Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթություն՝ մեծերի համար

Հոկտեմբեր 20,2009 00:00

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, «DVV Ինթերնեյշնլ» գերմանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը եւ «Մեծահասակների կրթության ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ազդարարեցին մեծահասակների կրթության շաբաթի մեկնարկը, որը Հայաստանում նշվում է արդեն յոթերորդ անգամ: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՆ edu.am կայքէջից՝ Շաբաթի շրջանակում կկազմակերպվեն քննարկումներ հանրապետության երեք քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում եւ  Իջեւանում, քաղաքացիական կրթության մեջ դպրոցների, հասարակական կազմակերպությունների եւ հոգեւոր հաստատությունների դերի, ինչպես նաեւ  որակավորումների ազգային շրջանակի եւ մշակութային օջախները որպես ցկյանս ուսումնառության տարածքներ դիտարկելու խնդիրների վերաբերյալ:
Շաբաթվա մեկնարկին ներկա էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա իր ողջույնի խոսքում ասել է. «Ցկյանս կրթական համակարգը հայկական նորամուծություն չէ. այն արդեն կայացել է արեւմտյան երկրներում, եւ այստեղ մենք ընդօրինակելու եւ փոխառելու խնդիր ունենք»: Նախարարը նշեց, որ մեծահասակների կրթությունը նախեւառաջ լուծում է աղքատության եւ  գործազրկության կրճատման,  հասարակությանը եւ տնտեսությանը պիտանի լինելու խնդիրը, որովհետեւ միշտ չէ, որ ստացած կրթությունը համապատասխանում է տնտեսության պահանջներին: Հետեւաբար, տնտեսության եւ գիտության զարգացմանը զուգընթաց՝ պետք է ստեղծվեն հնարավորություններ, որպեսզի անգամ հիմնական մասնագիտական կրթություն ստանալուց հետո մեծահասակները հնարավորություն ունենան հավելյալ կրթվելու եւ համապատասխանելու աշխատաշուկայի նոր պահանջներին: «Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի, որ սովորելու համար երբեք ուշ չէ, առավել եւս՝ սովորելն ամոթ չէ: Հետեւաբար, անկախ տարիքից, զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից, յուրաքանչյուր մարդ գիտելիք ստանալու հնարավորություն պետք է ունենա. կրթության իրավունքը չունի տարիքային սահմանափակում»,- նշեց նախարարը:
Ա. Աշոտյանը ներկաներին տեղեկացրեց, որ վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել հասարակական կազմակերպությունների աջակցությամբ մշակված «ՀՀ-ում ցկյանս ուսումնառության հայեցակարգը», որից բխում են ռազմավարության եւ օրենսդրական նախաձեռնություններ մշակելու հետագա քայլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել