Ավելի քան 40 մարդ է զոհվել կիրակի օրը՝ Իրանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած ահաբեկչական ակտի արդյունքում: «Reuters»-ի փոխանցմամբ, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ծայրահեղականը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտ: Իրանական Պիշին քաղաքի Սիստան-Բելուջիստան գավառում զինվորականների եւ տեղի ցեղախմբերի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել են զինվորական ստորաբաժանման էլիտար գվարդիայի բարձրաստիճան մի քանի սպաներ եւ 29 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Պակիստանի եւ Աֆղանստանի հետ սահմանի վրա գտնվող անկայուն այդ տարածաշրջանը բնակեցված է աղքատ բնակչությամբ՝ հիմնականում մուսուլման սունիներով: Պայթյունի պատասխանատվությունն արդեն ստանձնել է սունիների «Ջունդոլլահ» (թարգմանաբար՝ «Աստծո զինվորներ») խմբավորումը: Իրանի իշխանությունները ծայրահեղականների կողմից իրականացված ահաբեկչական ակտին առնչություններ ունենալու մեջ մեղադրել են Միացյալ Նահանգներին եւ Մեծ Բրիտանիային, սակայն Վաշինգտոնը հերքել է իր հասցեին ուղղված այդ մեղադրանքները: