Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմեն Թեյլորին տեղափոխել են հիվանդանոց

Հոկտեմբեր 20,2009 00:00

\"\"Ամերիկացին ուղեղի խորը ցնցում է ստացել եւ
վերականգնվելու համար երկար ժամանակ է պահանջվելու

Շաբաթ օրը Արթուր Աբրահամ-Ջերմեն Թեյլոր եւ Կարլ Ֆրոխ-Անդրե Դիրրել մենամարտերով մեկնարկեց միջին քաշային կարգում աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ «Super Six» գերմրցաշարը:
Մարզասերների եւ մասնագետների շրջանում առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում բեռլինյան հակամարտությունը, որում միմյանց դեմ էին ելնելու IBF-ի վարկածով 72 կգ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնն ու 76 կգ-ում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Ջերմեն Թեյլորը:
Բռնցքամարտի հայաստանցի սիրահարները, անկասկած, ուղիղ հեռարձակմամբ հետեւել են այդ մարտին եւ եզրափակիչ ռաունդի ավարտից մի քանի վայրկյան առաջ Արթուրի՝ նոկաուտով տարած գեղեցիկ հաղթանակի վկան դարձել: Ըստ մրցաշարի կանոնակարգի, ժամանակից շուտ հաղթելու համար Աբրահամի անվան դիմաց գրանցվեց 3 միավոր (միավորներով հաղթանակը գնահատվում է 2, ոչ-ոքին՝ 1, պարտությունը՝ 0 միավոր):
Մարտից առաջ թե ամերիկացի մարզիկը, թե նրա պրոումոթեր Լու Դիբելլան ԶԼՄ-ներին վստահեցնում էին, թե Ջերմենը կլինի առաջինը, որն անպարտելի «Արթուր արքայի» գլխից կգցի թագը: Իսկ Աբրահամը սովորականի պես զուսպ էր ու նախահարձակ չէր լինում՝ ընդամենը հակադարձելով, որ երազել կարող է յուրաքանչյուր ոք եւ միայն մենամարտը կտա բոլոր հարցերի պատասխանը: Եվ տվեց:
Այս մենամարտը լուսաբանող բոլոր լրատվամիջոցները, անդրադառնալով մարտին հաջորդած իրադարձություններին, գրում են, որ Թեյլորին անմիջապես տեղափոխել են Բեռլինի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները ուղեղի ցնցում են ախտորոշել եւ ամերիկացու թիմի ներկայացուցիչներին խորհուրդ տվել, որպեսզի բռնցքամարտիկը մի քանի օր մնա իրենց հսկողության տակ: Ավելին, տեղեկություններ կան, որ Թեյլորի ստացած ուղեղի ցնցումն այնքան խորն է, որ բացառված չէ, թե նա այլեւս ի վիճակի չլինի շարունակել մասնակցությունը «Super Six» գերմրցաշարին: Իսկ Դիբելլան բժիշկների ասածին ավելացրել է, թե իր սանը նաեւ գիտակցության ժամանակավոր կորուստ է ունեցել: «Նա կարճ ընդմիջումներով մի քանի անգամ ինձ հարցնում էր, թե ո՞ր ռաունդում է նոկաուտի ենթարկվել»,- լրագրողներին ասել է Թեյլորի պրոումոթերը:
Ինքը՝ Թեյլորը, մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը հասցրել է մի քանի բառ ասել լրատվամիջոցներին։ «Ես գերազանց մազավիճակում էի, գուցե նաեւ՝ լավագույն: Բայց Արթուրը շատ է ուժեղ: Ես ընդունում եմ դա եւ արժանին մատուցում նրան»,- արձանագրել են լրագրողները:
Ինչ վերաբերում է Աբրահամին, մարտից հետո նա հայտարարել է. «Գերազանց մարտ էր եւ գերազանց հաղթանակ: Ես հենց այսպիսի հաղթանակի էի ձգտում: Ամբողջ 11 ռաունդ սպասում էի Թեյլորի պաշտպանությունում վրիպմանը: Եվ դա գտա 12-րդ ռաունդում: Կեցցե Ջերմենը: Նա ուժեղ տղա է: Բայց իմ դեմ որեւէ շանս չուներ: Ուզում էի նոկաուտով հաղթել: Սակայն առողջությանը վնասել՝ ոչ: Ուրախացա, որ նա գիտակցության եկավ եւ ոտքի կանգնեց: Նրան առողջություն եմ մաղթում»:
Աբրահամ-Թեյլոր մենամարտի մասին արտահայտվել են նաեւ աշխարհի գործող լավագույն բռնցքամարտիկներից մի քանիսը:
Կարլ Ֆրոխ: WBC վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն: Նա նույնպես ընդգրկված է այս գերմրցաշարի մասնակիցների ցուցակ եւ Աբրահամի ապագա մրցակիցներից է: Նույն օրը Ֆրոխը միավորներով պարտության է մատնել Անդրե Դիրրելին: «Ես սպասում էի Արթուրի հաղթանակին: Թեյլորին, ասես, աչքով են տվել: Նա, ինչպես ամիսներ առաջ ինձ, այսօր էլ նոկաուտի ենթարկվեց 12-րդ ռաունդում»:
Միկել Կեսլեր: WBA վարկածով նույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն: «Հիացած եմ Աբրահամով: Նա Թեյլորին մի քանի ռաունդում թողնում էր մոտենալ իրեն եւ այդ ժամանակ նրան, պարզապես՝ ջարդում: Ակնհայտ է, որ Արթուրի հարվածները հուժկու են»:
Հետաքրքիր է, թե մարտից հետո ի՞նչ է ասել գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Ջորջ Ֆորմանը, որը մի քանի օր առաջ կասկած չուներ, որ իր ամերիկացին մեծ առավելությամբ հաղթանակ է տոնելու Աբրահամի նկատմամբ:
Այսպիսով, Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում անցկացնելով իր 31-րդ մենամարտը՝ տարավ 31-րդ հաղթանակը եւ նոկաուտների թիվը հասցրեց 25-ի: «Super Six»-ի շրջանակներում Աբրահամը հաջորդ մենամարտն անցկացնելու է 2010 թվականի հունվարի 23-ին՝ ԱՄՆ-ում: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է Անդրե Դիրրելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել