Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավոր պայմաններում կայացավ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 2009-2010 ուս.տարվա 1-ին կուրսեցիների եւ մագիստրատուրայի 1-ին կուրսեցիների ուսանողական տոմսերի եւ ստուգարքային գրքույկների հանձնման արարողությունը: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ արարողությունն անցավ բուհի շնորհալի ուսանողների մատուցած համերգային ծրագրի ուղեկցությամբ:
1-ին կուրսեցիները հատկապես տպավորված էին բարձր կուրսեցիների՝ բուհում ուսուցանվող տարբեր լեզուներով հնչած ողջույնի խոսքով: Անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին եւ գերմաներենին զուգահեռ հնչեցին նաեւ բուլղարերեն, չինարեն, հունարեն, արաբերեն, իտալերեն եւ իսպաներեն բարեմաղթանքներ: Ճիշտ է, ավելի ուշ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը զարմացավ, թե ինչու են բացակայել բուհում ուսուցանվող պորտուգալերեն, հոլանդերեն եւ ռումիներեն բարեողջույնները: Իսկ ինքն անձամբ նորելուկ բրյուսովցիներին մաղթեց սովորել, սովորել եւ սովորել… «Մի շատ հին ասացվածք կա՝ խելոքը ամբողջ կյանքում սովորում է, իսկ հիմարը՝ սովորեցնում…Սա, իհարկե, չի վերաբերվում մեր դասախոսներին,- ուսանողների բուռն ծիծաղի եւ ծափահարությունների ներքո ճշտեց պարոն Զոլյանը, հավելելով,- քանի որ մեր դասախոսները ոչ միայն սովորեցնում են, այլեւ անընդհատ սովորում, որովհետեւ նրանք ձեզ լեզուներ են սովորեցնում, իսկ լեզուն երբեք հնարավոր չէ մինչեւ վերջ սովորել, միշտ ինչ-որ նոր բան կարելի է գտնել, նոր բան իմանալ…»: Պարոն Զոլյանը կարեւորեց ուսանողական տոմսերի հանձնման օրը նրանով, որ դա առաջին փաստաթուղթն է, որ 16-17 տարեկան երիտասարդները ստանում են իրենց ջանքերի, իրենց ընտրության արդյունքում. «Որքան էլ ձեզ ձեր ծնողները կամ ծանոթները ասել, բացատրել էին, որ մեր համալսարանը աշխարհի ամենալավ համալսարանն է, մինչեւ դուք չորոշեիք, դուք ձեր ընտրությունը չկատարեիք, չէիք դառնա ԵՊԼՀ ուսանող, այնպես որ՝ սա ձեր ընտրության հավաստագիրը ստանալու օրն է»:
Ապա բուհի ուսանողները ներկայացրեցին նույնքան բազմազան համերգային ծրագիր՝ պարեցին սիրտակի, ֆլամենկո, «չա-չա-չա», հայկական ժողովրդական պարեր, երգեցին ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն… բրյուսովցիների մեջ անգամ սպորտային ակրոբատներ կային, որոնք նույնպես ցուցադրեցին իրենց շնորհքը:
Բնականաբար, 1-ին կուրսեցիների համար խիստ օգտակար էր նաեւ նույն բուհի ուսանողների պատրաստած «Բրյուսովցիների 10 պատվիրանները», որոնց մեջ հնչեցին, ասենք, այսպիսիք. «Աղջիկներ, սիրեք եւ հարգեք մեր բուհի փոքրամասնությանը՝ տղաներին», կամ «Տղաներ, մենք քիչ ենք, բայց մեզ տղա են ասում», «Աղջիկներ, չկարծեք, որ ձեր գեղեցիկ արտաքինը բավարար է առանց անցաթղթի բուհ մուտք գործելու համար», կամ «Տղաներ, մի մոռացեք, որ Բրյուսովը նաեւ սովորելու համար է…», «Ճանաչեք մեր բուհի բոլոր դեկաններին, դեկանների տեղակալներին, ամբիոնների վարիչներին, որպեսզի իմանաք, թե ով է ձեզ նկատողություն անում դասամիջոցներին» եւ այլն, եւ այլն…
Եվ վերջապես եկավ սպասված պահը՝ բուհի 3 ֆակուլտետների դեկանները՝ Գ.Մարկոսյանը, Հ. Ճանճապանյանը եւ Լ. Ֆլջյանը եւ մագիստրատուրայի բաժնի ղեկավար Հ. Ավագյանը բակալավրիատի եւ մագիստրատուրայի 1-ին կուրսեցիներին հանձնեցին գրքույկները եւ տոմսերը: Ամենավերջում հնչեց ուսանողների միջազգային հիմնը, որի հնչյունների ներքո դահլիճ բերվեց ԵՊԼՀ-ի դրոշը, եւ 1-ին կուրսեցիներից մեկը կարդաց Բրյուսովի ուսանողների երդման տեքստը, որը մնացած ուսանողները լսեցին հոտնկայս: