Ասում է ՀՊՖՆ տնօրեն Ռուզան Սիրունյանը
Վերջին տարիներին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երեւանը ողողվում է դասական երաժշտության աստղաբույլով՝ շնորհիվ ավանդական դարձած «21-ի հեռանկարներ», Երեւանյան միջազգային (այս տարի՝ 3-րդ), «Վերադարձի», «Ազգային պատկերասրահ» փառատոների:
«Առավոտը» հանդիպեց Երեւանյան 3-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչներից՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) տնօրեն Ռուզան Սիրունյանի հետ: Նշենք, որ սեպտեմբերի 11-ին մեկնարկած այս փառատոնը կավարտվի հոկտեմբերի 23-ին: Մինչ օրս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայացած համերգներին եւ նրանցում ելույթ ունեցած անվանի մենակատարների (ալտահարուհի Քիմ Քաշքաշյան, կլարնետահար Վոլֆգանգ Մայեր, դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գի, երգիչ Ջուզեպե Ջակոմինի եւ այլք) արվեստին «Առավոտն» արդեն անդրադարձել է: Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 22-ին եւ 23-ին փառատոնի շրջանակներում հանդես կգա նույնպես հայտնի անուն, ճապոնացի ջութակահար Դայշին Կաշիմոտոն՝ հայաստանցի երաժիշտների հետ:
«Առավոտը» ՀՊՖՆ-ի տնօրեն տիկին Սիրունյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է իրենց հաջողվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում հրավիրել նման խոշոր դեմքերի: «Մեծանուն արվեստագետների հետ այս փառատոնի մասնակցության պայմանավորվածություն ձեռք ենք բերել դեռ 2-3 տարի առաջ: Ճգնաժամը՝ ճգնաժամ, բայց ուրախությամբ ուզում եմ փաստել, որ առանց դասական երաժշտության երկրպագու հովանավորների, այդ թվում՝ Երեւանի կոնյակի գործարան, «Ագբա- Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «Հարավկովկասյան երկաթուղիներ», նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի դեսպանատների եւ այլոց, ինչպես նաեւ մշակույթի նախարարության աջակցության, կկանգնեինք լուրջ դժվարությունների առջեւ: Ընդհանրապես, աշխարհում գոյություն ունեցող փառատոներն է՛լ ավելի հեղինակություն են ձեռք բերում, երբ դրանք անցկացվում են պետական գործիչների կամ նրանց տիկինների հովանու ներքո: Իսկ այս փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո»,- հայտնեց մեր զրուցակիցը: Իսկ թե ինչո՞ւ դասական երաժշտության մի քանի փառատոն անցկացվում է նույն ժամանակահատվածում, Ռ. Սիրունյանն ասաց. «Իհարկե, ցանկալի կլիներ, որ փառատոների ժամանակացույցերը չհամընկնեին, բայց, օրինակ, մեր դեպքում, հրավիրված շուրջ 15 ճանաչված արվեստագետներին հարմար են հենց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները, մյուս կողմից՝ հետեւելով փառատոներին, միանշանակ կարող եմ ասել, որ յուրաքանչյուրն ունի արդեն իր ձեւավորված լսարանը: Շփվելով դասական երաժշտության երկրպագուների հետ, կարող եմ ասել, որ, իհարկե, դժվարությամբ, բայց նրանք կարողանում են ներկա գտնվել համարյա բոլոր փառատոնային համերգներին: Նշեմ, որ յուրաքանչյուր փառատոն ունի ե՛ւ իր առանձնահատկությունները, ե՛ւ խնդիրները»:
Հարցին, թե հաջորդ փառատոնի անցկացման առիթով մեծանուն ո՞ր երաժիշտների հետ են բանակցում, տիկին Սիրունյանը պատասխանեց. «Այս պահին հասկանալի պատճառով չեմ հայտնի նրանց անունները, սակայն, օրինակ, աշխարհահռչակ թավջութակահարուհի Նատալյա Գուտմանը, որն ավելի քան 20 տարի հետո Երեւանում բեմ բարձրացավ Երեւանյան փառատոնի շրջանակներում, ցանկություն հայտնեց հաջորդ տարի նույնպես լինել մեր հյուրը»:
Կարծիք հայտնեցինք, որ վերջին շրջանում «Ա. Խաչատրյան» համերգասրահը կարծես թե ծառայում է իր նպատակին՝ վերջապես այն տրամադրվում է հիմնականում դասական համերգների անցկացմանը: Ռ. Սիրունյանը ողջունելով այդ փաստը, ասաց, որ տարբեր շոու- ծրագրերի կազմակերպիչներն ու էստրադային երգիչների պրոդյուսերները այլեւս նպատակահարմար են գտնում Մարզահամերգային համալիրը: