Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎՃԻՌՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՄՔ»

Հոկտեմբեր 21,2009 00:00

ՀՀ նախագահը Հայաստանի ժողովրդին եւ համայն հայությանն ուղղված հոկտեմբերի 10-ի իր ուղերձում հայտարարեց. «Պետք է կարողանանք կանխել ազգային նպատակներին հակասող որեւէ զարգացում»:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ժամեր առաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Հայաստանի ժողովրդին եւ համայն հայությանն ուղղված ուղերձով, որում «իրատեսորեն գնահատելով այս հանգամանքները եւ համոզված լինելով ձեռնարկված քայլերի ճշմարտացիության մեջ»՝ հայտարարեց, որ Թուրքիան չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը: Ասաց, որ սահմանների հարցը պետք է քննվի միջազգային իրավունքի համաձայն, իսկ հայ-թուրքական հարաբերությունները որեւէ կապ չեն կարող ունենալ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հետ, նաեւ պնդեց, որ արձանագրություններում Հայաստանը միակողմանի չի ստանձնում որեւէ պարտավորություն: Այս ուղերձը կարծես դուր է եկել ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլեւ Դաշնակցության կարկառուն անդամներին, եւ նրանցից Վահան Հովհաննիսյանը հոկտեմբերի 16-ին հրավիրված Դաշնակցության. «Ոչ»-ի հանրահավաքում հայտարարեց, որ երբ կգա արձանագրությունները Ազգային ժողովում քննարկելու ժամանակը, պատգամավորները ուղղակի պարտավոր պետք է լինեն իրենց որոշումը կայացնել նախագահի այս ուղերձի ոգով, իսկ եթե այդպես անեն, ուրեմն պետք է դեմ քվեարկեն արձանագրությունների վավերացմանը: Դաշնակցականները վստահ են նաեւ, որ իրենց հանրահավաքները եւ ընդդեմ արձանագրությունների գործողություններն են նպաստել, որ երկրի նախագահը հանդես գա հատկապես այդպիսի ուղերձով:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատասխանելով մեր հարցին՝ կլսե՞ն հայրենի պատգամավորները Վահան Հովհաննիսյանի կոչը, կառաջնորդվե՞ն երկրի նախագահի ուղերձի ոգով, ասաց. «Բնականաբար, խորհրդարանի մեծամասնությունը կառաջնորդվի Սերժ Սարգսյանի «ուղերձներով», կանի այն, ինչ նա կասի: Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանին, ապա նկատի ունենալով, թե ինչ կարեւորություն են տալիս ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունն այս արձանագրություններին, կարծում եմ՝ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի դրանք: Վավերացմանը զուգահեռ կուժեղացնեն ճնշումները ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ»:

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ որեւէ քաղաքական դիրքորոշում, բացի հետեւել նախագահականի հանձնարարականներին, խորհրդարանը չունի, հետեւաբար, ցանկացած իջեցված հրահանգ, անգամ երրորդական չինովնիկի կողմից ի կատար կածվի:

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը եւս չժխտեց, որ խորհրդարանական ուժերը արձանագրությունների վավերացման քննարկումների ժամանակ կառաջնորդվեն ՀՀ նախագահի ուղերձով: Հանրապետական պատգամավորը վստահեցրեց. «Մենք, որպես Հանրապետական կուսակցության խմբակցություն, իսկ Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀԿ ղեկավար եւ հանրապետության նախագահ, որն ինքն է որոշում նաեւ հանրապետության արտաքին քաղաքականությունը, մենք պետք է ուղղորդվենք նախագահի ուղերձի բոլոր դրույթներով, որտեղ, իմիջիայլոց, մանրամասն պատասխան է տրված բարձրացված այն բոլոր հարցերին, որ հանրապետության նախագահի համահայկական այցի ժամանակ հնչեցվեցին տարբեր ամբիոններից»:

Գագիկ Մելիքյանը ասաց նաեւ, որ եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի կամ այլ հարցեր առաջ քաշի, ապա մեր խորհրդարանն, անշուշտ, կվերանայի իր որոշումը:

Ի դեպ, այսօրվանից Թուրքիայի խորհրդարանում սկսվելու են արձանագրությունների քննարկումները, իսկ մեր երկրում, նախքան այն պահը, երբ Ազգային ժողովում կսկսվեն արձանագրությունների վավերացման քննարկումները, Սահմանադրական դատարանը դեռ պետք է որոշի՝ որքանով են դրանք համապատասխանում մեր երկրի գլխավոր օրենքին: Եվ եթե ՍԴ-ն որոշի, որ արձանագրությունները համապատասխանում են Սահմանադրությանը, ապա իր որոշումը պետք է ուղարկի երկրի նախագահին, վերջինս էլ իր հերթին՝ ԱԺ: Այստեղ վավերացնելուց հետո ԱԳՆ-ն կազմելու է արձանագրությունների վերաբերյալ համապատասխան վավերագիր եւ ներկայացնելու է նախագահին՝ ստորագրման համար: Երկու երկրների կողմից վավերագրերի փոխանակումից հետո այդ փաստաթղթերը մտնելու են ուժի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել