Հայաստանում Trabson Sanat Tiyatrosu թատրոնի հյուրախաղերի չեղյալ հայտարարումը հանելուկ է մնացել թուրք ռեժիսորի համար: Ինչպես ռեժիսոր Նեջաթի Զենգինը պատմել է «Արմինֆոյին», հյուրախաղերը նախատեսված էին նախորդ տարվա նոյեմբերին՝ Վանաձորում: Պետք է ներկայացվեր Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսի բեմադրությունը: Ռեժիսորի ասելով, Հայաստանում թատրոնի հյուրախաղերի կազմակերպման գործում ներգրավված էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը: Նեջաթի Զենգինի պատմելով, հյուրախաղերը չեղյալ են հայտարարվել վերջին պահին: «Մեզ հեռախոսով հաղորդեցին, որ հյուրախաղերը չեղյալ են հայտարարվում Վանաձորի թատրոնում էներգամատակարարմանն առնչվող խնդիրների պատճառով»,- ասել է թուրք ռեժիսորը, խոստովանելով, որ ինքն անձամբ թերահավատորեն է վերաբերվում այդ վարկածին: Նեջաթի Զենգինը նաեւ նշել է, թե դեռ բացատրություն է ակնկալում հայկական կողմից` տեղի ունեցածի իրական պատճառն իմանալու համար: