Մանկապատանեկան ֆիլմերի փառատոն Երեւանում
Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոնի շրջանակներում «Նաիրի» եւ «Մոսկվա» կինոթատրոններում շարունակվում են ցուցադրությունները: Օրերս հայ հանդիսատեսի դատին ներկայացվեց թուրք ռեժիսոր Աթալայ Թաշդիքենի «Բոբոն» ֆիլմը: Այն ռեժիսորի առաջին փորձը չէր կինոասպարեզում: Երկար տարիներ գովազդի բնագավառում աշխատելով՝ նա նկարահանել է մոտ 300 գովազդային հոլովակ, ավելի ուշ՝ 1993-ին եւ 1996-ին՝ «Ճամբար N 5» գեղարվեստական եւ «Նույնիսկ արեւը չի ցանկանում հեռանալ» վավերագրական ֆիլմերը, իսկ «Բոբոն» (2009թ.) Թաշդիքենի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որի հիմքում իրական պատմություն է ընկած:
«Բոբոն» առաջին անգամ դիտել են Բեռլինի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմի դերակատարներն էին Էլիֆ Բուլբուլը, Մեթե Դոնմեզերը եւ Մեհմեթ Բուլբուլը: Նկարը երկու փոքրիկների՝ Այշեի եւ Ահմեդի մասին է, ովքեր մոր մահից հետո ծայրաստիճան աղքատության պայմաններում բնակվում են հիվանդ պապիկի հետ, քանի որ նրանց հայրը կնոջ մահից անմիջապես հետո կրկին ամուսնանում է: Թշվառ մանուկներն ապրում են հոր կարոտով ու մահացած մոր գերեզմանին գրեթե ամեն օր այցելություններով: «Ստամբուլի վաճառական» մականունով հայտնի առեւտրականը միակ մարդն է, ով կարեկցում է որբերին ու երբեմն նրանց ուրախացնում՝ քաղցրավենիքով կամ խաղալիքներով, իսկ ամբողջ գյուղը անտարբեր է որբերի հանդեպ: Հարազատ հոր անտարբերությանն ավելանում է բակի երեխաների ծաղրական վերաբերմունքը: Միակ հույսը Գերմանիայում բնակվող հորաքրոջ նամակն է. նա խոստանում է եղբոր երեխաներին ու իր հիվանդ հորը Գերմանիա տեղափոխել: Անցնում են ամիսներ, ու հորաքույրը նորից է գրում, թե նրանց՝ իր մոտ տեղափոխելն այնքան էլ հեշտ գործ չէ, առնվազն երկու տարի է պետք, որ գործը գլուխ գա: Հուսահատված պապը փորձում է յուրովի ելքեր փնտրել ու տեղի է տալիս հարեւանի առաջարկին՝ հանձնել թոռնուհուն մի հարուստ ընտանիքի, որտեղ փոքրիկը կաշխատի մեծահարուստների համար: Պապի համար էլ հեշտ չէր թոռնուհուց բաժանվելը, հրաժեշտից առաջ, արցունքն աչքերին պապը Այշեին է նվիրում մոր ականջօղերն ու վստահեցնում, որ կրկին հանդիպելու են, բաժանումը կարճ ժամանակով է լինելու: Իրականում Ահմեդը չէր էլ կասկածում, որ սիրելի քրոջը վերջին անգամ է տեսնելու:
Նշենք, որ «Բոբոն» ֆիլմը դիտելու եկած փոքրիկները բոլորովին չէին սպասում ֆիլմի նման ընթացքին ու տխուր ավարտին: «Բոբոն» դեռ չսկսված՝ հանդիսատես երեխաները քննարկում էին ֆիլմի սյուժեն: Հնչում էին կարծիքներ, որ այն սարսափ ֆիլմ է լինելու (ֆիլմի անվանումից էին նման ենթադրություններ անում): Բայց արդեն ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսը բավականին հուզված հեռացավ: Սկզբում ֆիլմը միայն թուրքերեն էր, ավելի ուշ տեխնիկական թերությունը հարթվեց. ինչ-որ մեկը կարդում էր հայերեն թարգմանությունը:
Բոլորովին այլ տրամադրություն էր «Մոսկվա» կինոթատրոնում «Արկածներ Դիկանկային մոտ գտնվող ագարակում» ֆիլմի պրեմիերայից հետո: Ռուս ռեժիսոր Նիկոլայ Դենիսովի հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմը նախքան ցուցադրվելը՝ հանդիսատեսին ներկայացավ հեղինակը: «Առաջին անգամ Հայաստանում գտնվելով, պետք է նշեմ, որ ինձ համար մեծ իրադարձություն է իմ ֆիլմը առաջինը հայ հանդիսատեսին ներկայացնելը, այն իմ մանկության շարունակությունն է: Մանկության օրերը հիշարժան ու թանկ են բոլորի համար»,- ասաց ռեժիսորը՝ կոչ անելով դահլիճի երեխաներին փայփայել իրենց երազները ու հավատալ դրանց իրականացմանը՝ խոստանալով ֆիլմի շարունակությունը Հայաստանում նկարահանել: Նախորդ տարի նկարահանված «Արկածներ Դիկանկային մոտ գտնվող ագարակում» ֆիլմի գլխավոր դերակատարներն էին Իլյա Մայերը, Օլեսյա Ժուրակովսկայան, Ադա Ռոգովցեւան: Ֆիլմը Բորկա Խոմյակովի մասին է, որը երազում է Միջերկրական ծովում նավարկելու եւ գանձ որոնելու մասին: Վիրտուալ աշխարհով ապրող Բորկան նույնիսկ դպրոցում մտովի գանձեր է որոնում: Ամառային արձակուրդներն Անթալիայում անցկացնելու հնարավորություններ ծնողները չունեն, Բորկայի քույրը պատրաստվում է ինստիտուտ ընդունվել եւ պետք է մասնավոր պարապի: Այդ պատճառով Բորկային ծնողներն ուղարկում են Ուկրաինա՝ հորաքրոջ մոտ, որը ապրում է Դիկանկային մոտ գտնվող Դյուեւկա գյուղում: Արկածները սկսվում են դեռեւս գնացքում, երբ նույն սենյակի ճամփորդ երիտասարդները երգում են, իսկ Բորկան երգով տարված՝ մտովի հասնում է գանձերի կղզի: Ագարակում տեղի են ունենում անհավանական արկածներ: Գյուղի երեխաների հետ ծանոթանալուց հետո՝ Բորկան նրանց հետ սկսում է գանձերի որոնումը: Բուրլյուկի եւ Օգնեշկայի սիրո մասին հյուսված գյուղական լեգենդի համաձայն, Բուրլյուկը գանձով լի արկղը թաղել է Օգնեշկայի գերեզմանի կողքին: Ամբողջ օրը գանձերի որոնման մասին մտածելով, երեխաները քնում ու միայն երազում են հայտնաբերում գանձերը: Բորկայի արձակուրդը աննախադեպ էր. ագարակում անցկացրած օրերը նա հաճախ է հիշում ու մտորում նոր գանձեր որոնելու մասին:
Հ. Գ. Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվավոր նախագահ Արմեն Մեդվեդեւի, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, մուլտիպլիկատոր, ռեժիսոր Էդուարդ Նազարովի, Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի նախագահ Նունե Մանուկյանի, փառատոնի գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովայի եւ փառատոնի մանկական ժյուրիի անդամ Ռոման Բադալյանի մամուլի ասուլիսը: