Առաջիկայում նախատեսվում է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի այցը՝ Վրաստան: Այցի նախօրեին Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովը հայտարարել է, թե Վերշբոուի այցը կապված է Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջեւ այս տարվա ընթացքում կնքված Ռազմավարական համագործակցության մասին խարտիայի հետ: «Reuters»-ի մատուցմամբ, հիշյալ փաստաթղթում ձեւակերպված են երկու պետությունների միջեւ ժողովրդավարության ամրապնդման, պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության, առեւտրի եւ էներգետիկայի, երկու ժողովուրդների միջեւ շփումների խորացման եւ մշակութային փոխանակության ընդլայնման ոլորտներում համագործակցության հիմնական սկզբունքները: Թբիլիսիիում քչերն են կասկածում, որ Ալեքսանդր Վերշբոուի այցը արտակարգ կարեւորություն ունի, քանի որ այն նշանակում է Խարտիայի շրջանակներում ձեւավորված աշխատանքային խմբերի կոնկրետ աշխատանքի սկիզբ: