիճում սկսվեց «Մարտի 1»-ի գործի շրջանակներում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Դրա մեկնարկից ամենաքիչը մեկ ժամ առաջ ՀՀ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցներն ու կարմիր բերետավորներն արդեն գործի էին անցել. դատարանին հարող տարածքում, ինչպես «Յոթի» դատավարության ժամանակ էր, երկաթե արգելապատնեշներ էին շարել՝ թույլ չտալու համար քաղաքացիների «ներթափանցումը» դատարանի շենքի բակ: Փաշինյանին անհապաղ ազատելու պահանջով եւ այլ կարգախոսներով ժամանած քաղաքացիների ու ոստիկանների միջեւ, ինչպես էր նախորդ դատավարությունների ժամանակ, տեղ-տեղ մինի բախումներ գրանցվեցին: Իր պահանջները բարձրաձայնող նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին իր ձեռքի պաստառը խլած ոստիկանների գործողությունների դեմ՝ որպես բողոքի ակցիա, ինչպես միշտ, պառկեց գետնին: Ոստիկանների ու քաղաքացիների միջեւ հրմշտոց սկսվեց, ոստիկանները սկսեցին ուժով մարդկանց ետ՝ դեպի Կոմիտասի անվան պուրակ հրել, խլել նրանց ձեռքին եղած պաստառները: Իրավիճակը հաջողվեց հարթել միայն ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանի հետ Կոնգրեսի ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Բաբկեն Արարքցյանի ակտիվ բանակցություններից հետո:
Իսկ դատական նիստերի դահլիճում, ուր այս անգամ էլ լրագրողների մուտքն արգելվել էր (նրանք դատավարությանը հետեւում էին իրենց հատկացված առանձին սենյակում տեղադրված մոնիտորների միջոցով), նախ դատարանի քարտուղարը ներկայացրեց դատական պրոցեսի մասնակից կողմերին: Մինչեւ բուն դատաքննությանն անցնելը՝ դատավորը, սահմանված կարգի համաձայն, պաշտպանական կողմին հարցրեց, թե արդյոք կա՞ն միջնորդություններ դատարանի կազմի վերաբերյալ: Ինչպես եւ ակնկալվում էր՝ այդպիսիք կային: Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավոր Մարտիրոսյանին առաջարկեց ինքնաբացարկ հայտնել՝ տեւական ժամանակ թվարկելով դրա համար անհրաժեշտ բազմաթիվ հիմքեր: «Դուք այն դատավորը չեք, որ կարող եք արդար եւ անաչառ դատաքննություն իրականացնել»,- հայտարարեց պաշտպանն ու մատնանշեց այդ թվում նաեւ այն, որ դատավոր Մարտիրոսյանը մինչեւ այս գործը վարույթ ընդունելը՝ «Մարտի 1»-ի գործերի շրջանակներում նախագահել է նաեւ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատաքննությունն ու մեղադրող վճիռ է կայացրել, որի բովանդակության մեջ նաեւ Փաշինյանի վերաբերյալ մեղադրական համատեքստում արված բազմաթիվ հիշատակումներ են եղել: Իսկ դա, պաշտպանի համոզմամբ, նշանակում է, որ դատավոր Մարտիրոսյանը ինքն իրեն չհակասելու համար ուղղակի չի կարող կանխակալ չլինել եւ պարտադրված է լինելու նույնպիսի մեղադրական վճիռ կայացնել նաեւ Փաշինյանի վերաբերյալ: Բացի այդ, մինչեւ դատավարության մեկնարկը դատավոր Մարտիրոսյանը մերժել էր պաշտպանների՝ Փաշինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդությունը, ինչի համար, պաշտպանների ասելով, դատավորը բավարար հիմքեր չի ունեցել: Լ. Սահակյանն արձանագրեց, որ դատավորն իր մերժման որոշումը հիմնավորել է նրանով, թե՝ Փաշինյանը ժամանակին թաքնվել է նախաքննական մարմնից, մինչդեռ իրականում նա ինքնակամ ներկայացել է, ինչը այլեւս ի չիք է դարձնում այդ հիմնավորումը, որը կարող էր այլ պարագայում, միգուցեեւ հիմնավոր թվալ: Լ. Սահակյանը վկայակոչեց նաեւ Եվրոպական դատարանի նախադեպերն ու դատավորի վարքականոնը՝ ասելով, որ եթե դատավարության մասնակիցները նույնիսկ ոչ թե համոզմունք, այլ կասկած ունեն դատավորի անաչառության վերաբերյալ, ապա դատավորը ուղղակի պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:
Իր պաշտպանի միջնորդությանը միացավ նաեւ Ն. Փաշինյանը: Նա վկայակոչեց «Թրանսպերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության տարբեր տարիների ուսումնասիրությունները ու հայտարարեց, թե այդ տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը որպես երկրում ամենակոռումպացված պաշտոնյա նշել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, որպես ամենակոռումպացված համակարգ՝ դատարանները, ու քանի որ դատավոր Մարտիրոսյանը դատավոր է նշանակվել հենց կոռումպացված Քոչարյանի կողմից եւ ներկայացնում է կոռումպացված դատական համակարգը ու ինքն էլ կոռումպացված է, որովհետեւ պատվիրված դատավճիռներ է կայացրել, նշանակում է, որ նա ի վիճակի չէ անաչառ դատաքննություն իրականացնել ու արդար վճիռ կայացնել:
Այս տրամաբանությունը տարակուսանք առաջացրեց մեղադրող կողմի մոտ: Դատախազ Կորյուն Փիլոյանն էլ հայտարարեց, որ եթե հետեւենք Փաշինյանի տրամաբանությանը, ապա կհանգենք այն եզրակացության, որ որեւէ դատարան եւ որեւէ դատավոր նրան դատելու իրավունք չունի, որովհետեւ համակարգն ինքը կոռումպացված է եւ վերջ:
Դատավորը պաշտպանական կողմի միջնորդությունը քննարկելու համար 2 ժամ ընդմիջում հայտարարեց ու անցավ խորհրդակցական սենյակ: Ետ վերադառնալով՝ նա մերժեց ինչպես այդ, այնպել էլ պաշտպան Սահակյանի երկրորդ միջնորդությունը՝ 5 րոպե ընդմիջում հայտարարել՝ հնարավորություն տալով պաշտպաններին իրենց հետագա քայլերի շուրջ խորհրդակցել Փաշինյանի հետ: Վերջինս հայտարարեց, թե դերասանություն անելու ու ձեւականությունների ետեւից ընկնելու կարիք չկա, ու դատարանին առաջարկեց միանգամից վճիռ կայացնել: Այս հայտարարությունից հետո էլ դատավոր Մարտիրոսյանը որոշեց դատական նիստն ընդմիջել ու այն շարունակել այսօր: