Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆԸ՝ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ

Հոկտեմբեր 20,2009 00:00

Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում անցկացված
ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների անդրանիկ առաջնությունն ավարտվեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթարշավով:

Մինչեւ 85 կգ քաշային կարգը՝ մեր մարզիկների մասնակցության, նրանց արդյունքների եւ գրաված տեղերի մասին «Առավոտն» ամեն օր ընթերցողներին տեղեկացրել է: Մնում էին առաջնության եզրափակիչ՝ շաբաթ օրվա արդյունքները, երբ մրցահարթակ պետք է մտնեին 94 կգ քաշային Վարդան Դավթյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը (+105կգ):
Ցերեկվա մրցահերթում Վարդանը շարունակեց թիմակիցների սկսած գործը: Պոկում վարժությունում նա 160 կգ-ով ցույց տվեց երկրորդ արդյունքը, իսկ հրումում չունեցավ հավասարը՝ բարձրացնելով 199 կիլոգրամանոց ծանրաձողը: Սակայն երկամարտի 359 կգ-ով բարձրացավ պատվո պատվանդանի արծաթե աստիճանին:
Դրամատիկ ընթացք ունեցավ մարզաձեւում ամենահեղինակավոր՝ գերծանր քաշային ծանորդների պայքարը, որտեղ մեր հանրապետության մարզական դրոշի պատիվը պաշտպանում էր երիտասարդ, բայց տաղանդաշատ ու արդեն մի քանի հեղինակավոր մրցումներում իրեն գերազանց դրսեւորած Ռուբեն Ալեքսանյանը: Նա, որ իրենով լուրջ զբաղվելու դեպքում 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրական հեռանկարներ կարող է ունենալ, Վլադիսլավովոյում առաջին մրցաձեւում 181 կիոգրամով անմասն մնաց փոքր մեդալներից՝ գրավելով ընդամենը 4-րդ տեղը: Ամեն բան որոշվելու էր հրում ձեւում, որտեղ էլ Ռուբենը ցույց տվեց իր բացահայտ առավելությունը բոլոր մրցակիցների նկատմամբ: Նա իր պատվիրած մեկնարկային 227 կգ-ին մոտեցավ այն ժամանակ, երբ մյուսներն արդեն ավարտել էին պայքարը: Եվ ծանրությունը «քարացավ» նրա գլխավերեւում: Այս միակ մոտեցումն արդեն իսկ որոշեց մրցապայքարի ընդհանուր ելքը. Ալեքսանյանի 408 կգ-ն արդեն 1 կգ-ով ավելի էր ռուսաստանցի Դավիթ Կադանցեւի՝ մինչ այդ լավագույն 407 կիլոգրամից: Այսինքն, հայ ծանրորդը լրիվ իրավունք ուներ մնացած երկու մոտեցումներից հրաժարվել: Սակայն նա քաշն ավելացրեց եւս 8 կիլոգրամով ու կրկին այն պահեց գլխավերեւում եւ միայն եզրափակիչ մոտեցման ժամանակ չկարողացավ ֆիքսել նաեւ 241 կգ-ն: Այսպիսով, Ռուբեն Ալեքսանյանը երկամարտում ցույց տվեց 416 կիլոգրամ եւ հռչակվեց +105 կգ քաշային կարգում մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ չեմպիոն: Նրա «ոսկին» երկամարտում Հայաստանի երրորդ բարձրագույն նվաճումն էր Լեհաստանում:
Հայաստանի երիտասարդական հավաքականը Վլադիսլավովոյում բոլոր առումներով նվաճեց թիմային չեմպիոնի կոչումը եւ արժանացավ գլխավոր գավաթին:
Բոլոր մասնակիցների վաստակած միավորների հանրագումարով:
1. Հայաստան 587 միավոր
2. Ռուսաստան 578
3. Լեհաստան 538
Վաստակած ոսկե մեդալների ընդհանուր քանակով:
       ոսկե  արծաթե   բրոնզե
1.Հայաստան 7 6  3
2.Ռուսաստան 4 8  8
3.Լեհաստան 3 3  4

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել