Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՄԻ ՏԱՐՎԵՔ ՍՏՐԻՊ ՊԱՐՈՒՀԻՆԵՐՈՎ

Հոկտեմբեր 20,2009 00:00

Ստրիպտիզը սեռական երեւակայություններին
հագուրդ տալու միջոց չէ

Հայ տղամարդիկ սկսել են ստրիպտիզ ակումբներ շատ հաճախել՝ գեղեցիկ մարմիններ տեսնելու: Սակայն հաճախ այդ ակումբները եւ պարուհիները դառնում են ընտանիքների քայքայման պատճառ: Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայ կանանց մեծ մասը կենցաղային խնդիրների մեջ խճճված լինելով՝ չի հասցնում հետեւել իր արտաքինին, դա եւս առիթ է, որ տղամարդիկ գերվեն ստրիպ պարուհիներով եւ անգամ լքեն իրենց ընտանիքը: Որոշ սեքսապաթոլոգների կարծիքով, կան տղամարդիկ, որոնք այցելում են ստրիպ ակումբներ, քանի որ այնտեղի գեղեցկուհիներն «օգնում» են նրանց սեքսուալ պոտենցիայի բարձրացմանը: Այդուհանդերձ, սեքսապաթոլոգները գտնում են, որ սեռական կյանքը ակտիվացնելու համար ստրիպ ակումբներ հաճախելը փրկություն չէ:
«Առավոտի» հետ զրույցում սեքսապաթոլոգ-ուրոլոգ Հրաչյա Պապյանը վստահեցնում է, որ որոշ մարդիկ ստրիպտիզը որպես արվեստ են դիտում, իսկ շատերն էլ այցելում են ակումբներ, քանի որ. «Իրենց կանայք հղիությունից հետո փոխվել են, գիրացել, տձեւացել եւ այլեւս սեփական կնոջը տեսնելով՝ չեն գրգռվում, գնում են որպեսզի գեղեցիկ կուրծք ու հետույք տեսնեն: Կան տղամարդիկ, որոնց բոլոր զգայարանները նորմալ են աշխատում ու թեթեւ առիթ է պետք, որ անդամն աշխատի: Այն տղամարդիկ, որոնք որոշակի խնդիր ունեն եւ տեսողականով են գրգռվում՝ գնում են ստրիպտիզ»: Հարցին, թե հնարավո՞ր է պարուհուն դիտելով տղամարդը գրգռվի, բայց տուն վերադառնալուն պես, տեսնելով չխնամված կնոջը, նորից սեռական խնդիրներ առաջանան, պարոն Պապյանն ասաց. «Նման բաները շատ տարբեր ձեւով են լինում, չնայած, այո, լինում են դեպքեր, երբ ստրիպտիզից հետո գալով տուն՝ իրենց մոտ կրկին չի ստացվում: Այնպես որ, ստրիպտիզն էլ փրկություն չէ»:
Մի շարք մասնագետների կարծիքով՝ ստրիպտիզը պետք է ընկալել որպես արվեստ, այլ ոչ թե սեռական երեւակայություններին հագուրդ տալու միջոց, այդ դեպքում ամեն ինչ նորմալ կլինի, տղամարդիկ կախվածության մեջ չեն ընկնի, իրենց զուգընկերուհիների գեղեցկությունը կնկատեն, սեռական կյանքում էլ խնդիրներ չեն լինի: Հ. Պապյանի խոսքերով. «Առաջին հերթին մարդկանց պետք է կրթել: Մերոնք սեքսուալ առումով անգրագետ են: Չգիտեն ինչ բան է սեքսը: Շատ ժամանակ փողոցի տղաներից, մեծ եղբորից են լսում կամ ֆայմելով են սեքս անում ու մտածում, որ հենց դա է ճիշտը: Կան տղամարդիկ, որոնց մոտ ինչ-որ պատճառով ոչինչ չի ստացվել, գնում են ստրիպտիզ նայելու, մտածելով, որ հնարավոր է ստրիպտիզ նայելով մոտը էլի կանգնի: Բայց գնում են ու կրկին հիասթափվում, սկսում կասկածների մեջ ընկնել: Դա ուղեղում առաջացնում է վախի անհանգստության կենտրոն, որը գերակշռում է էրեկցիայի կենտրոնին ու չի թողնում, որ այն աշխատի: Հնարավոր է նաեւ, նեւրոզիկ վիճակ առաջանա, ինչն էլ կարող է հանգեցնել փսիխոզիկ վիճակի»: Մեր հաջորդ հարցին, ի՞նչ անի մարդը, եթե իրեն միայն ստրիպ պարուհիներն են գրգռում, սեքսապաթոլոգն ասաց. «Միայն բնազդը չպիտի լինի, դա անասնական է: Նորմալ տղամարդը միայն բնազդի վրա չի հիմնվի: Սեռական ֆունկցիան շատ նուրբ է եւ խոցելի, բացի այդ, տարբեր մարդկանց տարբեր բաներ են դուր գալիս: Մեկին դուր է գալիս լավ օսլայած անկողնում սեքս անել, մյուսին՝ ծառի վրա կամ պատուհանի գոգին»:
Հոգեբան Ռուբեն Պողոսյանի կարծիքով, դժվար թե ստրիպ ակումբները ընտանիք քանդեն: Իսկ եթե անգամ տղամարդիկ այցելում են ակումբներ եւ գեղեցիկ պարուհիներով գերվելուց հետո հիասթափվում իրենց սեփական կանանցից, որոշում ամուսնալուծվել, ապա դրա պատճառը միայն պարուհին չէ. երիտասարդները հաճախ ընտանիք կազմելիս չեն կարողանում տարանջատել սիրահարությունը իրական սիրուց եւ թեթեւ բանից հիասթափվում են:
Ռ. Պողոսյանի խոսքերով. «Ստրիպտիզը զուտ մարմնի ցուցադրում կամ մերկանալ ու ինքն իրեն առաջարկելու միջոց չէ: Ստրիպտիզը ստեղծվել է որպես արվեստ, ինչպես կինոն: Այլ բան է, որ ստրիպտիզը չի կարողանում բավարարել տվյալ մարդու գեղագիտական պահանջմունքները եւ այլ շեղում է տալիս: Հնարավոր է, որոշ տղամարդիկ այցելում են ստրիպտիզ, որովհետեւ կարոտախտ ունեն գեղեցիկի, որովհետեւ իրենց կինը ֆիզիկապես ձեւափոխվել է: Սակայն եթե զույգերի մեջ կա իրական սեր, ապա միշտ պետք է ձգի նաեւ կողակցի մարմինը»:
Իսկ այսօր, ըստ հոգեբանի, շատ քչերն են հետաքրքրվում մարդու բովանդակությամբ, դա է պատճառը, որ ստրիպ ակումբը կարող է ընտանիք քայքայել: Եվ որպեսզի ամուսինները չտարվեն պարուհիներով, մասնագետները խորհուրդ են տալիս թեւաթափ չլինել եւ կտրուկ քայլերի դիմել: Ըստ սեքսապաթոլոգ Հ. Պապյանի. «Կինը եթե իրեն հետեւում է մինչեւ ամուսնանալը, ապա պետք է ամուսնանալուց հետո էլ, հղիության ընթացքում էլ հետեւի: Եվ եթե ամուսինը տուն վերադառնալիս կնոջը տեսնի ոչ թե գզգզված մազերով, այլ կոկիկ եւ խնամված՝ «լեւի» չի գնա»: Հոգեբան Ռ. Պողոսյանի խոսքերով էլ. «Կինը պետք է հետեւի իրեն, քանի որ նա խորհրդանշում է գեղեցկություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել