Եվրոպական միությունը չպետք է ճնշումներ գործադրի Բելառուսի վրա՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ընտրության հարցում: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, երկուշաբթի այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա միջազգային հանրությանը կոչ է արել Մինսկի հետ հարաբերություններում նոր համակարգ կառուցել, իսկ եվրոպական դիվանագետներին՝ հետեւել, որ խոսքերի ու գործերի միջեւ հակասություններ չլինեն: «Մենք գտնվում ենք Բելառուսի հետ հարաբերությունների քաղաքականության հարցերով ԵՄ նիստի նախաշեմին: Ես ձեզ հաստատակամորեն խնդրում եմ. եթե դուք ելնելու ենք այն բանից, որ հիմա Բելառուսի եւ Լուկաշենկոյի վրա հնարավոր է սեղմել եւ նա կկատարի բոլոր պայմանները, որոնք ներկայացված են մեր ընդդիմության կողմից եւ փոխանցվել են Բրյուսելին, ապա ցանկացած երկրի վրա ճնշում գործադրելը անհեռանկարային է: Դուք պետք է հասկանաք, որ պետք չէ մեզ ԵՄ կամ Արեւելք, Ռուսաստան եւ այլ ընտրության առաջ կանգնեցնել: Մենք եվրոպացիներին կամ որեւէ այլ պետության դուր գալու համար քայլեր չենք անի»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ Մինսկում օտարերկրյա դիվանագետների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ: Լուկաշենկոն եվրոպացիներին կոչ է արել պատասխանատու լինել իրենց խոսքերի համար, իսկ Մինսկի կողմից պատրաստակամություն է հայտնել մոռանալ Եվրոպայի էգոիզմն ու հնում եղած վիրավորանքը: